Լրջանալու պահն է եկել

Լրջանալու պահն է եկել
Թեւան Պողոսյան

Հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ։

- Պարոն Պողոսյան, տարին մոտենում է ավարտին, որո՞նք են, ըստ Ձեզ, անցնող տարվա նշանակալից ձեռքբերումներն ու ձախողումները, ի՞նչ ունեինք 2017-ի ավարտին եւ հիմա։

- 2017-ի վերջերին ամբողջ երկիրը քննարկում էր, թե ինչ է լինելու ապրիլին, եւ ով է լինելու նոր վարչապետը։ Բացասական տրամադրություններն արդեն գերիշխող էին, քանի որ արդեն  կային տեղեկություններ, որ Սերժ Սարգսյանն է մտադիր գնալ երրորդ ժամկետ։ Նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում քանիցս հարց էր տալիս վարչապետ Կարեն Կարապետյանին՝ արդյոք ինքը ցանկություն ունի՞ վարչապետ դառնալու։ Տարին ավարտվում էր պեսիմիստական տրամադրությամբ, անորոշ սպասումներով։ Տարվա հենց սկզբին հայտնի դարձավ ՀՀ  նախագահի անունը, մինչ այդ անուններ էին շրջանառվում, որոնք դրական ազդակներ չէին հաղորդում։ Այդուհանդերձ, ամփոփելով կարող ենք ասել, որ ե՛ւ Արմեն Սարգսյանի պարագայում, ե՛ւ ապրիլյան իրադարձությունները իրենց հետ բերեցին նոր սպասումներ, նոր փոփոխություններ, ունեցանք անսպասելի շրջադարձեր, վերականգնեցինք մինչ այդ կորցրած հավատը, որ ունեցել էինք մեր սեփական ուժերի նկատմամբ, որ կարող էինք բան փոխել, որ մեզանից բան է կախված։ Ունեցանք սերնդափոխություն, երկու ընտրություններ, որոնց արդյունքների նկատմամբ որեւէ մեկը կասկած չունի։ Ձեւավորվել է սպասումներով լի մի իրավիճակ, որտեղ բոլորն ապագային նայում են հավատով լի։ Հուսով եմ, որ 2019-ը կդառնա ապագային միտված հայացք, այլ ոչ թե անցյալին ուղղված խոսակցություններ։

- Իսկ բացի զգայական մակարդակից, որո՞նք են հետհեղափոխական արդյունքները, ի՞նչ շոշափելի ձեռքբերումներ ենք ունեցել․ ամեն դեպքում, ձախողումների մասին քիչ չեն բարձրաձայնում, որոնք ունեցել ենք մի շարք ոլորտներում՝ սկսած ոչ այնքան հաջող կադրային քաղաքականությունից, վերջացրած այլ հարցերով։

 - Շոշափելի արդյունքներ, հաջողություններ… դրանց մասին պետք է խոսել 2019-ի վերջերին։ Մենք կարող ենք ասել՝ այո, կարելի էր այսպես անել, այնպես անել, բայց պատմությունը դա չի ընդունում։ Մենք ունենք բնական գործընթաց, որը ցանկացած գլոբալ փոփոխությունից հետո, առավել եւս՝ հեղափոխությունից հետո, սովորաբար ունենում են նման մոտեցումներ։ Բնականաբար, պետք է գար հեղափոխական թիմը, գալու էին երիտասարդներ, բնական սերնդափոխության խնդիր էր տեղի ունենում, գալու էին նոր մոտեցումներ։ Այն, որ Հայաստանում այլեւս չկա անպատժելիության մթնոլորտ, արդեն իսկ լավ է։ Բայց սրա հետ մեկտեղ մենք պետք է գիտակցենք, որ եկել է ժամանակը, որ մենք պետք է դառնանք արժեքների հասարակություն, որ մենք այն բոլոր ազատությունները, որ ստացել ենք, պետք է տեղավորվեն մեր սեփական արժեքների մեջ, որ խոսքի ազատություն պետք է լինի ու տեղավորվի այն նորմերի մեջ, որը մշակութային է եւ մեր ինքնության մեջ է։ Բայց դրանց հետ մեկտեղ կան արժեքներ, օրինակ, անմեղության կանխավարկածը, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են, պետք է վճարել հարկերը… սրանք բոլորն արժեքներ են, որոնց մենք պետք է սրբորեն վերաբերվենք, ու կապ չունի՝ մենք ով ենք, ինչ ենք։ Այն, որ մենք խոսում ենք թավշյա հեղափոխության սիրո եւ հանդուրժողականության մասին, այս մասին պետք է ամենօրյա քարոզ տարվի, նաեւ գործով ապացուցվի, մինչդեռ սոցցանցերում ատելության խոսքն ավելի շատ է, քան կցանկանայի լսել։ Ավելի շատ կուզենայի տեսնել բանակցային ինստիտուտի օգտագործումը, իրար հետ խոսելու, իրար նկատմամբ հարգանք ու սեր դրսեւորելու, իրար վերաբերվելու այն գիտակցումով, որ մեր առջեւ կանգնած մարտահրավերներին դիմակայելու համար պետք է կարողանանք մթնոլորտ ստեղծել, որ ամբողջ հայությունը դառնա մեկ ուժ, եթե մենք այստեղ չկարողանանք միավորվել, ինչպե՞ս պետք է ամբողջ հայությանը միավորենք։ Ես կցանկանայի, որ մտածելակերպի հեղափոխություն տեղի ունենար։

- Ինչը տեղի չի՞ ունեցել, մեծացել է ատելության մթնոլորտը, անմեղության կանխավարկածի ինստիտուտն է կարծես թե վերանում եւ այլն։

- Գիտեք, չէր էլ կարող լինել արժեքների հեղափոխություն, եւ շատ բաների պետք է օբյեկտիվ նայել։ Յոթ ամսվա ընթացքում չէր կարող սա տեղի ունենալ, բայց հիմա է եկել լրջանալու պահը, կա պետական ինստիտուտների այլեւս ձեւավորված մեխանիզմ, Հայաստանում երկու ընտրություն է եղել, մի երկու օր՝ այս կողմ, մի երկու օր՝ այն կողմ, մենք ունենալու ենք ձեւավորված խորհրդարան, գործադիր իշխանություն, դատական իշխանությունում էլ իր հերթին պետք է բարեփոխություններ տեղի ունենան, եւ մենք շարժվենք առաջ։

- Ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը արդյոք հույս ներշնչո՞ւմ է Հայաստանում հեղափոխական փոփոխությունների, շատ է քննադատվում ե՛ւ կադրերի անփորձությունը, ե՛ւ ընդդիմության բացակայությունը։

- Հանրությունն է, չէ՞, քվե տվել, եւ մենք արդյունքների վրա չենք կասկածում, ուրեմն սա ժողովրդի ընտրած խորհրդարանն է, դրանից հետո թող ոչ մեկն ինձ չասի՝ լավն է, վատն է, սիրուն է։ Ամեն մարդ ստացել է քվե հանրության կողմից, ուրեմն մարդիկ հենց նրանց են ցանկացել տեսնել։ Եկեք հարգանքով վերաբերվենք հանրությանը, ընտրությունն էլ է արժեք, որը պետք է ընդունենք։ Ունենք երեք քաղաքական միավոր, հուսամ, որ երեքն էլ կգիտակցեն, որ այն կուսակցությունները, որոնք քվեներ են ստացել, բայց չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը, նրանց ձայնը պետք է լսելի լինի խորհրդարանում, ինչ մեխանիզմներով են դա անելու՝ բանակցային, լսելու, հանդիպելու ճանապարհով, թող որոշեն իրենք։ Մենք, օրինակ, ունենք սոցիալական, պահպանողական ուղղվածության քաղաքական ուժեր, որոնք չեն անցել, բայց այդ մարդկանց ձայնը պետք է լսելի, չէ՞, լինի, չէ՞ որ մենք պայքարում էինք, որ այս խորհրդարանը ներկայացնի հանրության ցանկությունը եւ պատկերը։ Այս բոլոր մեխանիզմների կարգավորումը եթե գտնեն, կունենանք լավ խորհրդարան։ Մի կողմից՝ նորը միշտ վախեր է առաջացնում, մյուս կողմից՝ կարող է հնի թույլ տված անթույլատրելի արարքները չկրկնել։ Հնում սովոր էին, չէ՞, որ գործադիրը գրի օրենքներ, իրենք էլ կոճակ սեղմեն։ Հուսանք, որ այս ավանդույթը չի շարունակվի, խնդրին միտված ընդդիմացողներ կլինեն, ոչ թե անհատների հետեւից կընկնեն։ Սա վերաբերում է նաեւ ընդդիմությանը, ու ես համաձայն չեմ, որ ընդդիմություն չկա։