Դիմե՞լ, թե՞ չդիմել ՀԱՊԿ-ին

Դիմե՞լ, թե՞ չդիմել ՀԱՊԿ-ին

Իրավիճակն Արցախի եւ Հայաստանի սահմանին երեկ ժամ առ ժամ թեժանում էր: Առավոտյան հայկական եւ ադրբեջանական կողմերը հակառակորդի խփված զինվորների լուսանկարներ էին տեղադրում: 10։40-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաեւ օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ, որ հրետակոծվում են գյուղերը։ 11։30-ին մոտ մեր ռազմական գերատեսչությունը զգուշացրեց, որ ստիպված է մեծ ազդեցություն ունեցող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի տեսակներ կիրառել: Այնուհետեւ լսեցինք Վարդենիսի հրետակոծության առաջին զոհի մասին: 

Ինֆորմացիոն աղմուկ

Եթե մինչ այդ պահը ինչ-որ կերպ բացատրվում էր, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը չի դիմում ՀԱՊԿ-ին՝ ասելով, թե պատերազմական գործողություններն Արցախի տարածքում են, ոչ թե Հայաստանի, իսկ Արցախը ՀԱՊԿ անդամ չէ, ապա խաղաղ բնակչի զոհվելուց հետո այդ գլխավոր հարցը որեւէ հոդաբաշխ պատասխան չունի: 
Կոլեկտիվ անվտանգության պայմանագրում ամրագրված է, որ «մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Երեկ առավոտյան ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը «Հրապարակին» խոստացավ, որ ավելի ուշ կպատասխանի, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը չի դիմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Սակայն օրվա երկրորդ կեսը լցվեց հայտարարություններով, այսպես ասած՝ ինֆորմացիոն աղմուկով, իսկ սայլը մնաց տեղում: «Սայլը» տվյալ դեպքում շփման գծում կրակի դադարեցումն է, որի ուղղությամբ կրկին շարժում չեղավ: Փոխարենը մտահոգություններ հնչեցին ՌԴ-ից ու ԱՄՆ-ից: 
«Կոչ ենք անում բոլոր մեր գործընկերներին, ինչպիսին նաեւ Թուրքիան է, անել ամեն բան, որպեսզի համոզի հակամարտող կողմերին՝ դադարեցնել կրակն ու վերադառնալ խաղաղ կարգավորմանը»,- հայտարարեց Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հնարավոր համարելով, որ ՀԱՊԿ-ն քննարկի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Դրանից մոտ մեկ ժամ հետո էլ ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող վերջին սրացման մասին խոսեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ասելով, որ հակամարտության երկու կողմերը պետք է վերջ դնեն բռնությանը եւ սկսեն աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Եվս մեկ ժամ անց էլ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ, օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ, ելույթ է ունեցել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը:  

Ելույթ՝ պաշտոնական դիմումի փոխարեն

Նա, ինչպես հայտնում է ԱԳՆ-ն, գործընկերների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ագրեսիայի նախապես ծրագրված լինելու, Թուրքիայի կողմից  Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության վրա. «Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայում են թուրք մասնագետներ, օգտագործվում է թուրքական արտադրության զինտեխնիկա, այդ թվում՝ ԱԹՍ-ներ եւ ռազմական ինքնաթիռներ։ Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ»: ՀՀ ներկայացուցիչը նշել է, որ «հակամարտության աշխարհագրության ընդլայնումը կարող է անմիջական վտանգ ստեղծել ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար», իսկ այդ պահին Վարդենիսի վրա՝ Երեւանից 170 կմ այն կողմ, կրակ էր թափվում: 
Արդյոք Բիյագովի ելույթը բավարա՞ր է, ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես ընդունված կարգով չի դիմում ՀԱՊԿ-ին: Քաղաքագետ Մանվել Սարգսյանն առաջարկում է սպասել մի քանի օր՝ ՀԱՊԿ-ին դիմել պետք չէ: «Դա կարող է ավելի բարդացնել իրավիճակը: Առայժմ մի բան է պարզ. ազերիների գրոհն օդից կախվեց: Շատ բան կախված է արտաքին գործոններից: Տեսնենք, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ինչ կանի»: 

