Ալիևը խաղաղություն չի ուզում, բայց մենք անկախ ամեն ինչից գնալու ենք խաղաղության օրակարգով 

Ալիևը խաղաղություն չի ուզում, բայց մենք անկախ ամեն ինչից գնալու ենք խաղաղության օրակարգով 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ 2023 թվականի ամփոփիչ ասուլիսը տվեց։ Թեեւ հիմնականում հայտնի մտքեր արտահայտեց եւ լրագրողներին էլ երկրորդ հարց հնչեցնելու կամ պատասխանից նոր հարց ձեւակերպելու հնարավորություն տրված չէր, իսկ ինքը՝ Միրզոյանը զերծ չմնաց լրագրողների հարցերին որակումներ տալու եւ «թիրախավորելու» գայթակղությունից, այնուամենայնիվ որոշ մանրամասների տեղեկացանք։ 

Եվ այսպես, ինչ կարևոր հայտարարություններ արեց ԱԳ նախարարն իր ասուլիսի ժամանակ։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, նա անդրադարձավ Ալիևի վերջին հարցազրույցին՝ կրկնելով Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը՝ դա մեծ հարված էր խաղաղության օրակարգին։ Ինչ խոսք, զարմանալի է, որ միայն Ալիևի վերջին հարցազրույցից հետո է ՀՀ իշխանությունը ստիպված խոստովանում, որ Ալիևը չի ուզում երկխոսության գնալ հայկական կողմի հետ։ Միրզոյանին մտահոգում է այն, որ Ալիևը խոսում է այն սահմանների մասին, որոնք իրենք են ուզում գծել։ Միրզոյանի մյուս պարզաբանումները ևս եթե ամփոփենք, ապա Ալիևն իր վերջին հարցազրույցի ժամանակ հնչեցրած բոլոր հայտարարություններով պարզապես «ցաքուցրիվ» է արել ՀՀ իշխանությունների խաղաղության օրակարգը։ Նույնիսկ Միրզոյանն ակամայից արձանագրեց դա՝ իր խոսքում ասելով խաղաղության՝ այսպես կոչված պայմանագիր։ 

Բայց Միրզոյանը շարունակեց խաղաղության հաստատմանը եւ մեր հակառակորդին ուղղված սիրաշահումների տակտիկան՝ նա հայտարարեց. հնարավոր է կրկին Ադրբեջանին հանձնեն ականապատված տարածքների քարտեզներ, այս անգամ արդեն միջազգային միջնորդ կողմի մասնակցությամբ, որպեսզի Ադրբեջանը «չկարողանա» հայտարարություններ անել այն մասին, որ հայկական կողմի տրամադրած քարտեզներն այդքան էլ ճշգրիտ չեն։ 

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, Միրզոյանը նշեց, որ այդ աշխատանքները շարունակվում են, սակայն կոնկրետ քարտեզով տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասով դեռևս վերջնական հայտարարի չեն եկել։ «Սահմանազատման ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվել են. հուլիսին, նոյեմբերին տեղի են ունեցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համապատասխան հանձնաժողովների հանդիպումները. հնարավոր է եղել համաձայնեցնել աշխատակարգը»,-ասաց ԱԳ նախարարը։ Հետաքրքիր էր նաև այն, որ Միրզոյանի խոսքից հասկանալի դարձավ մի բան՝ հայկական կողմը փորձում է միջնորդներ կամ երաշխավորներ գտնել՝ Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու համար, սակայն ապարդյուն։ Կարծես աշխարհաքաղաքական ոչ մի կենտրոն չի ուզում «անցավ գլուխը դնել ցավի» տակ։ Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Միրզոյանը հաստատեց՝ հիմնականում հայ-ադրբեջանական շփումները ուղիղ են։ 

Անդրադարձ եղավ նաև նոյեմբերի 9-ի մասով արված հայտարարություններին, թե ռուսական, թե ադրբեջանական կողմերից։ Միրզոյանը շեշտեց, որ չի կարող բարձրացվել մաքսային վարչարարության չենթարկվող, առանց անցակետերի անցնող մեքենաների կամ բեռնատարների երթեևեկության հարցը, այն էլ երրորդ պետության՝ ՌԴ զինուժի միջոցով՝ դա հակասում է ՀՀ սուվերենությանը և հենց դա նշանակում է միջանցք։ Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման կետ չկա ու չեն կարող երկու կողմերն այդ կետին հղում անել, երբ մյուս բոլոր կետերում ձախողել են։ Բայց, ցավոք սրտի, չխոսեց այն մասին, թե ինչու և ինչպես հասանք այս օրվան։ 

«Հրապարակը» Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ նոր դաշնակիցներ գտնելու փնտրտուքներն ո՞ւր են հասել, չէ որ 2020 թվականից սկսած իրենք հայտարարում են, որ աշխատում են այդ ուղղությամբ, ինչին վերջինս պատասխանեց, որ դաշնակիցներ փնտրել պետք է միշտ ու անընդհատ, իսկ բովանդակային իմաստով խոսեց միայն Իրանի հետ ոչ ֆորմալ հարաբերությունների զարգացման մասին։ Իսկ երբ հարցրինք՝ բացի հայտարարություններից, գետնի վրա ի՞նչ արդյունք ունենք, Միրզոյանն ասաց․«Փորձը ցույց տվեց, որ ոչ միայն հայտարարությունները, այլև գրված, ստորագրված դաշնակցային պարտավորությունները չեն գործում և այս ֆոնին գուցե հայտարարություններն ավելի գործուն են լինում»։ 

Միրզոյանի հռետորիկայում գերիշխում էր հակառուսականությունը. նա նույնիսկ հորդոր հնչեցրեց ուղղված իր գործընկեր Լավրովին ու ռուս դիվանագետներին։ Հետաքրքիր է, որ Միրզոյանը Եվրամիության կողմից ուղարկված դիտորդներով պայմանավորում է մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացումը, չնայած թե ինչպես են Ադրբեջանին ՀՀ-ում արված դիտարկումներից տեղեկություն փոխանցող եվրոպացի դիտորդները նպաստելու խաղաղությանը՝ հարցական է։ Դեռևս վառ են հիշողությունները Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածքներից թշնամու ռազմական ագրեսիայի արդյունքում կորսված տարածքների մասին եւ թե ինչպես այդ ագրեսիայից առաջ այնտեղից շատ արագ հեռացան եվրոպացի դիտորդները։ 

Նախարարը հիշեց նաեւ նաև հայելային հետքաշման, սպառազինությունների նկատմամբ փոխադարձ հսկողության մասին առաջարկները, որոնք ոմանք աբսուրդի ժանրին են դասում։ Մանավանդ հընթացս Միրզոյանը խոսում էր նաեւ ադրբեջանական կողմի հռետորիկայի մասին, որը հակասում է իրենց հայտարարած գծին. Մի կողմից Ադրբեջանւ խոսում է պատերազմ չանելու, բանակցություններով հարցերը կարգավորելու եւ անշեղորեն խաղաղության օրակարգը պահելու մասին, մյուս կողմից հայկական բնակավայրերին ադրբեջանական անուններ է տալիս եւ խոսում Արեւմտյան Ադրբեջանի մասին։ 

Ասուլիսի վերջում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Միրզոյանը ՔՊ լավագույն ավանդույթների համաձայն՝ հիշեց նախկիններին և ժողովրդից թաքուն բանակցությունների գործելաոճը, հավանաբար մոռանալով, որ սեփական ժողովրդից թաքուն բանակցություններ անելու հարցում իրենց հավասարը չկա։ Ու մինչ Միրզոյանը խոսում է միջազգային հանրության կողմից անհրաժեշտ ճնշումների, միջազգային իրավունքի ու վերպետական կառույցների մասին, աչքի առաջ են գալիս Հաագայի դատարանի վճիռը, միջազգային հանրության դատապարտող հայտարարություններն ու նույն Ալիևի պատասխանը, որ ինքը չի ճանաչում ոչ մի միջազգային իրավունք կամ կազմակերպություն, իրավունքը ուժեղինն է։ Արդյունքում ունենք հայաթափված Արցախ, բռնի տեղահանված արցախահայություն եւ մեծ վտանգներ՝ կախված հայ պետականության գլխին։