Չկա գեթ մեկ գործարար, ում այդքան ստուգել են, ինչքան ինձ. Դավիթ Գալստյան

Հարցազրույց «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանի հետ (Պատրոն Դավիթ)
Սկիզբը՝ նախորդ համարում
- Պատերազմի օրերին փորձ արվեց մեր զենքի պակասն ինչ-որ ձեւով լրացնել: Դուք ի՞նչ մասնակցություն եք ունեցել այդ գործում: Լուրեր են շրջանառվում, որ այլ անձինք փորձել են «ձեռքերը տաքացնել» դրա վրա եւ պատերազմի օրերին զենք են ներկրել: Ձեր մասնակցությունը եղե՞լ է, ովքե՞ր են փորձել մասնակցել մատակարարմանը: Պատերազմի ժամանակ ներկրված զենքից ինչքա՞ն շահույթ է ստացել Ձեր ընկերությունը:
- Պատերազմի օրերին անմիջական մասնակցություն ոչ միայն ես եմ ունեցել, այլեւ մեր ամբողջ թիմը: Գիտակից մարդու համար ակնհայտ է, որ բոլոր սուտ լուրերը տարածում են նրանք, ում, օրինակ, չհաջողվեց մի քանի տասնյակ միլիոն դոլար հափշտակել պետությունից՝ բանակի հաշվին: Մեր գործունեությունը կատարվել է պատկան մարմինների համատեղ աշխատանքի եւ վերահսկողության ներքո: Կարող են անցկացնել ստուգումներ. ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում: Իսկ որոշ կազմակերպություններ եւ նրանց ետեւում կանգնած գործիչներ առաջարկել էին զենք-զինամթերք ներկրել միայն կանխիկ տարբերակով: Օրինակ՝ մատակարարվող ապրանքի գինը եղել է 8 հազար ԱՄՆ դոլար, բայց նրանք ցանկացել են դա մատակարարել 52 հազար եվրոյով: Կամ՝ ապրանքն արժեցել է 43 հազար 600 ԱՄՆ դոլար, առաջարկվել է 125 հազար ԱՄՆ դոլարով ներկրել: Ավելի քան վստահ եմ, որ այս մարդիկ պատկերացում անգամ չունեին, թե ինչպես պետք է կազմակերպեին այդ սպառազինության փոխադրումը ՀՀ: Այսինքն՝ նպատակը եղել է արագ, կանխիկ տարբերակով գումար աշխատելը: Բարեբախտաբար, պատկան մարմիններ կան, ԱԱԾ-ում՝ ազնիվ սպաներ, ովքեր այդ օրերին լիարժեք իրականացրել են իրենց աշխատանքները:
- Համացանցում տեղեկություն կար, որ Դավիթ Տոնոյանը հրաժարականի դիմումը գրելուց առաջ 27 մլն դոլար է փոխանցել Ձեր կազմակերպությանը: Եղե՞լ է նման բան:
- Դա բացարձակ սուտ է եւ հերյուրանք: Ավելին, նման չափի գումար փոխանցել հնարավոր չէ միայն պաշտպանության նախարարի ստորագրությամբ: Սուտը գոնե պետք է ճշմարտանման լինի: Ակնհայտ է, որ դրա հեղինակը բացարձակ տեղյակ չէ ընթացակարգից: Նման փոխանցումներ իրականացվում են մի շարք գերատեսչությունների համաձայնությամբ: ՊՆ-ում միայն մեկ տասնյակից ավելի պաշտոնյա պետք է համաձայնություն տա, այնուհետեւ գործարքը պետք է հավանության արժանանա ֆինանսների նախարարությունում եւ ԿԲ-ում:
- Ձեր կարծիքով, Հայաստանը զենք-զինամթերք ձեռք բերելու հարցում ի՞նչ հետեւություններ պետք է անի, ինչի՞ց պետք է հրաժարվի եւ ինչի՞ վրա պետք է ծախսի իր սուղ ռեսուրսները:
- Այս հարցին կարող է պատասխանել միայն Գլխավոր շտաբը, քանի որ ամբողջական տեղեկատվությանը տիրապետում է միայն ԳՇ-ն: Վերջինս բավականին շատ անելիք ունի, քանի որ պատերազմը չի ավարտվել, եւ մենք պետք է պատրաստվենք:
- Դուք մտերիմ եք Դավիթ Տոնոյանի հետ, լուրեր կան, որ պատերազմը սկսվելու պահին միասին եք եղել: Անգամ ասում են, որ նախարարը մեկնել էր արտերկիր՝ Ձեր ծննդյան օրը նշելու: Նաեւ ասում են, որ Դուք Տոնոյանին Վիեննայի կենտրոնում մի քանի հարկանի տուն եք նվիրել: Դուք ընկերնե՞ր եք եւ պետական պատվերի համար «շնորհակալություն» հայտնե՞լ եք նրան կամ այլ պաշտոնյայի: Ասում էին՝ նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին էլ զրահապատ մեքենա եք նվիրել:
- Ծնունդս սեպտեմբերի 25-ին է: Ես՝ ինքս, որեւէ բան չեմ նախաձեռնել. իմ կոլեգաները տարբեր երկրներից անակնկալ են մատուցել եւ շնորհավորել իմ ծննդյան տարեդարձը՝ Բուլղարիայում, ապա նաեւ քննարկվել են մեր հետագա անելիքները: Սեպտեմբերի 25-ին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է եղել ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը: Ակներեւ է, չէ՞, որ նա միաժամանակ չէր կարող գտնվել Բուլղարիայում եւ Ռուսաստանում, ես էլ չէի կարող միաժամանակ 2 տարբեր տեղում լինել: Մնացածը կատարյալ սուտ է․ ոչ մեկին ոչինչ չեմ նվիրել, ոչ մեկին «շնորհակալություն» չեմ հայտնել: Նույնը՝ Արթուր Վանեցյանին զրահապատ մեքենա նվիրելու մասին: Վստահեցնում եմ՝ ո՛չ ես ինձ թույլ կտայի նման քայլ, ո՛չ էլ Արթուր Վանեցյանը կընդուներ այդ «նվերը»: Վանեցյանը խիզախ տղա է եւ դժվար թե զրահապատ մեքենաների ետեւում թաքնվելու կարիք ունենա:
Ինչ վերաբերում է հարցին՝ Դավիթ Տոնոյանն իմ ընկերն է, թե ոչ, ապա նշեմ, որ «ընկերություն» հասկացությունն ինձ համար իսկապես արժեք է, ընկեր կարելի է մի քանի հոգու համարել, մնացած բոլորն ուղղակի ծանոթներ են: Եթե Դավիթ Տոնոյանն ինձ իրեն ընկեր համարի, դա ինձ համար պատիվ կլինի:
- Հնարավո՞ր է, որ պատերազմում պարտության պատասխանատվությունը դրվի Պնախարարի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի վրա, Ձեր կամ Ձեր ընկերության դեմ քրեական հետապնդում սկսվի, հնարավո՞ր է հեռանաք Հայաստանից:
- Ե՛վ ՊՆ-ն, ե՛ւ ԶՈՒ ԳՇ-ն, ե՛ւ ամբողջ բանակն արել են հնարավորինն ու անհնարը, մեր քաջորդիների սխրագործությունները միայն հիացմունքի են արժանի: Ես ունեմ հայրենիք, որն անսահման շատ եմ սիրում եւ չեմ պատրաստվում լքել այն: Բանակը ոչ մեկի սեփականությունը չէ եւ առավել եւս չպետք է ծառայի իբրեւ գործիք՝ հասարակությանը մոլորեցնելու կամ մանիպուլացնելու համար: Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելուն, ապա ասեմ, որ եղել են քրեական գործեր, որոնք քննվել են եւ հանցակազմի բացակայության հիմքով կարճվել: Փառք Աստծո, մենք ունենք առողջ դատող, արհեստավարժ քննիչներ ԱԱԾ-ում, դատախազությունում, ՀՔԾ-ում: Կարծում եմ՝ չկա գեթ մեկ գործարար, ում այս ընթացքում այդքան ստուգել են, ինչքան ինձ: Ես պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող խուսափել քրեական պատասխանատվությունից, եւ եթե ես մեղավոր եմ, պատրաստ եմ կրել ցանկացած տեսակի պատասխանատվություն: Թող պատասխանատվության ենթարկվելու մասին մտածեն բոլոր նրանք, ովքեր իրենց նեղ անձնական շահերն են հետապնդում, այն կազմակերպություններն ու նրանց հովանավորները, որոնք պետության համար այս դժվարին պահին փորձում էին թալանել բանակը: Ովքեր զբաղվում են ապատեղեկատվություն, սուտ լուրեր շրջանառության մեջ դնելով, հասարակությանը մոլորեցնելով, կեղծ օրակարգեր առաջ մղելով:
Թող իրենք մտածեն երկրից գնալու մասին, եթե, իհարկե, կհասցնեն:
Կարծիքներ