ՌԴ-ն շարունակում է վարել հավասար հեռավորության քաղաքականություն 

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, հակառակը, այն կարծիքին է, որ Բիյագովի ելույթը բավական չէր: «Կարծում եմ, որ ՀՀ-ն, այնուամենայնիվ, պետք է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին, որովհետեւ մենք գտնվում ենք այդ ռազմաքաղաքական բլոկում, եւ այսօր ակնհայտ ոտնձգություն է կատարվել արդեն ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ, գրոհվել է քաղաքացիական բնակչությունը Վարդենիսում: Բացի դա, եթե անընդհատ պետական մակարդակով շեշտադրում ենք անում, որ մենք պատերազմում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի դեմ, ապա կարծում եմ, որ լրիվ մոտիվացված է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին՝ քաղաքական, գուցե նաեւ ռազմական օգնություն ստանալու նպատակով: Ես ԱԳՆ հայտարարությունից հստակ տպավորություն չստացա, թե մեր ներկայացուցիչը դիմել է ՀԱՊԿ-ին, ոչ թե իրավիճակային գնահատականով է հանդես եկել»,- ասաց նա՝ ի պատասխան մեր հարցերին: 

- Երեկ Կրեմլից հայտարարեցին, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կմիջամտի կոնֆլիկտին: Ի՞նչ է նշանակում՝ «անհրաժեշտության դեպքում»: 

- Շատ բաց տեքստով են ասել: Դա նշանակում է, որ իրենք շարունակում են վարել հավասար հեռավորության քաղաքականություն, պահպանում են չեզոքությունը, ավելի շատ հանդես են գալիս որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկիր, քան որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից:

- ՀԱՊԿ-ում կան պրոադրբեջանական երկրներ՝ Բելառուս, Ղազախստան, եւ կարծիք կա, որ ՀԱՊԿ-ին դիմելով՝ կարող ենք ավելի բարդացնել իրավիճակը: Այս մտավախությունն արդարացվա՞ծ է: 

- Իհարկե, այդ մտավախությունը կա: Ավելին, ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ն գործուն դիրքորոշում կարող է ունենալ, որովհետեւ դասական իմաստով այն կայացած ռազմաքաղաքական բլոկ չէ, մանավանդ հայկական հարցի վերաբերյալ ՀԱՊԿ ներսում դիրքորոշումները տարբեր են լինելու: Բայց մենք, այնուամենայնիվ, գիտենք, որ ՀԱՊԿ-ում առաջին ջութակի դերում հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունը, եւ կարծում եմ, գոնե այս իրավիճակում հայ-ռուսական բարձր մակարդակի երկխոսությունը տեղին էր ու պետք էր: Այնուամենայնիվ, մենք բոլորս հասկանում ենք, որ խնդիրը հայ-ռուսական հարաբերությունների դաշտում է:

- Այս պատերազմից մի քանի օր առաջ մտավախություն էիք հայտնել, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա վակուումը կարող է անվտանգային ռիսկեր ծնել Հայաստանի համար: Ձեր մտավախությունն իրականություն դարձավ, բայց ինչո՞ւ Պուտինը չի միջամտում: Չի՞ վստահում ՀՀ ղեկավարին: 

- Ես այս պահին, քանի դեռ ընթանում է պատերազմը, չէի ցանկանա նման գնահատականներ տալ, բայց, ի վերջո, պետք է խոստովանենք, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, ու Ռուսաստանի շատ չեզոք դիրքորոշումը խոսում է այդ փաստի օգտին, ցավոք: Իհարկե, բազմաթիվ գործոններ կան: Ու դրանցից մեկն էլ այն է, որ վերջին մեկ-երկու տարում հայ-ռուսական հարաբերություններում ինստիտուցիոնալ ճգնաժամի տարրեր են եղել: