Մեղադրանք չկա, բայց մարդուն ներկայացրել են կալանքի. Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան

Մեղադրանք չկա, բայց մարդուն ներկայացրել են կալանքի. Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, կալանավորեց գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Ռոբերտ Սուքիասյանին։

Պաշտպան Գոռ Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը դատավորից սպասում էր նման որոշում. «Ամբողջությամբ ստացել եմ որոշումը, սակայն չեմ հասցրել ծանոթանալ։ Չեմ պատկերացնում` ինչ պետք է գրված լինի»։

Նա նշեց, որ դատարանի այս որոշումը ապօրինի է. «Մեղադրանք չկա առաջադրված, բայց այդ մարդուն ներկայացրել են կալանքի, սա ՀՀ-ում առաջին դեպքն է»։

Նա նշեց, որ ցուցմունք տվել է իր պաշտպանյալը, շատ չմանրամասնելով ասաց` ընդունել է, որ ինքն է կրակել, բայց դա եղել է ինքնապաշտպանության նպատակով։

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ իշխանության ներկայացուցչի դեպքում դատարանը նման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ իշխանականների նկատմամբ շատ ավելի մեղմ են, պաշտպանն ասաց.

«Իմ կարծիքով` փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ իրենց ցույց տալ, թե իբր իրենք օբյեկտիվ են, սակայն այս որոշումը, ով էլ լիներ, այս պայմաններում չէր կարող կալանքի որոշում կայացնել»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել էր Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։