Նիկոլի դեպքում նման ծավալի աշխատանք դժվար թե կատարվի

Նիկոլի դեպքում նման ծավալի աշխատանք դժվար թե կատարվի

Ուղիղ 20 տարի առաջ՝ երբ Վրաստանում ծավալվեց «Վարդերի» հեղափոխությունը, նախանձն էր պատել ինձ և ինձ նման հայաստանյան շատ ընդդիմադիրներին: Իսկ երբ մեկ-երկու տարում Սահակաշվիլու շնորհիվ ահագին դրական փոփոխություններ տեղի ունեցան՝ նախանձը վերածվեց հակաէյֆորիկ տրամադրության: Ու երբ մի քանի տարի անց Թբիլիսիում կամ այլ վայրում շփվում էի վրացի գործընկերների հետ՝ զարմանում էի Միխեիլին քննադատելու և նույնիսկ չընդունելու՝ նրանց տրամադրվածության վրա: 
Պետք է մեզ հասներ Սահակաշվիլուն ընդդիմադիր ուժերի և անձանց նկատմամբ ճնշումների վերաբերյալ տեղեկատվությունը, որպեսզի հասկանայի (հասկանայինք), որ հարևան ժողովրդավարությունում ինչ-որ բան, այնուամենայնիվ, այնպես չէ: Եվ գիտակցեինք, որ ժողովրդավարություն կոչված երևույթը կարճ տարածության վազք չէ: Եվ եթե մի փոքր ավելի խոր մտածեինք, ապա կընկալեինք, որ նույնը սպասվելու է նաև մեզ: Եթե մենք կրկնեինք այն ուղին, որով անցան վրացիերը: Բայց մեզ ու հատկապես տողերիս հեղինակին թվում էր, թե մեր ժոովուրդն ավելի խելացի է ու հաստատ կխուսափի այն խութերից ու խոչընդոտներից, որ ծառացել էին վրացական ժողովրդավարության առջև:

Չգիտեինք, որ հեղափոխական խաղերի մեջ մեզ ավելի դաժան ճակատագիր է սպասվում: Որովհետև եթե Վրաստանում այն դրսևորվեց որպես զուտ տարածքային կորուստ, ապա դրանից բացի մեզ բաժին հասավ նաև հասարակության պառակտվածությունը: Այն դրսևորվեց գործող իշխանության ու նախկինների, հայամետների ու թրքասերների, հայրենասեր ու հայրենիքի զգացողությունից բացարձակ զուրկ զանգվածների, արևմտամետ ռուսատյացների ու ռուսական կողմնորոշման կողմնակիցների և այլ ձևերում: Պառակտվածությանը գումարվեցին մարդկային հսկայական կորուստներն և թշնամու կողմից մեր ազգային արժանապատվությանը հասցված ստորացումներին գործող իշխանության չդիմակայելը: 

Սահակաշվիլու հակառուսականությունը պատճառ հանդիսացավ 2008 թվականի օգոստոսյան հնգօրյա պատերազմի ծագմանն ու դրանում Վրաստանի խայտառակ պարտությանը: Ինչն, ի վերջո, հանգեցրեց նրա հիմնադրած կուսակցության պարտությանը 2012-ի խորհրդարանական ընտրությունում: Եվ նախքան իր նախագահության ժամկետը լրանալը՝ Վրաստանը լքելուն, իսկ 2021-ին Վրաստան վերադառնալու պես՝ ձերբակալվելուն: Սակայն նոր իշխանության պարագայում հակառուսականությունն աստիճանաբար մղվեց հետին պլան: Ինչը թույլ տվեց հօգուտ Վրաստանի վերսկսել երկու երկների միջև գործնական շփումները և տնտեսական կապերը: Եվ վրաց-ռուսական տնտեսական համագործակցությունը հասավ մի այնպիսի մակարդակի, որ այդ երկրի իշխանությունը չմասնակցեց Արևմուտքի կողմից նախաձեռնված հակառուսական պատժամիջոցներին: Չնայած դրան՝ գործող իշխանությունն աստիճանաբար մոտեցնում է իր երկիրը Եվրամիություն ընդունվելու բաղձալի նպատակին:

Եվ այստեղ հանդես է գալիս երբեմնի մեր հերոսը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին խորհուրդներ տալով: «Ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել Հայաստանի վարչապետի համար։ Հարգելի Նիկոլ՝ փախիր, փախիր արագ, առանց ետ նայելու՝ ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։ Բայց կարևորը հեռու փախիր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ և հայոց պետականությունը»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Խորհուրդ տվողը չի գիտակցել, որ Ռուսաստանից փախչելն, ի վերջո, հանգեցրեց իր հայտնվելուն բանտում: Էլ չասած դրանից տարիներ առաջ իր երկրի տարածքային կորուստների մասին: Ընդհանրապես ընդունված է, որ խորհուրդ տալու իրավունք ունի ոչ թե անհաջողակ մեկը, այլ հաջողակ մարդը: Իսկ անհաջողակը, եթե խորհուրդ տալու անհաղթահարելի ցանկություն ունի, ապա իր կողմից հարգված անձին պետք է խորհուրդ տա չկրկնելու իր սխալները: Բայց Միխեիլ Սահակաշվիլու դեպքում, ինչպես երևում է, չգրված այս կանոնը չի գործում: Ինչ մնում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ապա դա նաև Նիկոլի երազանքն է:

Սակայն վտանգն այն է, որ նախքան դրանց անդամակցելը Նիկոլի ղեկավարած Հայաստանը կարող է ոչ թե փրվկել, այլ ընդհակառակը, վերանալ որպես պետություն: Ինչը, դժբախտաբար, աստիճանաբար կյանքի է կոչվում մեր աչքերի առաջ:
Որպես վերջաբան ներկայացնեմ մեկ այլ ռուսատյաց ղեկավարի՝ Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկու, վերաբերյալ ամերիկյան «dcweekly.org» կայքում հրապարակված նյութը: Ըստ որի, ԱՄՆ-ում արդեն պատրաստվում են ընդունել Զելենսկուն և նրա ընտանիքի անդամներին՝ երբ վերջինս լքի Ուկրաինան: Ինչը, բնականաբար, արդեն սպասվում է արևելյան ճակատում ռուսական առաջխաղացման և հարավայինում ուկրաինական «կոնտրնաստուպի» տապալումից հետո: Որոշվել է, որ Զելենսկիները կստանան ամերիկյան քաղաքացիություն, նրանց կհատկացվի 20 միլիոն դոլարանոց առանձնատուն Ֆլորիդայում: Նրանց պահպանության համար գաղտնի ծառայության բազմաթիվ գործակալ  են ընդգրկվել այդ աշխատանքում: Այս տեղեկատվությունը տարածվել է դրանցից մեկի կամ մեկ այլ գաղտնի ծառայության գործակալի միջոցով: 
Երևույթն ինքնին բացառիկ չէ՝ իրենց երկրներում լուրջ խնդիրներ ունեցող նախկին պաշտոնյանների վերջնական հանգրվանը կա՛մ Արևմուտքն է (հատկապես ԱՄՆ-ը) և կա՛մ Ռուսաստանը: Օրինակ Սահակաշվիլին՝ երբ 2013 թվականի աշնանը լքեց Վրաստանը, ինչն աչքիս սպասվում է նաև «մեր» Փաշինայնին: Ի դեպ, վերը նշված կայքի հոդվածի վերնագիրը շեշտում է հենց Զելենսկուն  ընդունելու նախապատրաստական աշխատանքների ծավալն ու արժեքը: Ահա այն. «Զելենսկու ապաստանի համար ԱՄՆ աննախադեպ գործողությունը զարմանք է հարուցում»: Կարծում եմ, որ Նիկոլի դեպքում նման ծավալի աշխատանք դժվար թե կատարվի: