«Տուրիստ» նախարարի աբսուրդային մտքերը կապիտուլյացիայի ակտը մեղմելու խղճուկ փորձ են 

«Տուրիստ» նախարարի աբսուրդային մտքերը կապիտուլյացիայի ակտը մեղմելու խղճուկ փորձ են 

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական առեւտրային հարաբերությունների զարգացման մի հովվերգական պատկեր է ներկայացնում․ հայ արտահանողները կարող են իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան եւ այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչեւ հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները, եւ ընձեռվելու են բազմաթիվ հնարավորություններ։ «Միգուցե նաեւ բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, եւ մեր շուկան՝ Ադրբեջանի համար, եւ պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»։ Սա այն համատեքստում է, թե նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագիրը մեր տնտեսության համար, ապաշրջափակման արդյունքում, լայն հնարավորություններ է ընձեռելու։ Թուրքիան էլ մի օր կբացի սահմանները մեզ հետ։ Որքանո՞վ են նախարարի այս «մեծապետական» ծրագրերն իրատեսական։ 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ չի պատրաստվում մեկնաբանել «տուրիստ» նախարարների հնչեցրած աբսուրդները։ «Մեր օրակարգում, այս զբոսաշրջիկ նախարարների մասով, որոնք համաձայնել են աշխատել, չի կարող լինել որեւէ բան․․․ կարող է լինել մի բան՝ հրաժարական, այդ զբոսաշրջիկները պետք է արագ հեռանան։ Եվ այդ բաները ծիծաղելի են, որ ադրբեջանական շուկան չգիտեմ ինչ լինի․․․ Մենք խոսում ենք այն մասին, որ Արփա, Որոտան գետերը մնացել են Քելբաջարում, կարող է Սեւանը թունավորեն»,- ասաց Մելքումյանը։

Պարզ է, որ պարտված, բարոյալքված, հազարավոր զոհեր ու հող տված հայկական ուղեղները գոնե հիմա չեն կարող ադապտացվել հայ-ադրբեջանական բիզնես ծրագրերին։ Որ անհնար է մի օր արթնանալ ու ձեւացնել, թե ոչինչ չի եղել, սկսել Ադրբեջանի հետ առեւտուր անել։ Սրա համար ժամանակ է պետք։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ «պեսիմիստորեն է վերաբերվում» նման հայտարարություններին։ «Եվ կարծում եմ, որ սրանք ժամանակավորապես իրավիճակը լիցքաթափելու ու ինչ-որ բանով կոմպենսացնելու բաներ են՝ ելույթներ կամ ցուցումներ, որոնցով փորձում են այսօրվա պատերազմական արդյունքները մեղմացնել։ Եվ Թուրքիան ու Ադրբեջանը տարիներ շարունակ թե՛ իրենց ժողովրդի մեջ են թույն սրսկել հայերի հանդեպ, թե՛ մինչեւ հիմա ունեն իրենց քաղաքական շահերը, որոնք տարիներ շարունակ մշակվել են՝ իրականացնելու համար։ Ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական»։ Մակարյանի խոսքով՝ անհնար է պատկերացնել, որ հիմա՝ այս իրավիճակում, կարելի է առեւտրային հարաբերություններ սկսել ադրբեջանցիների հետ։ «Բացի այդ, Թուրքիան մինչեւ այս էլ երբեք իր պաշտոնական վիճակագրության մեջ ցույց չի տվել Հայաստանի հետ առեւտուր, նրա մոտ համարյա զրո է այդ առեւտուրը, միայն Հայաստանի վիճակագրությունն է ցույց տալիս Թուրքիայի հետ առեւտուր»,- ասում է Մակարյանը։

 «Ընդ որում, չեմ հասկանում, թե ինչու այդ նույն բանի մասին Ադրբեջանը չի խոսում, Թուրքիան։ Եթե բոլորի համար էդքան ձեռնտու է, թող մյուս կողմն էլ էդպես ոգեւորված խոսի դրա մասին, ոչ թե մենք՝ մոռանալով, թե ինչքան քաղաքացիներ ունենք, որ վիշտ ունեն, վիրավորներ ու զոհեր․․․»,- ասում է Մակարյանը։ Նա կառավարությանը խորհուրդ է տալիս ավելի զգույշ, ավելի սառնասիրտ, հպարտ ու հավասարակշռված պահել իրեն։ «Կարող է խաբեն, կարող է միամտացնեն, կարող է թունավորեն։ Այսինքն՝ դեռ պետք է հասկանանք ու գնահատենք իրավիճակը, հետո նոր հաշվարկներ կատարենք, թե ինչ բեռներ ենք տեղափոխելու, լոգիստիկ եւ այլն»։
Նշենք, որ Քերոբյանի պլաններն էլ ավելի աբսուրդային են հնչում կառավարության՝ պատերազմի ժամանակ ընդունված օրենքի ֆոնին, որով հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։ 

Հիշեցնենք․ նախկինում Մեղրիի հատվածից գործել է Երեւան-Բաքու երկաթուղին, որը Մեղրիով գնացել է Հորադիզ, Բաքու։ Եթե հիմա անգամ բոլոր այս նախապայմանները լինեն էլ, ինչը ֆանտաստիկայի ժանրից է, դեռ փաստ չէ, որ մենք կկարողանանք հայկական բեռները շատ էֆեկտիվ արտահանել նոր շուկաներ։ Օրինակը թարմ է․ ԵՄ-ն մեզ տվեց GSM համակարգից օգտվելու արտոնություն, բայց մենք այդ համակարգից շատ քիչ ենք օգտվել, որովհետեւ Եվրոպա արտահանելու առանձնապես բան չգտնվեց, բացի մի քանի տեսակի պահածոներից ու հանքահումքից։