Լերմոնտովյան ընթերցումներ

Լերմոնտովյան ընթերցումներ

Նախքան բուն նյութին անցնելը, կցանկանայի հիշել ռուսերենի իմ ուսուցչուհուն՝ Գալինա Գառնիկի Էրզրումյանին: Իրապես արիստոկրատ հայուհի, կանացիության իդեալ, հոգեպես հարուստ մի անձնավորություն: Ծնվել էր Կրասնոդարում, նախնիները գաղթել էին Արեւմտյան Հայաստանից:

Մի օր պատմեց ֆաշիստական օկուպացիայի մասին: Նա հետաքրքիր զգացողությամբ, բայց ոչ դառնությամբ էր հիշում այդ օրերը: Ասում էր՝ գերմանացիներն ապրում էին իրենց տան հարեւանությամբ: Նա հիշում էր, թե ինչպիսին էր գերմանացիների վարքագիծը. ամեն օր սափրվում էին, օծանելիք օգտագործում, բավական կոռեկտ էին պահում իրենց:

Գալինան այդ ժամանակ 16-ամյա սքանչելի աղջիկ է եղել, թեպետ 60 տարեկանում էլ նրա շարմին կնախանձեր Մեծ Բրիտանիայի թագուհին, նույնիսկ՝ արքայադուստր Դիանան: Նա հատկապես հիշում էր, թե գերմանացիներն ինչպես էին դիմում իր մայրիկին. «Можно, Галина поиграет с нами в карты?»։ Գետինը մտնեն հիմիկվա, ազգային արժանապատվությունից զուրկ գերմանացիները… Ցավով եմ դա ասում. ինչպե՞ս կարելի էր այս վիճակին հասցնել այդ երկիրն ու ժողովրդին. դեմոկրատիա, տոլերանտություն եւ այլ աղբ…

Երախտապարտ եմ նրան՝ ռուսական մշակույթին ինձ հաղորդակից դարձնելու համար: Ճիշտ է այն, որ ցանկացած երեխա նախ պետք է ընդունի ու ընկալի իր ուսուցչին՝ նրա առարկան սիրով ուսումնասիրելու համար:

Միխայիլ Լերմոնտովին, ինչպես ռուս մյուս դասականների ժառանգությանը, հաղորդակից դարձա դպրոցական (հայկական դպրոցում) տարիներին: Լերմոնտովն ուրիշ էր: Նրան վերաբերող դասից հետո, երեւի, 4-5 անգամ կինոթատրոնում  ընկերներիս հետ նայել եմ «Герой нашего времени»-ն: Բելայի կերպարը հմայիչ էր, ու չնայած իր կրած փորձություններին, նա առաքինի էր, վեհանձն, արժանապատիվ: Պեչորինը ռոմանտիզմի դարաշրջանի բայրոնյան հերոսի եւ «ավելորդ մարդուն» բնորոշ կողմերի համադրությունն է, ով իրեն չի գտել: Մի խոսքով՝ կարեկցանքի արժանի կերպար:
Հայկական դառն իրականությունը ստիպեց վերհիշել Լերմոնտովի մեկ այլ ստեղծագործություն: Նա, նախքան Կովկաս մեկնելը, որտեղ, որպես ռուսական բանակի սպա, պետք է իր ծառայությունն անցկացներ, գրել է հետեւյալ տողերը. 
Прощай, немытая Россiя,
И вы мундиры голубые,
И ты, послушный им народъ.
Быть можетъ, за хребтом Кавказа
Укроюсь отъ твоихъ пашей,
Отъ ихъ всевидящаго глаза,
Отъ ихъ всеслышашихъ ушей. 

Սարսափեցի այն մտքից, թե որքան ակտուալ են այս մտքերը՝ մոտ 200 տարի անց: Ապշեցի, որ, գուցե, Հայաստանից արտագաղթողները նույն զգացողություններն ունեն, ուղղակի առաջին տողը պետք վերաձեւակերպել. Прощай, немытая Арменiя, իսկ за хребтом Кавказа-ն պետք է հասկանալ այս կողմից:

ՀԳ. Ընդամենը 7 տող: Եթե բոլորս հասկանանք դրանց խոր իմաստը, դեռ հնարավոր է ամեն ինչ շտկել, հնարավոր է տեսնել ազգային վերածնունդը: 

Ի դեպ, Լերմոնտովին է պատկանում մեզանում հաճախ օգտագործվող հետեւյալ արտահայտությունը. «Всё это было бы смешно, Когда бы не было так грустно». А.О. Смирновой բանաստեղծությունից.
Что делать? - речью безыскусной
Ваш ум занять мне не дано…
Всё это было бы смешно,
Когда бы не было так грустно.

Գագիկ Վարդանյան