Վահագն Խաչատուրյանը ոչ թե պետք է պահպանի, այլ` վերականգնի սահմանադրական կարգը

Վահագն Խաչատուրյանը ոչ թե պետք է պահպանի, այլ` վերականգնի սահմանադրական կարգը

Մեր զրուցակիցը նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն է:

- Գործող իշխանությունների նախագահի թեկնածուն Վահագն Խաչատուրյանն է: Եթե համեմատենք նախկին նախագահ Արմեն Սարգսյանին եւ Վահագն Խաչատուրյանին, ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ կարող եք առանձնացնել:

- Երբեք մտքովս չի անցել այդ մարդկանց համեմատել: Հիմա համեմատություն կատարելը մի փոքր բարդ է: Ես՝ ինքս, բավարարված չեմ Արմեն Սարգսյանի գործունեությամբ: Ասեմ ավելին` բացարձակապես բավարարված չեմ: Անգամ այդ մասին ասելու հրապարակավ առիթ եմ ունեցել, թեպետ նաեւ ժամանակին ԱԺ-ում ի պաշտպանություն Արմեն Սարգսյանի ելույթ եմ ունեցել, ինչի համար հիմա զղջում եմ, կողմ եմ քվեարկել նրա թեկնածությանը՝ ենթադրելով, որ նրա փորձառությունն ու հմտությունները գուցե նախագահի ինստիտուտը կայացնելու հարցում դերակատարություն ունենան: Նախագահի ինստիտուտը մեզանում կայացած չէ: Ես ենթադրում էի, որ նախագահն իր էությամբ, իր անհատական կարողություններով կարող է այդ ինստիտուտը կայացնել: Ցավոք, մենք դրա ականատեսը չեղանք: Չեղանք ոչ միայն դրա ականատեսը, այլեւ նախագահն ուղղակիորեն տապալեց Սահմանադրությամբ իրեն վերապահված բալանսը: Իսկ ահա Վահագն Խաչատուրյանն իրավական, սահմանադրական առումով ավելի պատասխանատու կարող է լինել: Բայց կա մեկ թերություն. մեր Սահմանադրությամբ նախագահը պետք է անկուսակցական լինի: Այնպես չէ, որ մի քանի օր առաջ կուսակցությունը լքեցիր, հիմա համարվում ես անկուսակցական: Վահագն Խաչատուրյանը թեպետ ՀԱԿ-ից դուրս է եկել, սակայն իր էությամբ, իր ընկալումներով, ինչու չէ՝ նաեւ իր կապերով շարունակում է մնալ նույն Վահագն Խաչատուրյանը, եւ դա օբյեկտիվ է: Մարդը չի կարող մեկ օրում փոխվել:

- Իսկ Վահագն Խաչատուրյանի տեսակի մասին ի՞նչ կասեք: Նա կամայի՞ն է` ըստ Ձեզ: Կարո՞ղ է ինչ-ինչ հարցերում իր դիրքորոշումը պնդել, թե՞ հլու-հնազանդ կատարելու է վարչապետի հրամանները:

- Ես նրա հետ մտերիմ չեմ եղել: Նիկոլ Փաշինյանը բոլորովին վերջերս նշեց, որ նախագահը պետք է ներդաշնակ լինի օրվա իշխանությունների հետ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Վահագն Խաչատուրյանի պարագայում այդ ամենը կարող է տեղի չունենալ:

- Այսինքն` Վահագն Խաչատուրյանը կընդդիմանա՞ օրվա իշխանություններին, եթե դրա կարիքը լինի:

- Այսինքն` նրա քաղաքական անցյալը, ինչու չէ՝ էությունը կարող են նրան թույլ չտալ դավաճանել սկզբունքներին: Այլ հարց է, թե այդ սկզբունքները որքանով օգտակար կլինեն հանրային կյանքին, սակայն որ կարող են լինել հակասություններ քաղաքական մեծամասնության եւ նախագահի միջեւ, ես չեմ բացառում, բայց չեմ էլ կարող պնդել: Պետք է ենթադրել, որ վարչապետն եւ Վահագն Խաչատուրյանն ունեցել են նախնական զրույց, վերջիվերջո, Խաչատուրյանին վստահվել է մի ամբողջ ինստիտուտ, հետեւաբար՝ ինչ-ինչ ներդաշնակության երաշխիքներ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ տեսել է: Հաշվի առնելով Խաչատուրյանի քաղաքական անցյալը, մարդկային տեսակը, կարող է հետագայում առաջանալ նաեւ շահերի բախում: Բոլոր դեպքերում, անկախ ամեն ինչից, Վահագն Խաչատուրյանը պետք է գիտակցի, որ ինքը ստանձնելու է բացառիկ պատասխանատվություն: Ոչ թե պետք է պահպանել, այլ` վերականգնել սահմանադրական կարգը․ սա պետք է նրա սրբազան պարտքը լինի: Կկարողանա՞ անել դա, նշանակում է, որ կարելի է ասել՝ իր մոտ ստացվեց, որովհետեւ, նորից եմ կրկնում, նախագահի ինստիտուտը դեռ կայացման անհրաժեշտություն ունի: Վահագն Խաչատուրյանը պետք է գիտակցի, որ հանրությունն իրենից սպասում է նախագահի ինստիտուտի կայացումը: