Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների է պատրաստվում

Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների է պատրաստվում

Այսօր գրեթե չկա քաղաքական ուժ, որը չի պահանջում վարչապետի հրաժարականը, իսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Դրանք պետք է կայանան առաջիկա ամիսներին։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, նոր ընտրություններով հետպատերազմյան մթնոլորտը կլիցքաթափվի, կհայտարարի, որ կատարում է ընդդիմադիրների պահանջը։ Սակայն այստեղ կա մի «բայց»․ ընդդիմության առաջարկած «ճանապարհային քարտեզի» համաձայն, Փաշինյանը հրաժարական է տալիս, վարչապետի պաշտոնում նշանակվում է քաղաքական դաշտի կոնսենսուսային թեկնածու, ընդ որում՝ այնպիսի մարդ, ով չպետք է հավակնի մասնակցել արտահերթ ընտրություններին, որպեսզի ստեղծված լարված իրավիճակում կարողանա դառնալ ազատ, արդար ընտրությունների արբիտր։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ներքո անցկացվելիք ընտրություններն արդեն իսկ ենթադրում են վարչական լծակի օգտագործում, անհավասար պայմաններ եւ արդյունքում կանխատեսելի ընտրություն՝ իշխանության հաղթանակով։ Եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանական լծակները չի օգտագործի ընտրապայքարում, միեւնույն է՝ իներցիայով, վախով պայմանավորված՝ պետական աշխատողները քվեարկելու են օրվա իշխանության օգտին։

Հենց այս պատճառով էլ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ մի քանի ամիս էլ ձգելու եւ իր վարչապետությամբ ընտրություններ անցկացնելու համար։ Կարծում ենք՝ պատահական չէ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով 2018 թվականից մասնակցում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացին, մի քանի օր առաջ Ֆեյսբուքով տեղեկացրեց, որ «արդեն մի քանի օր է, ինչ վերսկսվել են Ընտրական օրենսգրքի քննարկումները: Աշխատանքներն ընթանում են նախապատերազմականից ավելի ինտենսիվ կերպով»։

Երեկ նա մեզ հետ զրույցում, իհարկե, հերքեց, թե քաղաքական ղեկավարությունից է նման պատվեր ստացել, սակայն Իոաննիսյանի հերքումն ինքնին խոսուն է․ «Վստահեցնում եմ, որ պրոցեսի արագացման հետ կապված՝ քաղաքական պատվեր չկա»։ Ապա անդրադառնալով առաջիկա ամիսներին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին մեր տեղեկություններին՝ դրանք «բամբասանք» որակեց։ Մեր դիտարկմանը, թե որտեղից իրեն նման վստահություն, իրեն ասել են, որ, օրինակ, առաջիկա երկու-երեք ամիսներին ընտրություններ չեն լինելու, այդ պատճառո՞վ է բամբասանք որակում, ասաց․ «Չէ՜, ես նկատի ունեմ․․․ Չգիտեմ, ես դրա մեջ առանձնապես չեմ մտնում»։

Դանիել Իոաննիսյանի կարծիքով, մոտավոր հաշվարկով՝ մինչեւ մարտ հնարավոր է նոր Ընտրական օրենսգիրք ունենալ․ «Ամեն դեպքում, կարելի է պրոցեսը նաեւ արագացնել»։ Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաների համաձայն, ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ է հարկավոր օրենսգիրքը փոխել, որպեսզի քաղաքական ուժերին ադապտացվելու, պատրաստվելու շանս տալ, այդուհանդերձ, Իոաննիսյանի կարծիքով, ստեղծված իրավիճակում կարելի է նաեւ չհետեւել Վենետիկի ոչ իմպերատիվ պահանջին։ 

Իսկ ի՞նչ առանցքային փոփոխություններ են սպասվում Ընտրական օրենսգրքում։ «Բովանդակային առումով շատ մոտիկ է 2018 թվականին մշակված, բայց չընդունված տարբերակին։ Մի քիչ փոփոխություն եղել է, օրինակ՝ ավելի խորացված ենք աշխատել նախընտրական քարոզարշավի կանոնակարգումների վրա, որպեսզի հավասար հնարավորություններ ստեղծվեն, իշխանություն եւ փող ունենալն ավելի քիչ հնարավորություններ ստեղծի»։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր զանգերին երեկ ողջ օրվա ընթացքում չպատասխանեց, հավանաբար, արդեն լծվել է ընտրությունները կազմակերպելու աշխատանքին եւ ժամանակ չունի, ուստի Դանիել Իոաննիսյանից՝ նաեւ որպես ընտրական գործընթացներին տարիներ շարունակ ակտիվ մասնակցություն ունեցած ՀԿ ղեկավար, հետաքրքրվեցինք, թե որքան ժամանակ կպահանջվի արտահերթ ընտրություններ անցկացնելու նախապատրաստական աշխատանքների համար։ Պարզվեց՝ մոտ երկու ամիս, իսկ եթե ուզում ենք ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղակայել, ապա՝ ավելի երկար։

Այսպիսով, ընդդիմադիր ուժերը եթե չեն կարողանում այլ ճանապարհով հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ապա հենց այսօրվանից պետք է պատրաստվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների․ սա է մնալու Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելու միակ ճանապարհը։ Կկարողանա՞ն արդյոք դասեր քաղել անցյալից, մի կողմ թողնել բոլոր ամբիցիաներն ու տարաձայնությունները եւ իշխանության դեմ պայքարել միասնական ճակատով, ինչպես այսօր 17 կուսակցություններն են, դժվար է ասել, բայց մի բան հստակ է, առանձին-առանձին մասնակցությունը շանսերն էականորեն կնվազեցնի։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը Նիկոլ Փաշինյանի վարչապետության ներքո արտահերթ ընտրությունների հնարավորության եւ իրենց մասնակցության մասին մեր հարցին ի պատասխան ասաց․ «Գիտեք, ղարաբաղյան կոլապսից հետո, երբ մենք կորցրինք հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք, եւ մեր զավակներն ու եղբայրները դարձան այս իշխանության եւ նրա առաջնորդի հանցավոր թողտվության  զոհերը, Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է պատկերացնել։ Բայց պատկերացնելը մի բան է, իսկ համազգային դիմադրություն ստեղծելը եւ թույլ չտալը, որ այս մոլագարն իր մտքերն իրականացնի, մի այլ բան է։ Ես երկրորդ ճանապարհի կողմնակիցն եմ, եւ պետք է պայքարել ու ժամ առաջ ազատվել այս պատուհասից»։

Եթե հեռացնել չհաջողվի, եւ առաջիկայում նա արտահերթ ընտրություններ հայտարարի, ընդդիմադիր դաշտն ինչպե՞ս պետք է արձագանքի՝ առանձին-առանձին մասնակցությամբ կհաղթե՞ն իշխանությանը, թե՞ պետք է միավորվեն։ Սահակյանն ասաց․ «Միշտ բոլոր ընտրություններում էլ ընդդիմությունը հաղթում է, երբ առավել կոնսոլիդացված է գնում ընտրություններին, բայց մի բան իմացեք, որ «Հայրենիք» կուսակցությունը պարզ ճակատով գնալու է ընտրություններին եւ խոսելու է թե՛ կատարված ողբերգության մեղավորների մասին եւ թե՛ իր հանձնառության, թե ինչպես է պատկերացնում երկիրը հանել այս վիճակից»։