Արտաքին քաղաքականության առումով որեւէ մեկն ազնիվ չէ, այդ թվում` նախկին նախագահները

Արտաքին քաղաքականության առումով որեւէ մեկն ազնիվ չէ, այդ թվում` նախկին նախագահները

«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն է:

- Հայաստանն ու Ադրբեջանն աշխատանքներ են տանում խաղաղության պայմանագրի բովանդակության վրա, ենթադրվում է՝ մինչեւ տարեվերջ այն կստորագրվի: «Խաղաղության դարաշրջան» ասելով Դուք ի՞նչ եք պատկերացնում, եւ ի՞նչ սպասել այդ պայմանագիր ասվածից:

- Բավականին բարդ հարց եք տալիս, սակայն, ամեն դեպքում, ինչ-որ պայմանավորվածություններ պետք է լինեն, ես դրանց բացասաբար չեմ վերաբերվում եւ չեմ կարծում, թե վատ բան է դա: Այս թոհուբոհի մեջ շատ բաներ անհասկանալի են, իսկ խաղաղության պայմանագիրը գոնե կհստակեցնի, թե ով ինչ է ուզում: Որոշ պայմանավորվածություններ, պահանջներ այս ձեւով կհստակեցվեն: Ադրբեջանն այն պետությունն է, որը, անկախ նրանից՝ պայմանագիր կլինի, թե չի լինի, անելու է այն, ինչ ուզում է: Հիմա էլ հարձակվում է, դիվերսիոն գործողությունների է դիմում: Այս պարագայում նոր պայմանագրերը վատ ազդեցություն չեն թողնի: Նկատի ունեմ` Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը վերջնականապես կհասկանան իրենց անելիքներն ու դերը: Առավոտյան լսում էի Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի քննարկումը եւ եկա այն եզրահանգմանը, որ խաղաղության պայմանագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ:

- Կարծում եք՝ Ադրբեջանի ցանկությունները հստակ չե՞ն, խաղաղության պայմանագրից հետո՞ են հստակեցվելու: Ալիեւը բացահայտ խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, հայտարարում է, թե այլեւս փակված է Ղարաբաղի հարցը, եւ որ Հայաստանն այլեւս որեւէ կապ չի կարող ունենալ Ղարաբաղի հետ:

- Ես այդքան համոզված չեմ: Միայն Ադրբեջանի ուզելով չէ: Այստեղ բախվում են ավելի մեծ կենտրոնների շահերը: Օրինակ` հիմա բախվում են Ռուսաստանի եւ Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը: ԱՄՆ-ն այսօր առավել, քան երբեւէ, ցանկանում է իր ազդեցությունն ունենալ Հարավային Կովկասի վրա, իսկ ավելի կոնկրետ` ցանկանում է մտնել Հարավային Կովկաս: Չեմ կարծում, թե այդ ցանկությունը մեզ համար նպաստավոր կարող է լինել, առավել եւս` բարի նպատակներ հետապնդել: Ամերիկյան շահերն այլ բանի մասին են խոսում: Պայքարն այս համատեքստում կարելի է դիտարկել: Այնպես որ, խաղաղության պայմանագիրը միայն մեր եւ Ադրբեջանի ցանկությամբ չի կնքվելու: Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը որքան էլ որ համընկնեն, միեւնույն է` Թուրքիան ու Ռուսաստանը ստրատեգիական հակառակորդներ են: Թուրքիայի հզորացումը Ռուսաստանին ձեռնտու չէ:

- Հայաստանի հիմնական անելիքն այսօր ի՞նչ պետք է լինի:

- Հայաստանի անելիքն այն պետք է լիներ, որ մարդկային ու տարածքային կորուստներից հնարավորինս զերծ մնար: Հիմնական խնդիրը սա է: Ղարաբաղի հարցն այսօր ձգձգվում է: Սա վատ չէ, իսկ ահա աշխարհը դատապարտում է Ադրբեջանին: Ղարաբաղի հարցը պետք է պահել ավելի նպաստավոր ժամանակների համար, հնարավորինս պետք է ձգձգել այդ հարցը:

- Բայց արդյո՞ք Ղարաբաղի հարցը ձգձգվում է:

- Ես մամուլից տեղեկանում եմ, որ Ղարաբաղի հարցում որոշակիություն չկա: Ադրբեջանը մի բան է ասում, Եվրոպան ու Ամերիկան՝ մի բան, Ռուսաստանը` լրիվ այլ բան: Ռուսաստանի վիճակն այսօր լավ չէ, ամեն դեպքում, եւ չի կարող ունենալ այն դերակատարումը, որ ունեցել է միշտ: Իմ գնահատմամբ` Հայաստանի համար լավ ժամանակներ չեն: Ինչքանով որ ես եմ հասկացել, խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցի մասին չի խոսվելու:

- Նախկին նախագահները, կաթողիկոսը հանդիպման նոր ֆորմատ էին ձեւավորել, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցն ու Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, կարծես, այս ֆորմատի «հուշաքարը» դրեցին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Եթե այն, ինչ նրանք են ասում, ապացուցեն իրենց գործով, շատ լավ կլինի, ես միայն ուրախ կլինեմ: Նրանց հանդիպումները պարտադիր են: Բոլոր դեպքերում, նրանք թե՛ ինֆորմացիոն առումով, թե՛ իրենց փորձով ազդեցություն կարող են ունենալ: Ես կողմ եմ, որ էլի մարդիկ ներգրավվեն այդ ֆորմատին, որովհետեւ պոտենցիալ ունեցողներ էլի կան մեզանում: Ցավով պետք է նշեմ, որ ներքաղաքական իրավիճակն ազդում է արտաքին քաղաքականության վրա, ուզենք, թե ոչ՝ դա այդպես է: Կարծում եմ, որ արտաքին քաղաքականության առումով որեւէ մեկն ազնիվ չէ: Ամեն մեկն ունի իր խնդիրները: Նախկին նախագահները եւս մինչեւ վերջ ազնիվ չեն:

- Ի՞նչ իմաստով ազնիվ չեն:

- Բոլորն էլ ցանկանում են ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալ, սակայն ներքաղաքական ամբիցիաները թույլ չեն տալիս նրանց: Իշխանափոխության տենդենցն այսօր եւս շարունակվում է: Ընդդիմությունը շարունակում է իր պայքարը: Մերոնք սա չեն կարողանում վերացնել:

- Վա՞տ է, որ պայքարում են:

- Ներքաղաքականը պետք է մի կողմ թողնել եւ ազնվորեն մտածել արտաքին քաղաքականության մասին: Մենք իսկապես կարող ենք շատ բան կորցնել, սա շատ վտանգավոր է: Ցավոք, տեսնում եմ, որ մարդիկ իրենց ամբիցիաները հաղթահարել չեն կարողանում: Ատելությունը չի պակասում, մեկը մյուսին փնովում է անվերջ, անգամ ինչ-ինչ հարցերում համակարծիք են, սակայն հակադրվում են: Ստացվում է, որ ներքաղաքական իրավիճակը չի թողնում միասնական լինել:

- Խոսում եք ընդդիմության ամբիցիաներից, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբիցիաները….

- Ես նաեւ նրան նկատի ունեմ: Իշխանության մեջ էլ կան նման ամբիցիոզներ: Քաղաքական էլիտան, անկախ նրանից՝ իշխանություն է, թե ընդդիմություն, պետք է լինի միասնական: Խաղաղության պայմանագիրն էլ արդեն քննադատության է արժանանում, սակայն չգիտենք, թե ինչ պայմանագիր է դա իրականում:

- Գուցե պատճառը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է: Գուցե Նիկոլ Փաշինյանի ստորագրած պայմանագրերը վստահություն չեն ներշնչում հանրության շրջանում:

- Չէ, դա ուրիշ բան էր, դա պայմանավորվածություն էր, պայմանագիր չէր:

- Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը հեռանա….

- Կամրջի վրա չի կարելի ձիերը փոխել, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Նիկոլ Փաշինյանի հեռացումն այս պահին լավ բանի չի բերի: Այլ բան, որ լիներ ուրիշ լիդեր: Չկա երրորդ ուժ: Հներին չեն ընդունում, ուստի չկա մի ուժ, որը կկարողանա գալ իշխանության: Մենք տեսնում ենք, թե հասարակությունն ինչպես է վերաբերվում այսօրվա ընդդիմությանը: Հետեւաբար, ինչո՞ւ պետք է հեռանա վարչապետ Փաշինյանը: