«Իմ քայլի» նիստում հիմնականում երկու հարց է քննարկվել

«Իմ քայլի» նիստում հիմնականում երկու հարց է քննարկվել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը երեկ դռնփակ նիստ էր հրավիրել՝ Հայաստանում եւ Արցախում ստեղծված պատերազմական իրավիճակը վերլուծելու, դրանից բխող քայլեր իրականացնելու համար։ Մեր տեղեկություններով, ի թիվս այլ հարցերի, իշխանական պատգամավորները քննարկել են Հայաստանի կողմից Արցախի ճանաչման, այնուհետեւ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրման հնարավորության հարցերը։ Մինչ նիստը սկսվելը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում հանդես էր եկել հայտարարությամբ․ «Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը»։ Սակայն դռնփակ նիստում, մեր տեղեկություններով, ռազմաքաղաքական դաշինքի ստորագրման հնարավորության հարցը դիտարկելիս կարծիքներ են հնչել, որ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, իրավական տեսանկյունից հնարավոր չի լինի նման դաշինք ստորագրել։ «Ո՞ւմ հետ ստորագրենք, եթե դիմացի սուբյեկտին չենք ճանաչում»,- բացատրեց «Քաղպայմանագրի» մեր աղբյուրը՝ հավելելով, որ հարցը կքննարկեն իրավաբանների հետ։ 

Արցախի անկախությունը ճանաչելու հարցի վերաբերյալ էլ նիստում ակտիվ քննարկումներ են ընթացել, շատերն են կարծիք հայտնել, որ չպետք է հապաղենք եւ այս պահին պատմական հնարավորություն ենք ստացել դրա համար՝ բանակցություններն այլեւս ավարտված են։ Սակայն համատեղ որոշել են մի քիչ էլ համբերել, հետեւել առաջիկա զարգացումներին, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի քննարկմանը։
Հիշեցնենք, որ Արցախի ճանաչման գործընթացը սկսելու վերաբերյալ հարցն Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին կիրակի օրն ուղղել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կարծիք հայտնելով, որ ադրբեջանական ագրեսիան փաստացի վերացրել է այն հանգամանքները, որոնք հաշվի առնելով՝ Հայաստանը չէր ճանաչում Արցախը․ բանակցություններ փաստացի չկան, լայնածավալ պատերազմ է: 

«Մեզ մոտ քննարկվում են տարբեր սցենարներ, որոնք վերաբերում են գործողությունների համարժեքությանը»,- երեկ դռնփակ նիստից հետո հայտարարեց Լիլիթ Մակունցը: «Հետեւաբար, ըստ անհրաժեշտության՝ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը, որոնք կներկայացվեն հանրությանը: Բոլոր քայլերը վերաբերում են Հայաստանի, Արցախի շահերից բխող գործողություններին: Այո, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման դեպքում մեր քաղաքական համարժեք արձագանքին»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է դիմել ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով, որ հարձակում կա նաեւ Հայաստանի տարածքի վրա, Մակունցն արձագանքեց. «ՀԱՊԿ-ին դիմելու հարցն ԱԺ տիրույթից դուրս է, այն, ինչ մեր լիազորությունների շրջանակում է, շփումները մեր միջազգային գործընկերների հետ, բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են թե՛ պատգամավորների, թե՛ պատվիրակությունների, թե՛ բարեկամական խմբերի հետ: Այն ուղերձները, որ մշակել ենք, բոլոր կապուղիներով՝ պաշտոնական կամ անձնական, հասցնում ենք մեր գործընկերներին՝ հնարավորինս բաց եւ ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու համար»:

Դռնփակ նիստում քննարկվել է նաեւ պատերազմի ընթացքում զոհվածների հուղարկավորության արարողություններին պարտադիր մասնակցելու հարցը։ Հանձնարարել են մարզային պատգամավորներին՝ անպայման մասնակցել իրենց մարզից զոհված մարտիկների հուղարկավորությանը, նրանց ընտանիքները պետք է զգան իշխանության ուշադրությունը։ Ինչպես նաեւ իրենց տարածքներում համակարգել բանակին տրվող օգնության հավաքագրումը։
Անդրադարձ է եղել նաեւ եկող շաբաթ մեկնարկելիք խորհրդարանի հերթական քառօրյային․ եթե իրադարձություններն այս տեմպով շարունակվեն, ոչ հրատապ հարցերը չեն ընդգրկվի նիստերի օրակարգում, առանց այն էլ գերլարված եւ զգացմունքային մթնոլորտում չեն փորձի մարդկանց նյարդերի հետ խաղալ։