Հանճարե՞ղ գաղափար

Հանճարե՞ղ գաղափար

Երբ Հայաստանի ԱԳՆ-ն մանտրայի նման անընդհատ կրկնում է հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման նիկոլական գաղափարը՝ ուզում եմ հասկանալ, թե դա գիտակցված է, արդյոք, արվում: Որովհետև նման տեղաշարժ կատարելու համար պետք է հստակեցված լինեն մի շարք հանգամանքներ: Անհրաժեշտ է, նախ, ճշգրտել հայ-ադրբեջանական սահմանը: Ինչը հենց ադրբեջանցիների պահանջն է: Իսկ սահմանի ճշգրտումն, ինչպես հայտնի է, իրականացվում է սահմանագծման և սահմանազատման միջոցով: Երկրորդ, ինչը հակասում է առաջին կետին, 2021 թվականին Գուգլի վիրտուալ քարտեզների միջոցով արդեն կատարված ճշգրտումն էր: Ինչի շնորհիվ, ի դեպ, ՀՀ Սյունիքի մարզում Ադրբեջանը ստացավ բազմաթիվ տարածքներ ու այդ թվում Երևան-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը: Երրորդ, Հայաստանից, Նիկոլենց ասելով, 200 քառ կմ տարածք գրաված թշնամին ինչ տրամաբանությամբ է հետ քաշելու զորքերը: Այսինքն՝ հենց իրենց գրավա՞ծ տարածքից, Գուգլի գծա՞ծ, թե՞ դեռևս ճշգրտման կարիք ունեցող սահմանից: 

Եվ վերջապես ամենակարևոր հարցը՝ ո՞ր քարտեզների հիման վրա է որոշվելու սահմանագիծը: Խորհդային Միության Գլխավոր շտաբի՞ ամենավերջին քարտեզների՝ ինչպես ՀՀ ԱԳՆ-ն է առաջարկում, թե՞ 100 տարվա հնության՝ ինչպես Ադրբեջանն է պահանջում: Այդ առումով առկա է մեկ այլ խնդրահարույց հանգամանք. ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը խոսում է հետխորհրդային իրողություններից՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հանդիպման ժամանակ արձանագրված՝ խորհրդային հանրապետությունների վարչական սահմանների մասին: Այնինչ, հետխորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ինքը ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ 100 տարի առաջվա Ադրբեջանի իրավահաջորդն է: Այսինքն, խորհրդային վարչական սահմանները չեն ընդունում: Դրան գումարած՝ ի՞նչ քարտեզներն են դրվելու հիմքում, եթե 100 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության և Ադրբեջանի, այսպես կոչված, դեմոկրատական հանրապետության միջև առկա չեն եղել ճշգրտված սահմաններ: Էլ չասած, որ Հայաստանն ու Ադրբեջանը համարտությունների պատճառներով չեն հասցրել դառնալ Ազգերի լիգայի (ՄԱԿ-ին նախորդած նույն բնույթի կառույցը) անդամ: Այսինքն, առկա չի եղել սահմանների միջազգային ճանաչում:

Երբ այս ամենը դնում ես իրար կողքի՝ մտածում ես, թե դրանք չե՞ն գիտակցվում մեր ԱԳՆ-ի կողմից, թե՞ Միրզոյան Արոն էլ է մտածում, որ այս հակասությունները հաղթահարելի են, այն էլ կարճ ժամանակում: Թե՞ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման նիկոլական գաղափարն ընդամենը խաղաղության պայմանագիր կնքելը հետաձգելու նպատակ է հետապնդում: Կամ էլ, այնուամենայնիվ, ժամանակին Նիկոլն, իր կարծիքով, հանճարեղ գաղափար է երկնել ու չի ցանկանում հրաժարվել դրանից: Ինչը, ճիշտն ասած, ավելի հոգեհարազատ է երբեմնի «դուխով», իսկ հետո «խեղճ հարիֆի» վերածված Նիկոլին: