Անավարտ զրույցներ

Անավարտ զրույցներ

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի  ծննդյան 60-րդ տարեդարձին      

Սկիզբը նախորդ համարներում

1987 թվի սկզբներին դու աշխատանքի անցար «Գարուն» ամսագրի խմբագրությունում: Ճիշտը որ ասեմ, շրջանի երիտասարդության համար ձեռք բերեցիր ավելի սպասված ու թանկ ընկերոջ կարգավիճակ: Այն օրերի մեր գլխավոր խնդիրը երիտասարդության կոմունիստական դաստիարակությունն էր: Այդ դրոշմն էր կրում նաեւ ժամանցի կազմակերպումը: Թեեւ, անկեղծ լինելու համար ասեմ, որ, որպես կանոն, մենք էինք որոշում «Ձեւով՝ ազգային, բովանդակությամբ՝ սոցիալիստական» միջոցառումների իրական բնույթն ու ձեւը: Ցանկության դեպքում կարողանում էինք ասելիքն ու անելիքը տեղ հասցնել. կարեւորը երիտասարդության ցանկություններին իրազեկ լինելն էր:

Քո ներկայությունը յուրաքանչյուր միջոցառմանը լրացուցիչ տոնականություն էր հաղորդում: Միջոցառումներից առաջ նախապես զանգում ու ճշտում էիր, թե աղջիկներից քանիսն են մասնակցելու: Գալիս էիր մի փոքր ուշացած ու ամեն մեկին նվիրում մեկական ծաղիկ: Այդ տարիներին աղջիկների հարցում դու այնքան էլ համարձակ չէիր: Թեեւ քեզ սիրահարվածները շատ էին, բայց դու այդպես էլ մնացիր անդրդվելի: Ամեն ինչ պահում էիր ներսումդ: Թեեւ մի անգամ խոստովանեցիր, որ քո կյանքում չեղավ մեկը, որի համար գլուխդ կորցնեիր:

Միջոցառումները բազմազան էին՝ երիտասարդ ուսուցիչների հավաք, ծառատունկ, շաբաթօրյակ, գրական ու մարզական մրցույթներ: Նորություն էր շրջանային «Արարատ» թերթում «Արահետ» վերտառությամբ երկէջյա թերթոնի հրապարակումը, որի նյութերը խմբագրում էինք մենք՝ շրջկոմականներս: Քո օրինակը շատ վարակիչ էր, ու որոշեցինք այնտեղ տպագրել շրջանի երիտասարդ ստեղծագործողների գործերը: Իմ խնդրանքով մի պատմվածք էլ դու ուղարկեցիր, որը վերնագրված էր՝ «Ելույթ»: Դա մի հետաքրքիր պատմություն էր երիտասարդ բանվորի մասին, ում ելույթը վերադաս օղակները հերթով փոքրացնում-կրճատում են, իսկ ելույթի օրը հուզմունքից քարացած ու քրտնած երիտասարդին այդպես էլ ձայն չեն տալիս՝ վերջում բացատրելով, որ իր ելույթը նախատեսված է եղել իբրեւ պահեստային տարբերակ: Այն ժամանակ ամեն ինչ վերահսկվում էր: Պատմությունն ինձ համար հոգեհարազատ էր դարձել, քանի որ երբ ընտրվել էի ՀԼԿԵՄ շրջկոմի առաջին քարտուղար, կուսշրջկոմի կազմբաժնի վարիչը համառորեն պահանջում էր իրեն ցույց տալ կուսշրջկոմի պլենումում իմ առաջին ելույթը: Ես էլ պակաս համառ չգտնվեցի ու նիստերի դահլիճ մտա վերջին պահին, այնպես, որ ֆիզիկապես անհնարին էր հաշվետու լինելը: Իմ բախտը բերեց. ելույթս դուր եկավ կուսշրջկոմի առաջին քարտուղարին, ու այլեւս ինձ չանհանգստացրին: Ի դեպ, քո այդ պատմվածքը փնտրեցի, բայց այդպես էլ չգտա ստեղծագործություններիդ ժողովածուում: Շատ եմ ափսոսում, որ ինքս հետեւողական չեղա, այլապես մի այլ պատմություն էլ գրի կառնեի:

Խոստացար, բայց այդպես էլ մնաց կիսատ: Երեւի գլխի ընկար՝ ինչի մասին է խոսքը: Մենք մի ընկեր ունեինք, որի նպատակը ՀԼԿԵՄ շրջկոմի հրահանգիչ դառնալն էր: Ինչ-որ մեկը նրան խոստացել էր գլուխ բերել այդ գործը: Դու դա պատմում էիր իբրեւ ականատես: Նրա հետ նույն սենյակում էիր մնացել կոմերիտմիության հանրապետական դպրոցում վերապատրաստվելիս: Նա քեֆը լավ ժամանակ փորձել էր  «սեր խոստովանել» մի աղջկա, որը հետո պարզվել էր՝ մեր շրջանից է ու լավ էլ ճանաչում է նրան: Աղջիկը սպառնացել էր անշնորհք պահվածքի համար տեղյակ պահել կնոջը: Իսկ առավոտյան, երբ երիտասարդի գինովությունն անցել էր, դու նրան հանգստացրել էիր, թե դա խաղ է եղել, որից դու էլ ես տեղյակ, աղջիկը ոչ մի կերպ կնոջը չի տեղեկացնի, բայց մի նոր խաղ էիր հորինել՝ ասելով, թե աղջիկը վերցրել է նախորդ օրվա շամպայնի շիշը՝ իբրեւ ալկոհոլ օգտագործելու իրեղեն ապացույց, եւ մտադիր է այն տանել  «ռայկոմ»: Ժամեր անց, երբ արդեն մոռացել էիր այդ պատմությունը, հանկարծ նրան տեսնում ես արտասվելիս: Հարցական հայացքիդ, թե ինչ է պատահել, նա ասել էր. «Վախենամ, հրահանգչի գործը չստացվի»:

Այդ տարիներին մեր բոլորիս, այդ թվում եւ քո ամենասիրած միջոցառումներց մեկը ծաղկի տոնն էր, որ անցկացնում էինք Խոսրովի անտառի մերձակայքում՝ հունիսի առաջին շաբաթ-կիրակի օրերին: Շրջանի հիմնարկ-ձեռնարկությունների երիտասարդական կոլեկտիվները խումբ-խումբ տեղավորվում էին վրաններում: Ուրախությունը չէր հանդարտվում ողջ գիշեր: Այն օրերին երկրում հակաալկոհոլային կամպանիա էր ծավալվել, եւ մարդիկ խմիչքն օգտագործում էին գաղտնի: Չնայած դրան, տոնի հաջորդ օրը ամեն վրանի առաջ շշերի կույտ էր գոյանում: Մի անգամ էլ,  նույն սկզբունքով՝   «առանց ալկոհոլի»,  կազմակերպեցինք կոմերիտական հարսանիք: Գիտե՞ս ինչու հիշեցի այդ մասին. բոլորս առերես պահում էինք վերեւից եկած հրահանգները, բայց իրականում անում էինք ուրիշ բան՝ ինչ մեզ էր ձեռնտու, կամ ինչ հարմար էինք գտնում: Սրանք մանրուքներ էին թվում:

Բայց տարբեր ոլորտներում հարյուրավոր նման մանրուքներ արժեզրկում էին այն օրերի պետական գաղափարախոսությունը: Ամբիոնից ասվում էր մի բան, արվում՝ ուրիշ բան: Վերեւինները ինչ կամայական որոշումներ ասես, որ չէին կայացնում, իսկ ներքեւինների ձայնն ո՞վ էր լուրջ ընդունում: Որոշումները շորի պես փորձում էին հագցնել բոլորին, առանց հաշվի առնելու երկրների առանձնահատկությունները: Սուտն ու աչքակապությունը դարձել էին կառավարման մեթոդ: Սուտն էլ հենց  քանդեց շատ հարցերում դրական արժեքներ ստեղծած այդ հզոր պետությունը: Բայց թույլ եմ տալիս ինձ ասելու, որ նույնիսկ այդ միջավայրում մենք անցնում էինք աշխատանքի կազմակերպման յուրահատուկ դպրոց: Այն ժամանակ կոմերիտական կազմակերպությունը միակն էր, որի շարքերում երիտասարդությունը  «կամավոր-պարտադիր» սկզբունքով ներգրավվում էր, փորձում բացահայտել իր ուժերն ու ունակությունները: Ոմանք դա անում էին սիրով ու խանդավառությամբ, անկեղծորեն հանդես բերելով իսկական նորարարություն, անկախ կազմակերպության գաղափարախոսությունից` ձեռնարկում լուրջ գործեր:

