Ուրեմն մենակ իշխանության ատե՞ն է, որ մեկուն հետ կապ կըրնաս ունենալ

Ուրեմն մենակ իշխանության ատե՞ն է, որ մեկուն հետ կապ կըրնաս ունենալ

«Փյունիկ» հիմնադրամի նախագահ, սփյուռքահայ Գաբրիել Ջեմբերջյանը, ով նախկին իշխանության մերձավոր գործարարներից էր, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի մտերիմ ընկերը եւ լիուլի օգտվել է նախորդ իշխանությունների ընձեռած հնարավորություններից, իշխանափոխությունից հետո երբեմն հայտնվում է Նիկոլի Փաշինյանի կողքին, նրա հետ նույն վայրում, ներկա գտնվում նույն միջոցառումներին։

Դեկտեմբերի սկզբին նա վարչապետի հետ մասնակցում էր էլեկտրատեխնիկայի գործարանի բացման արարողությանը, երկու օր առաջ էլ Բաղրամյան 26-ում Փաշինյան-գործարարներ տոնական ընդունելության հյուրերի մեջ էր, դրանից ավելի առաջ Արամ Մանուկյանի արձանի բացման ժամանակ էր նրա կողքին կանգնած։ Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանի անվան հետ ուղղակիորեն կապվող սփյուռքահայ գործարարը հեղափոխությունից հետո շատ արագ հասցրեց մերվել իր ընկերոջն ու նրա եղբորը տապալած գործող իշխանությունների հետ։
«Հարաբերություններս միշտ լավ են, իշխանափոխություն է, թե չէ, ժողովո՞ւրդը փոխվեցավ։ Նույն ժողովուրդն է, հայ ենք, մեր հայերու հետ կաշխատինք»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Ջեմբերջյանը՝ խոսելով նոր իշխանությունների հետ իր հարաբերությունների մասին։

- Ժողովուրդը նույնն է, բայց իշխանությունն է ուրիշ, կառավարությունն է ուրիշ։

- Ոչ, կառավարությունները նույն ժողովուրդն են։ Ուրեմն բան մը չփոխվեցավ։

- Բայց ժողովուրդը մերժեց նախորդ կառավարությանը։

- Վնաս չունի։ Անցյալեն ալ ուրիշներն ալ իրար կմերժեին, բայց մենք աշխատած էինք։ Մեր հիմնադրամն աշխատած է երեք կառավարություններու հետ, կաշխատի չորրորդ կառավարության հետ, հինգերորդ կառավարության հետ էլ։ Բան մը չի փոխվել։

- Իրավապահները որեւէ չարաշահում չգտա՞ն «Փյունիկ» հիմնադրամում։

- Եթե չարաշահում գտնեին, կհայտարարեին։ Չարաշահում չի եղած եւ ոչ էլ չարաշահում կըրնա ըլլալ ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում։

- Բայց կարծեմ նման մի փորձ եղավ, Սերժ Սարգսյանի եղբայրն էր, չէ՞, հոգաբարձուների նախագահը, կարծեմ, նրա հետ էր կապվում։

- Այո, հոգաբարձուների խորհրդի նախագահն է, տնօրենն է, բայց որեւէ չարաշահում չի եղած։

- Հիմա է՞լ է շարունակում նա մնալ հոգաբարձուների խորհրդի նախագահը։

- Այո, հիմա դեռ ինքն է։

- Ինչպե՞ս են Ձեզ ընդունում նոր իշխանությունները, քանի որ Դուք սերտ առնչություն ունեիք Սերժ Սարգսյանի, նրա եղբոր հետ, հիմա ընկալելի՞ եք Դուք Նիկոլ Փաշինյանի համար։

- Անշուշտ։ Հիմա էլ կըրնաս տեսնել՝ ինչպես մեզի ջերմ կընդունի։

- Իսկ Լեւոն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ կապ ունե՞ք, շփվո՞ւմ եք։

- Ներողություն, ինչո՞ւ կապ պիտի չունենամ։ Եթե չունենամ, ուրեմն կըսեն՝ ես վատ մարդ եմ, ուրեմն մենակ իշխանության ատե՞ն է, որ մեկուն հետ կապ կըրնաս ունենալ։

- Նախորդի համեմատ՝ այսօր բիզնես միջավայրի համար ինչ-որ բան փոխվե՞լ է Հայաստանում։

- Դա ժամանակի հարց է։ Քանի որ մենք շրջափակման մեջ ենք, հաջողությունները կամաց-կամաց կընթանան։

- Նիկոլ Փաշինյանի կատարած քայլերը՝ տնտեսության, սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված, ինչպե՞ս եք գնահատում․ Սերժ Սարգսյանի ժամանակ շատ էր դժգոհությունը։

- Աստված տա՝ դժգոհությունները պակսեցնե։

- Այս 6-7 ամսում ի՞նչ է արել այդ ուղղությամբ։

- 6-7 ամսում բան մը չենք կըրնա տեսնել։ Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն ավելի կըրնա զորավոր եւ ակտիվ քայլեր անել, եւ այն ատեն հայտնի կըլլա, թե ինչ չափով մեզ օգտակար պիտի ըլլա։