Շեշտերը ճիշտ դնելն անհրաժեշտություն է

Շեշտերը ճիշտ դնելն անհրաժեշտություն է

Շատ բան է սխալ այս երկրում: Բայց ամենամեծ սխալը ճիշտ նպատակներ չդնելն ու շեշտադրումները ճիշտ անել չսովորելն է: Այդ պրիմիտիվ բանը չսովորելն իրեն զգացնել է տալիս ներհասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Դա կա այն ժամանակ, երբ իշխանության նկատմամբ ընդդիմությունն է իր վերաբերմունքը ճշտում: Այն առկա է նաեւ այն ժամանակ, երբ իշխանությունն է ընդդիմության հանդեպ ունեցած իր վերաբերմունքը հստակեցնում:
Տեսեք` ոչ միայն այսօրվա, այլեւ մեր երկրի բոլոր ընդդիմություններն էլ երկրի իշխանությունների հետ հարաբերվելիս իրենց առաջին ու միակ նպատակը համարել են իշխանափոխությունը: Չի եղել այնպես, որ նրանք մտածեն այն մասին, որ իշխանությունների հետ հնարավոր է նաեւ այնպիսի հարաբերություններ ունենալ, որ ամենակարեւոր հարցը նրանց իշխանությունից հեռացնելու հարցը չլինի:

Այնինչ պետք էր, որ ընդդիմությունն այդպես մտածեր՝ հենց այդ ճանապարհով գնար, որպեսզի կարողանար իշխանության նկատմամբ իր վերաբերմունքում կարեւորեր ոչ միայն իշխանափոխությունը, ոչ միայն նրանց իշխանությունից հեռացնելը, այլ նաեւ հնարավոր համարեր իշխանությանը վերափոխելու, նրան ավելի պետական ու ավելի ազգային դարձնելու ճանապարհը:

Նույնկերպ են վարվել նաեւ երկրի բոլոր ժամանակների իշխանությունները: Նրանք երբ ընդդիմության նկատմամբ իրենց վերաբերմունքն են արտահայտել, ուղղակի չեն հասկացել, որ ընդդիմության գործողություններին ու քննադատություններին արձագանքելիս, եթե անգամ այդ ընդդիմությունն իրենց ամենաչսիրած ընդդիմությունն է, չպետք է գնալ նրան ոչնչացնելու, լուսանցքային դարձնելու ճանապարհով: Ամենաճիշտ ճանապարհն այս առումով նրան վերափոխելու, իրադարձությունների ու զարգացումների վերաբերյալ նրա ծայրահեղացված ընկալումները չափավորելու, նրա մոտեցումներում եղած սուր անկյունները հարթելու ճանապարհն է:

Նույն սխալ շեշտադրումներն իրենց զգացնել են տալիս նաեւ երկիրն աշխատեցնելու, աշխատանքի նկատմամբ պետության ունեցած վերաբերմունքը ճշտելու պարագայում:

Նայեք` մեր երկրում պետությունն այնպես է վերաբերվում աշխատանքին, ինչպես որ նրան այս երկրի քաղաքացին է վերաբերվում: Բայց այդպես չպետք է լինի՝ այդպես չի կարելի: Չի կարելի, որովհետեւ քաղաքացու համար աշխատանքն առաջին հերթին աշխատավարձ է, այն նրա մոտ ասոցացվում է աշխատավարձի մեծության կամ փոքրության հետ:
Մինչդեռ աշխատանքը բոլորովին այլ բան է պետության համար: Պետության համար դա այն տեղն է, հասարակական փոխհարաբերությունների այն ձեւն է, որից կախված է պետության նորմալ կենսագործունեության, նրա կարիքների սպասարկման համար անհրաժեշտ ապրանքների արտադրությունը: Օրինակ, քաղաքացու համար առանձնապես կարեւոր էլ չի լինի, թե ինքն իր ու իր ընտանիքի բարեկեցության համար անհրաժեշտ գումարը սրճարանում մատուցող աշխատելով, թե, ասենք, պղնձաձուլարանում, մալուխի գործարանում կամ «Նաիրիտում» բանվոր, փականագործ կամ ինժեներ աշխատելով կվաստակի: Աշխատանքի նկատմամբ նրա վերաբերմունքն ամբողջությամբ կախված է աշխատավարձից՝ նրա մեծ կամ փոքր լինելու հանգամանքից:

Սակայն նույնը չի կարող եւ չպետք է լինի աշխատանքի նկատմամբ պետության վերաբերմունքը: Նույնը չպետք է լինի, որովհետեւ պետության համար կարեւորը ոչ թե փողը կամ այս կամ այն կերպ երկրում հայտնված ապրանքների քանակն ու տեսականին են, այլ այդ ապրանքներն արտադրելու պետության կարողությունը:

Տեսեք` ժամանակին «Նաիրիտն» աշխատում էր: Այնտեղ աշխատող բանվորի աշխատանքի արդյունքը, ի տարբերություն սրճարանի մատուցողի, նյութական արժեք էր: Դա ապրանք էր, որը կարելի էր վաճառել, կարելի էր նաեւ դրա հումքի վրա ավտոդողերի արտադրություն կազմակերպել: Իսկ դա արդեն հազարավոր որակյալ աշխատատեղ էր ենթադրում: Դա ոչ միայն կաուչուկ կամ ավտոդող արտադրել, այլ երկիրն արդյունաբերականացնել, երկիրը սպառող երկրից ապրանք արտադրող եւ ապրանք արտահանող երկիր դարձնել էր նշանակում:

Սրանք բոլորը, իհարկե, շեշտադրումները ճիշտ անելուն, շեշտերը ճիշտ դնելուն վերաբերող հարցեր են: Անշուշտ, կգա նաեւ այն օրը, որ ինչպես աշխարհի մյուս երկրները, մենք եւս սովորած կլինենք ներհասարակական կյանքում շեշտերը ճիշտ դնելու արվեստը: Բայց, ցավոք, ի տարբերություն այլոց ու պայմանավորված տարբեր հանգամանքներով, որում հայտնվել է մեր երկիրը, մենք այսօր այդ ճանապարհն անցնելուն ավելի քիչ ժամանակ կարող ենք հատկացնել: Դա, իհարկե, խնդիր է: Խնդիր, որ պետք լուծենք: Խնդիր, որ պարտավոր ենք լուծել:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