Ընդհանրապես, կոմերիտմիությունն այն դարբնոցն էր, ուր երիտասարդները ծանոթանում էին քաղաքական աշխատանքի այբուբենին՝ խոսքի, վարվեցողության կանոններին, ելույթներ, զեկուցումներ գրելու տեխնիկային, տիրապետում էին նախաձեռնություններ հանդես բերելու եւ դրանք կյանքի կոչելու արվեստին: Երբեմն աննշան թվացող գործերում ձեռք բերված փորձը հետագայում ծառայեցվում էր առավել կարեւոր խնդիրների լուծմանը: Արի խոստովանենք, որ այդ տարիներին ավելի կոփվեցին ու զորացան կազմակերպչի քո ունակությունն ու փորձը, որոնք քեզ քիչ չօգնեցին քո հետագա աշխատանքում: Լինել մի գործարանի երիտասարդության առաջնորդը, ուր ստեղծվում էր  հանրապետության բոլոր շեներում մեծ պահանջարկ ունեցող ամենակարեւոր շինանյութը, միայն պատիվ ու հպարտություն չէր, այլ մեծագույն պատասխանատվություն: Դու շրջանում այն եզակիներից էիր, որ երիտասարդ տարիքում արդեն գիտեիր, թե ինչ բան է արտադրությունը, գիտեիր մարդկանց հետ աշխատելու, ոգեւորելու գաղտնիքը:

Բա դպրո՜ցը. ժամանակին մանկավարժական պրակտիկայի մի ղեկավար ունեինք. ասում էր՝ ով կարողանում է դասարան ղեկավարել, նա կարող է ավելի մեծ կոլեկտիվ, անգամ երկիր ղեկավարել: Իսկ դու մի քանի տարի աշխատելով քո հայրենի գյուղում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, փառքով էիր անցել այդ փորձությունը եւս: Վկան՝ այն մեծ սերն ու համակրանքը, որ քո հանդեպ տածում էին աշակերտներդ, ուսուցիչ գործընկերներդ ու ընդհանրապես քեզ ճանաչողները: Քո պարագայում տարիների հետ իրար էին գումարվել ուսուցանողի հմտությունն ու երիտասարդությանն ընկալելու, նրա շահերն ու դեմքն անաղարտ ներկայացնելու կարողությունը: Ու եթե տարիներ անց ոմանք քո կենսագրությունը չիմանալով, զարմացած հարցնում էին, թե որտեղից ի հայտ եկավ կազմակերպելու, համակարգելու փորձը, գոնե ինձ համար պարզ ու տեսանելի էր դա: Թեեւ, այն էլ ասեմ, որ մարդու մեջ, եթե բնածին ունակություններ չեղան, միայն փորձով հեռու չես գնա: Իսկ քեզ Աստված տվել էր մի յուրահատուկ շնորհ՝ մարդկանց շուրջդ համախմբելու, նպատակադրվելիս ստեղծագործաբար ու վճռական գործելու դրսեւորմամբ: Մի անգամ ներկայացրել էիր կենսագրությունդ, ուր բաց էր թողնված կոմերիտական աշխատանքի ժամանակաշրջանը: Չգիտեմ, պատահական էր դա եղել, թե միտումնավոր, բայց դրանից քո որակները ո՛չ պակասեցին, ո՛չ էլ ավելացան:

Գիտե՞ս, եթե ունենայի համբերություն ու գեղեցիկ արտահայտվելու ձիրք, մի ամբողջ ստեղծագործություն կնվիրեի քո ծիծաղին: Ի՜նչ ուժ, ի՜նչ շռինդ ու լիցք, ի՜նչ ժայթքում: Ուղղակի հրաբուխ: Իսկական իններորդ ալիք: Այնքա՜ն վարակիչ: Եթե քեզ չճանաչեի, կուզեի գոնե մեկ անգամ լինել այն շրջապատում, ուր հնարավոր կլիներ վայելել այդ ծիծաղի հմայքը: Շատերը որեւէ լավ անեկդոտ, գեղեցիկ մի պատմություն մտապահում էին, որ քեզ հանդիպելիս ներկայացնեին, քանի որ այդպիսի պատումների արժեւորումը մարդկանցից պոկած ծիծաղն է: Իսկ քեզանից լավ ոչ ոք չէր կարող արձագանքել: Երբեմն հումորը ծնվում էր ինքնաբերաբար ու հետո տեղ գտնում մեր «խաղացանկում»: Մի անգամ խմբով գնացինք մեր տուն: Մեր ընկերներից մեկը նոր էր նշանվել: Դու, փորձելով կանխել հորս հնարավոր դիտողությունը, նրան խնդրեցիր, որ մեր նոր նշանված ընկերոջն ասի, որ ձեռքը դնի մեր գլխին: Հայրս հասկացավ դիտավորությունդ ու խիստ տոնով նայելով ինձ, քեզ ու մյուս ամուրիներին, ասաց. «Է՜, Վազգեն ջան, որ մարդու գլխին խելք չեղավ, ուզում ես ձեռք դիր, ուզում ես՝ ոտք, օգուտ չի տա»: Հետո սկսեցինք երեւակայել, թե ինչ կարող էր լինել մեր վիճակը, եթե մեր ժողովուրդը նման պարագայում ձեռք դնելու փոխարեն ա՛յլ սովորություն ունենար: Ամեն մեկիս վարկածը ծիծաղի նոր հորձանք էր բերում՝ մինչեւ արտասվելու աստիճան: Իսկ քո փառահեղ ծիծաղն ուղղակի  դետոնատորի դեր էր կատարում:

Մի անգամ զանգեցիր ուշ ժամի, իմացար, որ մասնակցել էի գյուղի հին կոմունիստներից մեկի թաղմանը: Հարցրեցիր՝ լա՞վ մարդ էր: Ասացի՝ խորությամբ չգիտեմ, բայց կուսքարտուղարը գերեզմանատանը խոսքն ավարտեց այսպես. «Գնաս բարով, մեր լավ ընկեր, քո աշխատանքը գնահատում ենք բավարար»: Մինչեւ հիմա ականջներումս է քո չհանդարտվող ծիծաղը: Հետո բացատրեցիր, որ մի պատմվածք ես գրել, որը չգիտես ինչպես ավարտել, ու դա շատ հարմար վերջաբան կլինի:

ՀԼԿԵՄ շրջկոմը տեղավորված էր պիոներ-տանը: Շենքում փորձեր էին անում գեղարվեստական խմբակները: Մնացյալ ժամանակ աղմուկ գրեթե չէր լինում: Երբեմն այդ ֆոնին լսվում էր ծիծաղի պայթյուն: Պարզվում էր, դու էիր եկել, ու հրահանգիչները քեզանից լսել կամ իրենք էին քեզ հրամցրել որեւէ հետաքրքիր պատմություն: Որեւէ մեկիս հետ պատահածը դու ավելի լավ էիր ներկայացնում, ու լսողներին թվում էր՝ դու ներկա ես եղել, կամ քեզ հետ է պատահել: Է՛, ո՞ւմ հետաքրքիր չէր լինի լսել իր մասին քեզանից: Մի արկած կար, որն ամենաշատն էր պատմվում: Կոմերիտական ակտիվի մի քանի ընկերներով արձակուրդն անցկացրել էինք Սոչիում: Գյուղերից մեկի քարտուղարն առաջին անգամ համբույր էր ստացել ռուս աղջկանից: Թե ինչ ապրումներ էր ունեցել դիպվածի հերոսը, եւ թե ինչպես էր դա նրան «հաջողվել», քո ներկայացմամբ ստացվում էր ավելի դրամատիկ, քան ֆրանսիացի ժողովրդի կողմից Բաստիլի գրավումը:  

Շատ յուրահատուկ էր երգելուդ շնորհը: Ի տարբերություն պրոֆեսիոնալ երգի, որը հաճախ մաքուր, բայց «թորած ջրի» է նմանվում, քո երգն ասես սարի ինքնաբուխ աղբյուրի քչքչան ու մաքուր ջուր լիներ: Կարեւորը՝ հոգուցդ էր բխում: Երբ երգելու ցանկություն էիր ունենում, չէիր սպասում, որ որեւէ մեկը խնդրեր. ինքդ էիր նախաձեռնում: Սկսում էիր «Խեղճ մշեցուց», ապա «Դե զարկեք, զարկե՛քը» հասցնում տրամաբանական ավարտին: Արանքում էլ, երբեմն, որպես ուրախ տուշի՝ «Նամակ, նամակ, նամակ էլ կստանաս…»: Մի խոսքով, որտեղ դու էիր, այնտեղ էին երգն ու ծիծաղը:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ

Շարունակելի