Ժամանակակից արվեստը պետք չէ հասկանալ, այն պետք է զգալ

Ժամանակակից արվեստը պետք չէ հասկանալ, այն պետք է զգալ

Հարցազրույց կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանի հետ  

- Ձեր հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ «երաժշտական ստեղծագործությունը պարտավոր չէ կրել ազգային տարրեր, արվեստագետը պետք է հնարավորինս ազատ լինի հասարակական կարծիքից եւ անի այն, ինչ ներքին ձայնն է հուշում, պրոֆեսիոնալիզմը»։ Արդյո՞ք սա քննադատության պատճառ չի դարձել։

- Նման պնդումները հեռու են օրակարգից, անգամ նեղ մասնագիտական։ Էնպես որ, դեռ ոչ ոք չի անդրադարձել իմ այս խոսքերին, որն ինքնին քննադատություն է կամ պատասխան այն պնդումներին, որ հայ հեղինակը ստեղծագործելիս պիտի կամ ցանկալի է, որ առաջնորդվի հայկական, այսպես կոչված, էլեմենտներով, հայկականությամբ։ Էնպես որ, իմն է քննադատությունը՝ ուղղված այն մարդկանց, ովքեր փորձում են իրենց դիրքից ուղղորդել ժամանակակից արվեստագետին, ով, մեծ հաշվով, ուղղորդվելու կարիք չունի։ Ժամանակակից արվեստն արվեստներից ամենաազատն է, էքսպերիմենտալը, ու ես ուզում եմ, որ այն միշտ էլ այդպիսին մնա։ Դրա հետ մեկտեղ, ես հաճախ եմ ինձ համար անսպասելիորեն բացահայտում սեփական ստեղծագործություններիս մեջ թաքնված ազգային տարրեր, որոնք երբեմն շատ անտեսանելի են, ինչն ինձ համար է՛լ ավելի հետաքրքրական է ու գրավիչ։ 

- Ամեն պահի կարո՞ղ եք ստեղծագործել, ի՞նչ է պետք ստեղծագործելու համար, որո՞նք են Ձեր ստեղծագործական սկզբունքները։

-Սկզբունքները շատ տարբեր են՝ կախված իրավիճակից, ժամանակներից։ Ցանկացած ստեղծագործող տարիների ընթացքում ակամայից վերանայում է իր ստեղծագործական սկզբունքները։ Հաճախ ինքդ էլ չես նկատում, որ փոխվել ես։ Էնպես որ, մեծ հաշվով, սկզբունք ասվածը շատ հարաբերական է։ Ամենասկզբում մենք երեխայի պես փորձում ենք քայլել, իսկ հետո ամեն մեկը՝ կախված իր ստացած կրթությունից ու տարատեսակ փոխազդեցություններից, սեփական քայլվածքն է ձեռք բերում։ Ամեն պահի չեմ կարող ստեղծագործել, որովհետեւ, նախ, միշտ չէ, որ ֆիզիկապես կարող ես, եւ, բացի դրանից, այդ մուսա ասվածը միշտ չէ, որ միանգամից է թակում դուռդ, հաճախ դու պետք է շատ աշխատես, տաքացնես նյութը, է՛լ ավելի խորանաս նյութի ծալքերի մեջ, որ այն սկսի նոր բան գեներացնել, այնպիսի բան, որն իր տեսակի մեջ թարմ է, զարմացնող ու ազդեցիկ։ Վան Գոգն ասում էր՝ «ես ստրուկի պես եմ աշխատում, ինքս ինձ լոկոմոտիվի պես արագացնում եմ»։    

