Նրանց տարաձայնությունները կտրուկ են և սկզբունքային` կոալիցիա կազմել չի հաջողվի

Նրանց տարաձայնությունները կտրուկ են և սկզբունքային` կոալիցիա կազմել չի հաջողվի

«Հրապարակի» զրուցակիցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն է, ում ղեկավարած ցուցակը երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներում չկարողացավ հաղթահարել ավագանի անցնելու անցողիկ շեմը: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանը» հավաքել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայների ընդամենը 1.8% տոկոսը: 

- Վերլուծե՞լ եք` ինչու այսպես պարտվեցիք: Այն, որ առաջատարը չէիք, դա ենթադրել կարող էինք, բայց ինչո՞ւ այսքան քիչ ձայներ հավաքեցիք: Տիգրան Խզմալյանն ու Դուք գրեթե հավասար ձայներ եք ստացել:

- Կարծում եմ` այս ընտրությունն ուներ ավելի շատ քաղաքական ուղղվածություն, քան թե քաղաքային: Ելնելով հաղթահարած ուժերի արդյունքներից, տեսանելի է, որ տարբեր էլեկտորատների քվեարկություն է եղել` կապված արտաքին վեկտորի և այլ տրամաբանության հետ: Ստացվում է, որ քաղաքային կոնտեքստում, որպես այդպիսին, ընտրություն չի եղել, ինչը ես կարող եմ հասկանալ, սակայն դրա հետևանքները կարող են քաղաքի համար վատ լինել:

- Տպավորություն է, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ իշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար է ընդունելի, ոչ էլ ընդդիմադիր: Ընդդիմադիր մասսան ձեզ չի վստահում, անվանելով ձեզ Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ, իսկ իշխանականներն էլ Տիգրան Ավինյան են ընտրել, ստվերում թողնելով ձեզ: Գուցե սա՞ է պատճառներից մեկը, որ նման արդյունք արձանագրեցիք:

- Չեմ կարծում, թե մեր դեպքում, կամ, օրինակ, «Հանրապետություն» կուսակցության պարագայում քվեն տվել են ընդդիմադիր կամ իշխանական լինելու համար: Տարբեր պատճառներով են մարդիկ քվեարկել: Իշխանությանը` որպես իշխանություն են ընտրել, «Հանրապետություն» կուսակցությանը` որպես «Հանրապետություն» կուսակցություն, Անդրանիկ Թևանյանին քվեարկել են համապետական իշխանափոխություն կատարելու, կամ այլ կերպ ասած` բոյկոտի ձայն բարձրացնելու համար: Մի խոսքով` տարբեր գործոններ կան, բայց մենք քաղաքային խնդիրների վրա էինք շեշտը դրել, որովհետև այս ընտրություններում մեզ համար դա է եղել ամենակարևորը:

- ՔՊ-ն բավականին վատ պատկեր է արձանագրել, իսկ ընդդիմադիր երեք ուժերը` Թևանյանը, Մարությանն ու Վարդան Ղուկասյանը` Դոգը ստացել են կոալիցիա կազմելու և ՔՊ-ին հաղթելու հնարավորություն: Այս պատկերը չի՞ մտահոգում ՁեզԼ Եւ ինչ եք կարծում` հնարավո՞ր է նոր ընտրություն տեղի ունենա:

- Շեմը հաղթահարած ոչ մի ուժ քաղաքային ծրագիր չի ներկայացրել: Թե ինչպիսի քաղաքային կառավարում կլինի, որևէ կերպ չեմ պատկերացնում, բայց նաև կասկածում եմ, որ այդ ուժերը կկարողանան կազմել կոալիցիա, որովհետև տարբեր բևեռներ են ներկայացնում, իրարից միանգամայն տարբեր են: Եթե բանավեճը լիներ մայրաքաղաքային խնդիրների շուրջ, վերջում գուցե գային ընդհանուր հայտարարի, բայց նրանց տարաձայնությունները կտրուկ են և սկզբունքային, դժվար եմ պատկերացնում, թե ինչ ընդհանուր եզրեր կարող են նրանք գտնել:

- Բայց Հայկ Մարությանը պարբերաբար խոսում էր Երևանի խնդիրների մասին, ներկայացնելով իր պատկերացրած փոփոխությունները:

- Նա ողջ քարոզարշավի ընթացքում անգամ մեկ ծրագրային դրույթ չի հրապարակել, ասում էր, որ գալու է և շարունակելու է այն, ինչ կիսատ է թողել: Խոսել է նաև հեղափոխության մսխման մասին, արտաբերելով քաղաքական տեքստ: «Մայր Հայաստանն» ու «Հանրային ձայնն» էլ քաղաքային կոնտեքստում ոչինչ չեն ասել: Կարծում եմ` դասական քաղաքականությունը Երևանում դասական հոգեվարքի մեջ է: