Հանրային ռադիոյում սպասողական վիճակ է

Հանրային ռադիոյում սպասողական վիճակ է
Ստեոփան Զաքարյան

Դեկտեմբերի 19-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցների կողմից գործադուլ անելու սպառնալիքից հետո Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական տվեց։ Այժմ Ռադիոյում անորոշ վիճակ է, բոլորը սպասում են փետրվարին, երբ, ըստ շրջանառող տեղեկությունների, կհայտարարվի տնօրենի մրցույթ։ Սակայն, ինչպես տեղեկացանք, օրենքը տնօրենի հրաժարականից հետո մինչեւ 8 ամսում մրցույթ անցկացնելու հնարավորություն է տալիս, եւ, հետեւաբար, կփորձեն ձգել այն, մինչեւ տեղի ունենա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ու նախագահի մրցույթը։

Հիշեցնենք, որ հանրային խորհրդի ղեկավարը՝ Ռուբեն Ջաղինյանը, նշանակվել է 2013-ի մարտի 1-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Մինչ նոր մրցույթը Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հանրային ռադիոյի ֆինանսական գծով փոխտնօրեն Երվանդ Պողոսյանը։ Բայց քանի որ Հանրային ռադիոն ունի «Ռադիոլուր» լրատվական, որի հետ կապված բովանդակային-խմբագրական խնդիրները ֆինանսական գծով փոխտնօրենը չի կարող լուծել, դրանց համակարգումը, մինչեւ նոր տնօրենի մրցույթն ու նշանակումը, դրված է Հանրային հեռուստառադիոընկերության ռադիոընկերության խորհրդի 5 անդամներից Ստեփան Զաքարյանի վրա, որն էլ համարվում է Հանրային ռադիոյի տնօրենի հիմնական հավակնորդներից մեկը։ Ի դեպ, նրա լիազորություններն ավարտվում են 2021-ին։ Տնօրենի մրցույթին մասնակցելու համար Ստեփան Զաքարյանը պետք է հրաժարվի Հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի լիազորություններից։ Ինչ վերաբերում է Հանրային ռադիոյի տնօրենի տեղակալ Լիկա Թումանյանին, ով համակարգում է «Ռադիոլուր»-ի աշխատանքը, ապա նրա պայմանագիրը, ինչպեսեւ գրվել էր, ավարտվում է հունվարի 1-ին եւ չի թարմացվելու։

Ինչո՞ւ հեռացավ Մարկ Գրիգորյանը, արդյոք այս հրաժարականն ուղղորդվա՞ծ է եղել իշխանությունների կողմից։ Մեզ պատմեցին, որ Գրիգորյանի հրաժարականը պահանջողներին խորհրդի անդամները հարցրել են՝ եթե այդքան մեծ էր դժգոհությունը, ինչո՞ւ ժամանակին չէին գալիս, հայտնում այդ ամենի մասին խորհրդին, այլ հրապարակայնացրին։ Հիշեցնենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ներկայիս անդամներն են Մերուժան Տեր-Գուլանյանը, Նառա Շլեպչյանը, Լեւոն Գալստյանը եւ, իհարկե, նախագահ Ռուբեն Ջաղինյանը։

Ամեն դեպքում, քանի որ նախկին տնօրենի վերաբերյալ հիմնական բողոքներից մեկն աշխատավարձերի անհամաչափությունն ու անարդար մոտեցումն էր տարբեր աշխատակիցների նկատմամբ, չի բացառվում, որ Ռադիոյում ֆինանսական աուդիտ անցկացվի։ Ըստ կանոնադրության, թեպետ հենց խորհուրդն է հաստատում ռադիոյի ծախսային մասը, բայց միջամտելու որեւէ իրավասություն չունի։