Անավարտ զրույցներ

Անավարտ զրույցներ

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձին

Սկիզբը՝ նախորդ համարում

Ամեն անգամ Չարենցի արձանին նայելիս այն երեւում է յուրովի: Որովհետեւ տարբեր կողմերից Չարենցը տարբեր է: Մարդն իր օրերում ունեցել է բազմաշերտ դրսեւորումներ: Ասես մի քանի տեսակի մարդու կյանք ու ճակատագիր է խառնվել մարդկային մեկ կերպարի մեջ: Քո անցած մարմնեղեն 40 տարիները եւս խիստ պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի մասերի: Մինչեւ 1989 թիվը քո ինքնադրսեւորման ձեւերը ճշտելու, տեղդ գտնելու, պրպտումների ու դեգերումների ժամանակն էր: Այն պարզապես կանվանեի ռոմանտիկայի շրջան: Այդ ժամանակի բնույթը պայմանավորում էին հասարակական հսկա օվկիանոսի խելահեղ ալիքները: Մենք սոսկ երազողներ էինք: Գորբաչովյան վերակառուցման գաղափարները հույսեր էին արթնացրել բոլոր միութենական հանրապետություններում, առավել եւս՝ երիտասարդության շրջանում: Սովետների հսկա երկրում ինչ-որ թարմ շունչ էր թեւածում: Բոլորն ընդունում էին, որ հին ձեւով շարունակել հնարավոր չէ, որ կյանքը պետք է փոխել: Բայց ինչպե՞ս եւ ի՞նչ ուղղությամբ, ոչ ոք ստույգ չգիտեր: Ամենուր բուռն բանավեճեր էին:

Ոմանք հավատում էին փոփոխությունների ընթացքին, ոմանք էլ թերահավատորեն վստահեցնում էին, որ դրանք էական բնույթ չեն կրի, կլինեն ձեւական ու կմնան թղթի վրա: Ահա ինչու, ընդհանուր ոգեւորության եւ նոր արթնացած հույսի մթնոլորտում, այդուհանդերձ, կար զգուշավորություն ու կաշկանդվածություն: Իսկ երկրի փլուզման մասին խոսակցություններն այն օրերին միայն զավեշտ կարող էին առաջացնել: Դեռեւս առջեւում էր հոգեբանական բեկվածքի ժամանակը: Բայց գիտե՞ս ինչն էր այն օրերում զարմանալին. այն համոզմունքը, որ, այդուհանդերձ, ինչ-որ բան է տեղի ունենալու, որում մենք՝ երիտասարդներս, ունենալու էինք որոշակի դերակատարություն: Չեմ թաքցնում, ես կարծում էի, թե մեր անելիքն առնչվելու է խորհրդային երկրի վերափոխմանը, նրա կատարելագործմանը, բայց ո՛չ կործանմանը: Ինձ թվում էր, որ բավական է մարդիկ լինեն օրինապաշտ, ամեն ինչ կընկնի իր տեղը: Ասեմ, որ դու շատ ավելի գործնական էիր ու իրատես: Կյանքը ցույց տվեց, որ նաեւ ավելի ճկուն էիր, որի առանձին դրսեւորումներում մենք ունեցանք տարաձայնություններ: Այն օրերին ես համոզված սոցիալիստական հայացքներ ունեի, որը, ով գիտե, գուցե մինչեւ հիմա էլ կրում եմ իմ մեջ:

1986 թվի աշնանը ես ոգեւորված նախապատրաստվում էի շրջանային կազմակերպության կոնֆերանսին, որից հետո տեղի էր ունենալու ՀԼԿԵՄ 30-րդ համագումարը: Կարդամ այդ օրերի մասին գրառումներս. «Պատգամավորների կազմում անպայման պետք է լինեին մեկական խաղողագործ, ծխախոտագործ, բանջարաբույծ, կթվորուհի, տրակտորիստ, վարորդ, ուսուցիչ, խոշոր ձեռնարկությունների ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, կոմերիտական քարտուղարներ եւ այլն»: Ողջ ցուցակը գրեթե պատրաստ էր: Միայն մեկ տեղ էր մնացել ազատ, որը պիտի դարձյալ համաձայնեցվեր կուսշրջկոմի քարտուղարի հետ: Ցուցակում արդեն կար ցեմ-շիֆերի կոմբինատի բանվոր երիտասարդի անուն, եւ նույն կազմակերպությունից երկրորդին ցուցակում ընդգրկելը դառնում էր քիչ հավանական:

Ստեղծվել էր դրամատիկ մի իրավիճակ, երբ ցուցակից կարող էր դուրս մնալ շրջանի արդյունաբերական գիգանտի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարը` Վազգեն Սարգսյանը: Ինչպե՞ս վարվել: Կուսշրջկոմում ասացին, որ որոշում կայացնելու ազատություն են տալիս, միայն թե պետք է լինել անաչառ: Այդ դեպքում էլ ո՞վ, եթե ոչ Վազգենը: Նա ուներ աշխատանքային իր ոճը: Եթե շաբաթօրյակ էին անում, ապա նա առաջինն էր վերցնում բահը կամ մոտենում` բարձրացնելու ծանր մետաղը: Վազգենի հետ անհնարին էր գլուխ պահելը: Ամենաանտարբերներն էլ համակվում էին պատասխանատվությամբ, երբ տեսնում էին, թե նա ինչպես է ինքնամոռաց իր գործն անում: Այդպես էր նաեւ ֆուտբոլ խաղալիս: Ներդնում էր ողջ էներգիան, անհատական խաղով չէր տարվում, փոխանցումը կատարում էր ճիշտ ժամանակին` տարբերություն չդնելով ու չբաժանելով խաղընկերներին լավի ու վատի: Դրա հետ մեկտեղ շատ էր նեղվում, եթե ընկերներն էլ նույնկերպ չէին վարվում: Վազգենի հմայքին, սակայն, առավել հզոր ուժ էր հաղորդում այն հանգամանքը, որ նա ստեղծագործում էր, եւ նրա պատմվածքները վերջին մի քանի տարիներին տպագրվում էին հանրապետական մամուլում: Այն ժամանակ մամուլը գերհզոր ուժ էր: Ամեն մի տպագրություն ունենում էր մեծ արձագանք: Նրա ստեղծագործությունները լեցուն էին հայրենասիրական տագնապով ու կրում էին ազգային մտածողության դրոշմը, որով նա իր` զվարճությունների սիրահար ու անհոգ ապրող հասակակիցներից անհամեմատ առաջ էր անցել եւ հենց դրանով իսկ նվաճել բարոյական իրավունք` երբեւէ կոչելու նրանց սրբազան պայքարի: Իսկ այն օրերին շրջանի երիտասարդությունը պարզապես հպարտանում էր, որ իր միջից դուրս է եկել մեկը, ով կարողանում է տպագրության արժանի խոսք ասել:

Հերթական տպագրությունից հետո մի քանի շաբաթ քննարկվում էր նյութը: Ամեն ոք փորձում էր անձնապես հանդիպել Վազգենին ու ասել իր կարծիքը, որպես կանոն` հիացական: Այդ օրերին` շրջանային միջոցառումներից առաջ, հաճախ հնչող հարցերից էր. «Վազգենը գալո՞ւ է»: Վազգենի ընկերակցությունն ուժ եւ հեղինակություն էր հաղորդում յուրաքանչյուրին: Վազգենն իր խոսքով կարող էր բարձրացնել կամ գցել յուրաքանչյուրի հեղինակությունը: Բայց նա երբեք ի չարը չէր գործադրում իր այդ մոգական ուժը: Նա շիտակ էր, ընկերների նկատմամբ` ազնիվ ու տանել չէր կարողանում այլոց անազնվությունը, անկախ նրանից՝ դա արտահայտվել էր ի՞ր, թե՞ մեկ ուրիշի հանդեպ: Նա կրքոտ կանգնած էր իր համոզմունքի, դիրքորոշման թիկունքում: Բայց երբ պատահում էր, որ իր ասածի կամ արածի մասին ինքը վերլուծաբար հետո փոխում էր կարծիքը, շիտակորեն խոստովանում էր այդ մասին, ներողություն խնդրում «Իմ կողմից ազնիվ չէր», «Ես ճիշտ չէի» արտահայտություններով:

Երեւի դրանից էր, որ Վազգենին չսիրողներ ու նախանձողներ այն օրերին գրեթե չկային: Յուրաքանչյուր ոք, ով շփվում էր Վազգենի հետ, դառնում էր նրա ընկերն ու բարեկամը, եւ անկախ ժամանակից, ամիսներ կամ տարիներ անց հանդիպելիս, Վազգենի հետ ձեռքսեղմումը դառնում էր վերջին հանդիպման տրամաբանական շարունակությունը: Վազգենը շրջապատի հետ հարաբերվում էր այնպես, որ ամեն մեկին թվում էր, թե ինքն է նրա ամենամոտ ընկերը: Ամեն մեկը Վազգենի հոգում ուներ իր տեղը` միայն իրեն պատկանող անկյունը: Վազգենի վերաբերմունքից ամեն մեկն զգում էր իր այդ տեղն ու դիրքը, որը չէր խանգարում մյուսների ներկայությանն ու ընկերակցությանը: Վազգենի շուրջը հավաքվածները հասկանում էին, որ իրենք բոլորը նույն ընկերության տարբեր օղակներն էին` շղթան իրար միացնող մի գեղեցիկ ու շքեղ ճարմանդով: Դա Վազգենն էր: 1986 թ. աշնանը Վազգենն Արարատի շրջանի երիտասարդության ֆավորիտն էր ու ոչ պաշտոնական լիդերը… Կոնֆերանսի մասնակիցները խանդավառությամբ ու հոտնկայս ծափահարություններով ընդունեցին համագումարի պատվիրակների անունների ընթերցումը:

Վերջինը Վազգեն Սարգսյանի անունն էր: ՀԼԿԵՄ 30-րդ համագումարում նույն դահլիճում էին գտնվում ապագա ՀՀ ազգային երկու հերոսներ՝ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Սերոբի Դեմիրճյանը՝ նախագահությունում, եւ դեռեւս Արարատի ցեմ-շիֆերի կոմբինատի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար Վազգեն Զավենի Սարգսյանը՝ դահլիճում: Մեկը՝ իր փառքի գագաթնակետին, մյուսը՝ փառքի բարձունքը տանող ճանապարհի սկզբին: Կարեն Սերոբիչը, նայելով երիտասարդներով լեփ-լեցուն դահլիճին, ասաց. - Գիտե՞ք, թե ինչու ենք ձեզ վստահում․ որովհետեւ հավատում ենք: Ո՞վ կմտածեր, որ այս բառերը նա կրկնելու էր տասներկու տարի անց՝ 1999 թվին, միայն թե եզակի թվով՝ ուղղված արդեն Սպարապետ Վազգեն Սարգսյանին, ում հետ ձեւավորելու էր «Միասնություն» դաշինքը՝ երկրի ու ժողովրդի համար կարեւորագույն պահին պատասխանատվություն ստանձնող ուժը: Իսկ 1986 թվի վերջին Վազգենի հոգին արդեն երկնել էր «Հացի փորձություն» վիպակը: Քչերը գիտեին, թե հայրենասիրական ինչ եռք էր նրա ներսում: Երբեմն-երբեմն չէր էլ կարողանում դա թաքցնել: Համագումարի աշխատանքների առաջին օրվա ավարտից հետո Արարատի շրջանի քսան պատվիրակներով հավաքվեցինք հյուրանոցի իմ համեմատաբար ընդարձակ սենյակում:

Մեր շրջանի ադրբեջանուհի պատվիրակը՝ Խուրամանը, հրավիրել էր նաեւ վարդենիսցի իր ընկերուհուն: Ինչ-որ մեկը հարցրեց, թե շա՞տ են արդյոք ադրբեջանցիները Վարդենիսում: Աղջիկն ասաց, որ բնակչության համարյա 90 տոկոսն են: Հենց այդ պահին Խուրամանը հաղթականորեն հայտարարեց.

- Մի քիչ համբերեք, Արարատում էլ նույնը կլինի: Վազգենը, որ կողքիս էր նստած, ձեռքը մեկնեց հսկա ծաղկամանին: Ես հազիվ օդի մեջ բռնեցի նրա ձեռքը, ընկերներից մեկը խլեց սափորը, ու արագ Վազգենին դուրս բերեցինք սենյակից:

- Ի՞նչ պատահեց,- գրեթե նեղացած հարցրեցի ես:

- Չլսեցի՞ր ինչ էր ասում,- չէր հանդարտվում նա:

Իզուր էինք նրան համոզում շշուկով խոսել: Դիվանագիտական կոկետությունների ժամանակը Վազգենի համար վաղուց էր անցել:

Շարունակելի

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