Վտանգված հայագիտության եւ նետահարվող հայկական ոգու մասին

Վտանգված հայագիտության եւ նետահարվող հայկական ոգու մասին

Լրագրողի խոհեր
 

Երբեւէ չէի մտածել, որ ցանկություն կունենամ Հայաստանը համեմատել Քաթարի հետ։ Չէի մտածել, քանի դեռ չէի ընթերցել մանկավարժության նվիրյալ, գրականագետ Աելիտա Դոլուխանյանի՝ այդ երկրի բարքերին նվիրված հրապարակումը («Գրական թերթ», 31․07․2020թ․ թիվ 27/3480), ու նաեւ` հոգիս չէր տագնապել ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից «Գրականություն եւ հայոց լեզու» առարկաների վերաբերյալ կատարվող, իբր թե բարեփոխումների նախագծից եւ «Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելու մտադրությունից (դեռ լավ է, որ բոլորովին վերջերս բարի լուր ավետեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը․ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան նոր ուսումնական տարում կուսուցանվի, իսկ հետո՞․․․)։ 

․․․Քաթարը տարածքով Հայաստանից շատ փոքր է, բնակչության թիվը՝ 2․6 մլն, որից քաղաքաբնակներ են ընդամենը 312 հազարը կամ երկրի բնակչության 12 տոկոսը։ Ուշադրություն պիտի դարձնել այն հանգամանքին, որ այս երկիրն անկախություն ձեռք է բերել միայն 1971թ․։ Երկրի մայրաքաղաք Դոհան երկնաքերերի, բազմապիսի հանգստավայրերի, թանգարանների, շքեղաշուք վայրերի ու շինությունների քաղաք է։ Ազգային թանգարանում երկրի շեյխի ասույթին՝ Քաթարում պետք է առաջին հերթին զարգացնել գիտությունը, կրթությունը, մշակույթը եւ սպորտը, կարձագանքեին շատերը։ Հակառակը չեն ասել ո՛չ Հայաստանի նախկին իշխանությունները, ո՛չ էլ ներկայիս վարչապետն ու նրա ղեկավարած կառավարությունը։ Բայց․․․

Բայց հանդուրժում են, իսկ գուցե նաեւ՝ ուղղորդում, առնվազն արդարացնում են հայագիտությանն ուղղված փաստացի վտանգներն ուղիղ այնպես, ինչպես վարչապետն արդարացնում է բարձրաստիճան պաշտոնյաների պարբերաբար պարգեւատրումների փաստերը։
․․․Կանանց մեծ մասը Քաթարում դեռեւս սեւ չադրաներով է, նրանք իրավունք չունեն տղամարդկանց հետ երթեւեկել մետրոյի նույն վագոնում։ Քաղաքակիրթ հայերի համար առնվազն զարմանալի է։ Կարծում եմ՝ նրանք էլ մի օր կհասկանան, որ կինը տղամարդուն հավասար էակ է։ Բայց հավասարությունն ամենեւին այն չէ, որ տրանսգենդերը բարձրանա Ազգային ժողովի ամբիոն, ֆիլմ նվիրվի սեռափոխ ծանրամարտիկին (ներող եղեք, Յուրի Վարդանյան եւ․․․) կամ ընդդիմության բացակայությամբ կոնվենցիաներ վավերացվեն, ու «թագադրեն» սորոսական Լարիսա Մինասյանին եւ մյուսներին (մի այլ դեպքում էլ ընդդիմանալով ծերուկ Սորոսին՝ նույն ջանասիրությամբ քարկոծեն նրանց)։ 

Տագնապում եմ՝ համավարակի իրավիճակում մեզ օգնո՞ւմ են արդյոք դիմակները, դե, մահը կա ու կա․․․ Խորհում եմ նաեւ, որ երբ չկային «Սեռական դաստիարակություն» առարկան եւ փոքրերին հասցեագրվող նկարազարդ գրքույկները, ումի՞ց էին սովորում բնական սովորույթները կամ թե ասեղ թելելը, ճաշ պատրաստելը․․․ 

Լիովին կիսում եմ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի անվստահությունը գրականության չափորոշիչները մշակող աշխատանքային խմբի նկատմամբ, նաեւ ներկայացվող հիմնավորումների, տագնապում եմ պատմագետների հետ, ովքեր մտահոգ են հայ ժողովրդի պատմության ուսուցմանն ուղղված վտանգով։ Դեռ խորհրդային տարիներին, երբ աշխատում էի Թումանյանի ժողկրթբաժնի տեսուչ, մասնակցել եմ դպրոցական ծրագրերից Գաբրիել Սունդուկյանին հանելու շուրջ ծավալված բանավեճին, եւ այսօր էլ որպես զավեշտ է ականջիս հասնում այն ժամանակների լեզվով ասած՝ վերեւներից ստացած «․․․ քանի որ Պեպոյի լեզուն բարդ է» պատասխանը։ Ես մնում եմ նույն կարծիքին, որ Պեպոն հիմա էլ, հնում էլ նույնն է։ Պեպոներն ու զիմզիմովներն այսօր էլ մեր կողքին են, միշտ պարզ ու ըմբռնելի։ Մովսես Խորենացին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը եւ էլի շատ երեւելիներ մեր էությունն են, մեզ հայ պահող սերմնացանները եւ գրական մշակույթի խորհրդանիշները։ Գրականությունն առանց միջնադարի նույնն է, թե ծառը՝ առանց արմատի։

Հին ու նոր Հայաստան չի կարող լինել, կա մեկ Հայաստան՝ իր դարավոր պատմությամբ․ Նարեկացիով, Խորենացիով, Մոնթե Մելքոնյանով, Տիգրան Պետրոսյանով, Ռոբերտ Աբաջյանով, Իսրայել Հակոբկոխյանով, Ռոման Ամոյանով, Քրք Քրքորյանով, Արթուր Ալեքսանյանով, Սվետլանա Նավասարդյանով․․․ Որքան էլ նետահարվի հայոց ոգին՝ Հայկ Նահապետից սերնդեսերունդ մեզ հասած ոգին, որ գոտեպնդված է անմահ Մովսես Գորգիսյանի «Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու» խոսք-պատգամով, այն մնալու է աննկուն ու անսասան։ Վաղը ուրիշ Հայաստան չի գա։ 
Գորգիսյանը (անշուշտ, ամեն մի հայ) ունի իր երազանքի երկիրը, նոր դեմքով ու նոր արժեւորմամբ։ 
Վերջում ուզում եմ ավելացնել, որ նպատակս ամենեւին իշխանությանը քննադատելը չէ։ Քննադատության պակաս կարծե թե չկա էլ՝ շատ դեպքերում տեղին, մեկ-մեկ էլ՝ անտեղի։

Հիմա շարունակում ենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ, արտակարգ դրության պայմաններում կամ թե առանց դրա։ Պարզապես ցանկանում եմ, որ չվտանգվեն հայագիտությունը եւ հայոց ոգին։ Դասերը կրթօջախներում սկսվում են․․․ Ազգովի պարտավոր ենք ավելացնել ազգային ձգտումը՝ առավել հաջողությունների հասնելու համար, եւ ամեն օր արթնանալ Հայաստանով հպարտ լինելու, հայրենիքին նվիրվելու մղումով։ Դիմակները գուցե օգնում են պաշտպանվելու կորոնավիրուսից, բայց նաեւ ծածկում են մեր դեմքը, մեր ժպիտն ու տառապանքը։ Երբ որ ազատվենք դիմակից, թող ազատվենք ժպտալու հնարավորությամբ ու ցանկությամբ, պետության, իշխանության նկատմամբ հավատով ու վստահությամբ ու մեր տագնապները թոթափած։ Իսկ դրա համար կոչեր, դաջվածքներ, գրառումներ շապիկներին ու գլխարկներին պետք չեն։ Ազգին նվիրվել է պետք, գործել է պետք, գործել․․․

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