Ադրբեջանը հաշվի կառնի ամեն բան և կսովորի իր սխալների վրա

Ադրբեջանը հաշվի կառնի ամեն բան և կսովորի իր սխալների վրա

«Հրապարակի» զրուցակիցն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան է:

- Արցախում օրեր շարունակ անջատված էր գազամատակարարումը, երեկ վերջապես վերականգնվեց այն, իշխանական շրջանակները սա ներկայացնում են իբրև մի մեծ ձեռքբերում, սակայն ճանապարհը դեռևս փակ է, բլոկադան շարունակվում է:

- Այն, որ Արցախում վերականգնվել է գազամատակարարումն, առաջնային խնդիրն այժմ դա չէ, խնդիրն այն է, որ պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի հետագայում որևէ կերպ գազամատակարարումն անջատել հնարավոր չլինի: Դրա համար կար ավելի քան 9 ամիս ժամանակ կոմունիկացիաները տեղափոխելու համար, կամ գոնե ստեղծել պահեստներ, որպեսզի գազի անջատման դեպքում կրիտիկական իրավիճակներ չստեղծվեն: Հուսանք՝ այս դեպքը կդառնա նախադեպ և իշխանությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն:

- Լուրեր էին շրջանառվում, որ թշնամի Ադրբեջանը կարող է բացել ճանապարհը: Ի՞նչ պայմանի դիմաց թշանամին հետ կկանգնի իր որոշումից:

- Կարող են լինել բանավոր թաքուն պայմանավորվածություններ և մենք դրանց մասին չիմանանք պոստ ֆակտում, ինչպես որ շատ այլ պայմանավորվածությունների մասին չենք իմանում և սովորաբար դրանք ջրի երես են բարձրանում բավականին ուշ, երբ արդեն բավարարված են լինում Ադրբեջանի պահանջները: Կարող է այնպես լինել նաև, որ սա զուտ գործողություն է, ասենք օրինակ` ստուգման համար, թե ինչպես է այդ ամենին արձագանքում միջազգային հանրությունը, որպեսզի ըստ դրա հետագայում շտկվեն սպասվելիք քայլերը, ուղղվեն այն սխալները, որոնք տեղի ունեցան այսօր: Ադրբեջանը հաշվի կառնի ամեն բան և կսովորի իր սխալների վրա, իսկ թե ինչ կանի հայկական կողմը, կուղղի՞ իր սխալները, ես դրանում այնքան էլ վստահ չեմ:

- Ճանապարհը փակել են իբրև թե ադրբեջանցի բնապահպանները: Ի վերջո` ովքե՞ր են նրանք իրականում:

- Այդ այսպես կոչված բնապահպանների մեջ մինչև անգամ ֆիքսել են հատուկ ջոկատայինների, ռազմական փորձագետների, Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցող տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչների, այսինքն՝ ակնհայտ է, որ մորթուց հագուստներով, աղավնի սպանող ագրեսիվ կանայք բնապահպան լինել չեն կարող:

- Ինչո՞ւ է պաշտոնական Երևանն այսօրինակ կրավորական կեցվածք ընդունել:

- Կրավորական կեցվածքը շատ մեղմ է ասված: Ուղիղ մեկ օր պահանջվեց, որպեսզի ԱԳՆ-ն և ՄԻՊ-ը կատարվածին արձագանքեն, իսկ օրինակ` Նիկոլ Փաշինյանին մի քանի օր պահանջվեց դրա համար: Ազգային ժողովի պատգամավորներն էլ ադրբեջանական քարոզչական թեզերով են զբաղված: Ջուր են լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին: Պարզ է, որ նման իշխանությունների կեցվածքը պետք է լիներ կրավորական: Իրենց համար միևնույն է, թե 120 հազար արցախցիներն ինչ ճակատագրի կարժանան, իրենց պատկերացմամբ` դա միմիայն ռուս խաղաղապահների խնդիրն է և այդտեղ իրենք ոչ մի անելիք չունեն: