Էլ ինչի՞ համար եմ փաստաբանությամբ զբաղվում, եթե չպետք է կարողանամ հասնել արդարության

Էլ ինչի՞ համար եմ փաստաբանությամբ զբաղվում, եթե չպետք է կարողանամ հասնել արդարության

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի կողմից ներկայացվող թեկնածուների ցանկը հրապարակվել է: Ըստ ԲԴԽ-ի՝ հարցազրույցի փուլ են անցել փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք աղմկոտ գործերով փաստաբան է եղել, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ: Նաեւ Լիզա Գրիգորյանը, ով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, և իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։

Թեմայի շուրջ զրուցել ենք փաստաբան Հայկ Ալումյանի հետ:

- Պարոն Ալումյան, տեղեկություններ կան, որ օրվա իշխանության` ՄԻԵԴ դատավորի «սրտի» թեկնածուն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է: Ի՞նչ երաշխիքներ կան, որ այս ընտրությունը օբյեկտիվ է լինելու և արդար:

- Ես չգիտեմ, թե ում է նախընտրում այս իշխանությունը, բայց եթե ես, փաստաբան լինելով, չկարողանամ այնպես անել, որ իմ նկատմամբ արդար մոտեցում դրսևորվի, ապա էլ ինչի՞ մասին է խոսքը:

- Արդար ասելով ի՞նչ նկատի ունեք:

- Գիտեք` արդար ասելով ես նկատի չունեմ, որ անպայման ես պետք է հաղթեմ, չէ: Բայց եթե պարտվեմ, պետք է արդարացի ձևով պարտվեմ, իսկ եթե հաղթեմ` կրկին արդարացի ձևով: Ես ինչի՞ համար եմ էլ փաստաբանությամբ զբաղվում, եթե այդ առումով չկարողանամ հասնել արդարության:

- Ի՞նչ եք կարծում` ունե՞ք հաղթելու տարբերակ:

- Եթե լավ պատասխանեցի, ուրեմն լավ միավոր կստանամ, մնացածը հետաքրքիր էլ չէ: Ես Ձեզ ասեմ, որ Վահե Գրիգորյանը շատ լավ թեկնածու է ՄԻԵԴ-ի դատավորի համար:

- Այդ դեպքում, եթե Վահե Գրիգորյանն, այսպես ասած, հաղթի, ինչպե՞ս եք արդարն ու անարդարը որոշելու:

- Դե եթե տեսնեմ, որ հաղթողը լավից էլ ավելի լավ է պատասխանել, կառաջնորդվեմ այդ սկզբունքով:

- Բայց գուցե Դուք էլ գերազանց պատասխանեք, մյուսն էլ` ո՞րն է դրա չափման միավորն, այսպես ասած:

- Ոչ թե գուցե, այլ հենց այդպես էլ լինելու է, բայց ես կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկն ինձ հաղթի, ուրեմն ինձանից ավելի լավ է պատասխանել: Ինձ վրա վստահ եմ ես, որ, փաստաբան լինելով, գոնե իմ հանդեպ պետք է որ կարողանամ իմ նկատմամբ արդար մոտեցում պահանջել:

- Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել այս պրոցեսին: Նշում եք, որ շատ խելացի, արժանի հակառակորդներ ունեք:

- Որոշեցի, որովհետև ես կարծում եմ, որ մարդու իրավունքների համար անելիքներ ունեմ:

- Դուք ընդդիմադիր գործիչների գործերն եք դատարանում պաշտպանել: Եղել եք երկրորդ նախագահ Քոչարյանի փաստաբանը: Այս հանգամանքը չի՞ խանգարի Ձեզ: Չէ որ իշխանությունները կողմնակալ վերաբերմունք ունեն անգամ ընդդիմադիրների փաստաբանների հանդեպ:

- Մի բան ասեմ, սա անպայման հաշվի թող առնեն բոլորը: Ընդդիմադիրների փաստաբան եմ եղել բոլոր իշխանությունների ժամանակ: Նույն Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ես ընդդիմադիրներին եմ պաշտպանել, ի թիվս այլոց: Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին` նույնը: Այսօր էլ ` Նիկոլ Փաշինյանի իշխանավարման շրջանում նրան ընդդիմացողների փաստաբանությամբ եմ զբաղվում: Ի՞նչ կա այդտեղ: Մի պարզ պատճառով եմ ընդդիմադիրներին պաշտպանում` քաղաքական ճնշումներ իրականացնողն իշխանությունն է, տվյալ պահի ընդդիմադիրների նկատմամբ: Ես լինելով փաստաբան փորձում եմ մարդկանց պաշտպանել քաղաքական ճնշումներից: Մի խոսքով` ապրիլի 4-ին և 5-ին կլինի որոշումը, պարզ կլինի:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 3 թեկնածուի անուն է ներկայացնելու, որից մեկին ընտրելու է ՄԻԵԴ-ը: