Ո՞ւմ ենք հիմարի տեղ դնում՝ ռուսի՞ն, թե՞ եվրոպացուն

Ո՞ւմ ենք հիմարի տեղ դնում՝ ռուսի՞ն, թե՞ եվրոպացուն

Նիկոլ Փաշինյանի աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Չէ, բիբլիական իմաստով Հիսուս Քրիստոսի արած այս արտահայտությունն, իհարկե, արդարացված է, եթե մարդն, օրինակ, բարեգործություն է անում, ու չի թմբկահարում դա։ Բայց պետության ղեկավարի դեպքում նման պահվածքն առնվազն խոսում է չհամաձայնեցված, միմյանց հակասող, հետևապես խիստ վտանգավոր գործողությունների ու հայտարարությունների մասին, որոնց ամեն օր ականատես ենք լինում։

ՀՀ կառավարության վերջին նիստին, օրինակ, գործադիրը հավանություն տվեց ԵԱՏՄ երկրների և երրորդ երկրների ապրանքների համար մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի ստորագրմանը: Եւ հենց այդ նույն նիստում Փաշինյանը անդրադառնում է մարտի 14-ին ԵԽ ընդունած «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևին, հատարարում է, որ այն դրվելու է հանրային քննարկման, հիշեցնում է ԵԽ ամբիոնից հնչեցրած իր արտահայտությունը՝ որ ՀՀ-ն պատրաստ է այնքան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։

Հիմա, եթե մենք ԵՄ անդամության հայտ ենք ներկայացնում, ինչո՞ւ ենք խորացնում ԵԱՏՄ ինտեգրումը, ինչո՞ւ ենք ընդունում փաստաթղթեր, որոնցից հետագայում պետք է հրաժարվենք։ Ու հետո հավակնում ենք, որ եւ՛ ռուսները մեզ օգնեն, եւ՛ Եվրոպան աջակցի, երբ ԵՄ անդամության հայտ ներկայացնենք։ Ո՞ւմ ենք հիմարի տեղ դնում՝ ռուսի՞ն, թե՞ եվրոպացուն։