Դատարանը սուբյեկտիվ է․ Թորոսյանի պաշտպան

Դատարանը սուբյեկտիվ է․ Թորոսյանի պաշտպան

Դատարանը սուբյեկտիվ է վարվել` պարտավորեցնելով նախարար Արսեն Թորոսյանին՝ ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արսեն Թորոսյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը։ Նա նշեց, որ հրավիրված ասուլիսը նպատակ չունի հրապարակայնորեն նսեմացնել գործը քննող դատավորի անձը կամ կասկածի տակ առնել ՀՀ դատական իշխանության հեղինակությունը։ Բայց Գևորգ Գյոզալյանն ահազանգում է, որ դատարանը չի ապահովել հանրային այն նվազագույն երաշխիքները, որը հնարավորություն կտար հավասարության ու օբյեկտիվության պայմաններում մրցակցել դատավարական հակառակորդի հետ։ «Ըստ այդմ՝ քննարկման առարկա չեմ դարձնելու բուն իրավական վեճը, հենվելու եմ բացառապես այն հանգամանքի վրա, որ դատարանը չի տվել բավարար երաշխիքներ»։

Նա նկատեց, որ առաջ էլ ուներ ողջամիտ կասկածներ, որ դատավոր Սարգիս Երիցյանը սուբյեկտիվ առումով առավել քան շահագրգռված է այդ գործով, այդ հարցը քննարկել է վստահորդ-նախարարի հետ և որոշվել է ասուլիսը տեղափոխել վճռից հետո, որպեսզի հետագայում շահարկումների տեղիք չտա։ Մասնավորապես, որ պաշտպանական կողմը ճնշումներ է գործադրում դատարանի վրա։ Նաև դատարանը մերժել է պարզաբանումներ տալու նպատակով Մինասյանին հարցաքննելու փաստաբանների առաջարկը։ Գյոզալյանի ամփոփմամբ, դատարանը պաշտպանական կողմին թողել է առանց սեփական դիրքորոշումը պաշտպանելու միջոցների ու մեխանիզմների։

Հիշեցնենք, որ ունիսի 8-ին երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ, բավարարել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պարտավորեցրել նրան՝ ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանից։ 

Ըստ դատարանի վճռի, հիշեցնենք, Արսեն Թորոսյանին պարտավորեցվում է հերքել իր ֆեյբուքյան էջի «լայվում»  «Տուշոնկեքի» մասին վերնագրված հրապարակային խոսքում արված արտահայտությունները։ Ըստ որում, հերքումը պետք է տրվի նույն կերպ` Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջում, ուղիղ եթերով, տեսանյութը վերնագրել «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ»։ Բացի այդ, Թորոսյանից ու առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի կբռնագանձվի 12.000 ՀՀ դրամ`որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Փաստաբան Գյոզալյանը նշեց, որ երբ իր վստահորդն արտահայտություններ է արել՝ դրանց հիմքում ունենալով փաստեր։ Մասնավորապես, իրականացրել է ստուգում, որի արդյունքում պարզվել է, որ 400-ից ավելի չարաշահումներ են տեղի ունեցել և այդ մասին ստուգման ակտից ելնելով՝ Արսեն Թորոսյանը կատարել է ինչ-ինչ արտահայտություններ։

«Այս արտահայտությունները, որոնք հայցվոր կողմը գնահատել է որպես զրպարտանք, հետագայում քրեական գործ է հարուցվել և քննիչը առգրավել է բոլոր փաստաղթերն ու միջանկյալ ակտը, որոնք վկայում էին, որ առկա է մեծ չարաշահում»,-հավելեց Գյոզակլյանը։ 

Նա անհեթեթ է համարում, որ դատարանը պարտավորեցրել է ներողություն խնդրել ոչ միայն Թորոսյանին, այլև առողջապահական գերատեսչությանը։

Փաստաբանն ասաց, որ իրենք մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը, նաև դատարանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով Արդարադատության խորհուրդ դիմելու հարցն է քննարկվում։

Հիշեցնենք, որ Թորոսյանը օրերս ևս մեկ ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ մեկնաբանելով դատարանի որոշումը հետևյալ բառերով։

«Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից»։