 -Ձեր ստեղծագործական գործունեությունն առանձնացնո՞ւմ եք փուլերի, որո՞նք են դրանք։

-Երաժշտություն եմ գրում 10 տարեկանից։ Երկար տարիներ չէի կարողանում նոտագրել սեփական ստեղծագործություններս, երեւի այն պատճառով, որ հենց մանկուց էլ երաժշտությունս փոփոխական ու բարդ ռիթմերի մեջ էր, հանպատրաստից նվագված, ինչպես հիմա։ Տարիներ անց, երբ ես սոլֆեջոյի թելադրությունների շնորհիվ կարողացա նոտագրել երաժշտությունս, այն ինքնաբերաբար դրվեց պրոֆեսիոնալ հունի մեջ։ Երաժշտական դպրոց, այնուհետեւ՝ ուսումնարան, հետո՝ Կոնսերվատորիա ու ասպիրանտուրա։ Փուլերը չորսն են երեւի… չգիտեմ… Նախադպրոցական շրջան, երբ ես ստեղծագործում էի Բաբաջանյանի, Ռախմանինովի երաժշտությունից ոգեշնչված, զուգահեռ լսում էի Սթիվի Ուանդեր, Մայքլ Ջեքսոն, Ջենեսիս ու Մադոննա, եւ կարելի է ասել, որ առաջին ուսուցիչներս հենց նրանք են եղել։ Մյուս փուլը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երաժշտական դպրոցն է, որտեղ, դաշնամուրից բացի, իմ ուսուցչի՝ կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանի դասարանում շարունակում էի ստեղծագործել, ու այդ փուլը սահուն շարունակվեց Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, որտեղ երկու տարի սովորեցի դաշնամուրի բաժնում։ Մյուս փուլը Կոնսերվատորիան էր, ուր ես ոտք դրեցի հայազգի լավագույն ու ամենայուրօրինակ կոմպոզիտորներից մեկի՝ Աշոտ Զոհրաբյանի դասարան, ինչպես ինքն էր ասում՝ «բոբիկ», մեծ հաշվով՝ երաժշտություն չիմանալով, ու ես իմ տարեկից կոլեգաների հետ սկսեցի երաժշտություն գրելուն զուգահեռ ճանաչել ու ուսումնասիրել աշխարհի ժամանակակիցներին ու դասականներին արդեն խորապես։ Հիմա, երբ ազատ արվեստագետ եմ, շարունակում եմ աշխատել դասական ակադեմիական կոմպոզիցիայի ժանրում ու դրան զուգահեռ ազատ իմպրովիզացիաների դաշտում ելույթներ ունենում, ձայնագրվում՝ համագործակցելով տարբեր երաժիշտների հետ ու երբեմն երաժշտությունս էլեկտրոակուստիկ հնչողություններով համակցում։        

- Մի առիթով նշել եք, որ ամեն ժանրում դժվարանում եք ստեղծագործել. ինչո՞ւ։ 

- Այս հարցի առավել համոզիչ պատասխանը բոլորովին վերջերս լսեցի մշակութաբան Հրաչ Բայադյանի հարցազրույցներից մեկում․ «…բոլորի կամա թե ակամա մղումը դեպի կոմերցիոն, դեպի առեւտրային մշակույթի ոլորտ... որովհետեւ մարդիկ, որոնք ցանկանում են ապրել եւ հացի փող վաստակել եւ զբաղվել մշակույթով, ստիպված են զբաղվել այդպիսի մշակույթով, գրեթե բացառապես»։

-Դա ազդում է նաեւ երաժշտության ասպարեզում տարբեր ժանրերում ստեղծագործելո՞ւ վրա։

-Ստեղծագործողի նախասիրությունները, ոճային փոփոխությունները շատ տարբեր ու հաճախ առաջին հայացքից ոչ միանշանակ պրոցեսներով են պայմանավորված։ Էնպես որ՝ կան քո հիմնական մասնագիտությունից ու ստացած կրթությունից թե՛ օրգանական շեղումներ եւ թե՛ ֆինանսական պահանջից դրդված շեղումներ։ Իմ դեպքում հուսամ՝ դա օրգանական պրոցես է, որը պայմանավորված է դեռ մանկուց իմպրովիզացիայի հանդեպ հետաքրքրությամբ, այն էլ՝ տարբեր ոճերում։ Բայց կյանքի բերումով, երբ բնականոն լայնանում է հետաքրքրությունների սպեկտրը, դու ակամայից ինքդ քեզ համար բացահայտումներ ես անում, պարզվում է, որ կարող ես դասավանդել, որ երաժշտական կրթություն չունեցող աշակերտդ առաջին իսկ դասին ունակ է կարդալ նոտայով ու նվագել իր սիրած ստեղծագործությունը, հետո պարզվում է, որ կարող ես սեփական մեքենայով զբոսավար աշխատել ու բազմաթիվ օտարերկրացիների ցույց տալ Հայաստանը՝ իր բոլոր գույների մեջ։ Էնպես որ, սա էլ է ժանրային փոփոխություն, կյանքով պայմանավորված, ու դու երբեք չգիտես, թե վաղն ինչ է քեզ սպասվում:  

- Նշեցիք` միշտ չէ, որ «մուսա» ասվածը կա, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ Ձեզ պատվիրում են երաժշտություն։

- Պատվեր ասվածը շատ ընդհանրական է։ Արդյոք այդ պատվերն իր մեջ կոմպրոմիսի մասնիկ ունի, թե՞ ոչ։ Գնո՞ւմ ես այդ կոմպրոմիսին, թե՞ մերժում ես այդ պատվերը։ Պատվերով գրված անսահման քանակությամբ ֆանտաստիկ ստեղծագործություններ են ծնվել ու նույնքան միջակ ստեղծագործություններ։ Որպես կանոն, երբ որեւէ բան են պատվիրում, դրանով կարծես ասում են քեզ՝ մենք բարձր ենք գնահատում Ձեր արվեստը եւ ուզում ենք պատվիրել Ձեզ՝ գրել այսինչ երաժշտությունը, այսինչ կազմի համար, այսինչ առիթով, եւ պատրաստ ենք Ձեզ վճարել այսքան գումար եւ այլն։ Որքան մեծ է հոնորարը, այնքան դու ավելի ազատ ես տնօրինում քո ժամանակը եւ ստիպված չես լինում այն ծախսել դասավանդման կամ մեքենա վարելու վրա։ Ես այդ առիթով մի հեգնական աֆորիզմ ունեմ՝ երբ չկա մեծ ցանկություն՝ որեւէ բան անել անվճար, փողը ստիպում է դա անել մեծ հաճույքով։ Սա, իհարկե, կիսով չափ հումոր է, որովհետեւ, մեծ հաշվով, ցանկացած ստեղծագործող, տարբեր պայմանականություններից զատ, անում է հնարավորը, նա երբեք չի կարող իր գլխից վերեւ թռչել, բայց հեշտությամբ կարող է գոտկատեղից ներքեւ իջնել, դրա համար էլ կան թե՛ սիրողական, թույլ գործեր, որ քեզ ոչինչ չեն ասում, եւ կան հանճարեղ երաժշտություններ, որ ծնվել են թե՛ պատվերով ու թե՛ հեղինակի սեփական նախաձեռնությամբ։ 

- Գիտենք, որ Բախից սկսած՝ իմպրովիզացիան ընդունված երեւույթ է, իմպրովիզացիոն եւ ակադեմիական ստեղծագործություններն ինչքանո՞վ են հարաբերվում միմյանց հետ, ակադեմիական գործերում նկատվո՞ւմ են իմպրովիզացիոն տարրեր։

- Իմպրովիզացիան հաճախ համակարգված չէ, այն հոսող գետի պես մի բան է։ Այն շատ ավելի ազատ է ակադեմիական ստեղծագործությունից, բայցեւ նյութի տեսանկյունից՝ երբեմն պակաս խորն ու բովանդակային, քան ակադեմիականը։ Իմպրովիզացիայում դու կարող ես «սխալվել» ու սխալդ մի քանի անգամ կրկնելով՝ «խաբել» ունկնդրին՝ ասելով, որ դա մտածված էր ու շատ բնական… Իհարկե, ակադեմիական ստեղծագործությունը կարող է լինել իմպրովիզացիայի արդյունք… բոլոր էքսպերիմենտները, որ անում ես իմպրովիզացիայում, կարող են համակարգված տեղ գտնել ակադեմիական ստեղծագործությանդ մեջ, բայց ոչ միշտ եւ ոչ միայն այդպես… Իմ նպատակն է՝ աշխատելով այդ երկու ոլորտներում, առաջին հայացքից իրարամերժ ասպարեզներն իրարով հարստացնել, որ իմ կոմպոզիցիան ունենա իմպրովիզացիային բնորոշ ազատություն, թռիչք եւ իմպրովիզացիային բնորոշ հատկանիշներ, իսկ իմպրովիզացիան մի փոքր համակարգվի, ինչպես ճապոնացի կոմպոզիտոր Տորո Տակեմիթսուն էր փորձում իր ազգային մտածելակերպը համադրել եվրոպականին, մեկը մյուսով հարստացնել, ինչպես մեր դեպքում Խաչատրյանն ու Բաբաջանյանն արեցին՝ համադրելով մեր ազգային ռիթմերն ու մեղեդիական դարձվածքները դասական ձեւերի ու տեխնիկական հնարքների հետ։ Իմ դեպքում այդ պրոցեսները հաճախ ինքնաբերաբար են տեղի ունենում, հանպատրաստից, ես ոչինչ նախապես չեմ պլանավորում, ու դաշնամուրային իմպրովիզացիաներս հաճախ ազատ են, առանց նախնական մտահղացումների ու էսքիզների։ Նվագելու այդ տեսակն ունի իր ընդունված անվանումը՝ ազատ իմպրովիզացիա (free improvisation)։  
- Ժամանակակից երաժշտությունը ողջունում է ոչ տոնայնական (ատոնալ) ստեղծագործությունը, Ձեզ մոտ նկատվում է դա, Աշոտ Զոհրաբյանի՝ Ձեր ուսուցչի ազդեցությունը կա՞ Ձեր ստեղծագործություններում։

- Աշոտ Զոհրաբյանի եւ ոչ միայն նրա ազդեցությունը չի կարող չլինել, բայց ո՛չ ուղիղ իմաստով։ Ամենավատ կոմպլիմենտը կոմպոզիտորին, երբ իր երաժշտությունը մեկ այլ հեղինակի երաժշտությանն են նմանեցնում։ Բնական է, երբ ուսանող ես, փոխազդեցություններն ավելի ակնհայտ են, բայց քո հասունացմանը զուգահեռ, եթե տեսակով փնտրող ես ու էքսպերիմենտների նկատմամբ հակում ունես, ակամայից երաժշտությունդ էլ է ուրիշ դառնում։ Կա՛մ դու ստիլիզացիա ես անում, կրկնօրինակում՝ գիտակցելով կամ չգիտակցելով դա, կա՛մ այլընտրանքային ճանապարհներով ես ընթանում, որ, նախ, ինքդ քեզ համար հետաքրքիր լուծումներ, անկյուններ գտնես, ինքդ քեզ զարմացնես եւ միայն հետո՝ ուրիշներին։ Այդ իմաստով ստեղծագործելն ինձ համար շարունակական փորձ է, որը երբեմն ավարտվում է դեռ չսկսված։     

- Լադայնության դիմո՞ւմ եք։ Հայ կոմպոզիտորներից, օրինակ, Գագիկ Հովունցի մոտ առկա են մոդալ լադեր, Ձեզ մոտ կա՞ն մոդալ լադեր։

- Այո, մոդալ լադեր, մոդուսներ կամ, ինչպես երաժշտագետ Խոլոպովն էր ասում՝ միկրոլադեր։ Լադայնությունը, ինչպես տոնայնությունը, կարող է լինել մակերեսային կամ ունենալ բազմաթիվ խորքային դրսեւորումներ։ Մի անգամ մտածում էի, որ իմպրովիզացիաներս չունեն որեւէ ազգային պատկանելություն, բայց երբ սկսեցի ամեն էլեմենտ կարծես խոշորացույցի տակ դիտարկել, մեծ զարմանք ապրեցի, երբ այնտեղ տեսա թաքնված հայկական մելիզմներ, լադ հիշեցնող դարձվածքներ, ու հիշում եմ, որ այդ պահին ես ինձ լավ զգացի, անչափ հաճելի բացահայտում էր, գոնե՝ ինձ համար։ 

- Քանի որ անդրադարձա ազդեցությանը, ո՞ր կոմպոզիտորից եք առհասարակ ազդվել, ումի՞ց եք ոգեշնչվել։ Ունե՞ք ստեղծագործությունների այցեքարտ (մոտիվ, ֆրազա, թեմա, որը կիրառել եք մի քանի ստեղծագործություններում)։

- Առաջին հարցին հնարավոր չէ պատասխանել եւ հնարավոր չէ չտալ այն, ինչպես հնարավոր չէ ասել, թե ով եմ ես՝ մեծ հաշվով։ Ինչեւէ, ազդեցությունները, ինչպես արդեն ասացի, անխուսափելի են, միեւնույն ժամանակ ի՞նչ ասել է ազդեցություն, եւ որքանո՞վ է դա կարեւոր, ի՞նչ է ուզում հարցադրողն իր համար պարզել, ի՞նչ կտա նրան իմ պատասխանը եւ ի՞նչ կտա այն ինձ։ Մարդիկ, ելնելով իմ խոսքերից, կսկսեն երաժշտությունս կապակցել որեւէ այլ հեղինակի հետ։ Այցեքարտ ստեղծագործություն չունեմ, քանի որ դրանք չունեն բավականաչափ հայտնիություն։ Իսկ ինչ վերաբերում է մոտիվներին, ապա դրանք երբեմն կրկնվում են, բայց ո՛չ ուղղակիորեն։ Ունեմ ստեղծագործությունների «թռչող մասեր», որ վերագործիքավորել եմ տարբեր կազմերի ու ստեղծագործությունների համար, հուսամ՝ դրանով մեծ հանցանք չեմ գործել։   

- Գիտեմ, որ Ձեր ստեղծագործություններում խնդիր չեք դնում, որ անպայման երեւա ազգայնությունը, իսկ ժողովրդի կարգավիճա՞կը․ օրինակ՝ պատերազմական եւ այլ ժամանակաշրջաններում փորձե՞լ եք արտահայտել դա։ Ժողովուրդ-արվեստ կապ փորձո՞ւմ եք ստեղծել։

- Փորձել եմ, դա կրկին ինքնաբերաբար է ստացվել։ 2020-ի երկրորդ արցախյան պատերազմի ընթացքում մի երաժշտություն գրեցի, որում, բացի իմ նվագած դաշնամուրային իմպրովիզացիայից, կլսեք պատերազմի պայթյուններ կամ քաղաքային աղմուկ։ Ամիսներ տեւած աշխատանքի արդյունքում այն վերածվեց էլեկտրոակուստիկ ստեղծագործության, որի մեջ կա ակադեմիական ավանգարդ երաժշտության մեկ այլ տեսակ՝ «կոնկրետ երաժշտություն»։ Սա էր իմ ռեֆլեկսիան պատերազմին։ Դրա նախորդ ձայնագրությունը կապված էր համաճարակի հետ։ Այն անվանեցի «Անորոշության միստերիա», որում կրկին տեղ գտան տարատեսակ աղմուկներ, բնության ձայներ եւ այլն։ Ընդհանրապես, ես մեծամտություն եմ համարում խոսելը սեփական երաժշտության ու անձի մասին, եթե այն միտված է բոլորին քո բացառիկ տաղանդը ներկայացնելուն։ Իմ նպատակն է՝ այստեղ խոսել երեւույթներից, փորձել վերաիմաստավորել, վերաձեւակերպել հասարակության մեջ կարծրացած արվեստային միֆերը, քան խոսելը երաժշտությանս ու «բացառիկ անձիս» մասին։ Անկեղծություն կա, որով չես ուզում կիսվել ոչ ոքի հետ։ Այդ անկեղծությամբ ուզում ես կիսվել մարդկանց հետ երաժշտությանդ միջոցով։ 

- Արդյո՞ք Ձեզ համար կարեւոր է Ձեր երաժշտությունը հասանելի դարձնել ոչ միայն մասնագետներին, այլեւ մարդկանց, ովքեր չեն զբաղվում պրոֆեսիոնալ երաժշտությամբ։

- Նախկինում ես ավելի շատ հակված էի երաժշտությունս ներկայացնել մասնագետներին՝ կարծելով, թե նրանք ավելի օբյեկտիվ կարող են այն գնահատել, բայց հիմա ավելի շատ ուզում եմ կիսվել ոչ երաժիշտների հետ, որոնք այս դեպքում ոչ թե կգնահատեն այն, այլ՝ կզգան։ Եվ երբ հարցնում են, թե ինչպես հասկանալ ժամանակակից երաժշտությունը, արվեստը ասում եմ, որ պետք չէ այն հասկանալ, պետք է զգալ։ Իսկ կոլեգաներն ու երաժիշտները հաճախ կողմնակալ են, շատ կոմպոզիտորներ իրենց կոլեգաների երաժշտությունը լսելուց հետո չեն էլ կարողանում նախանձը թաքցնել ու սկսում են ինչ-որ խորհուրդներ տալ, քննադատել, ու տպավորություն է ստեղծվում՝ կարծես արածդ մաթեմատիկական խնդիր է կամ ինչ-որ գծագիր։ Այդ իմաստով ինձ համար շատ ավելի համոզիչ է սովորական ունկնդրի կարծիքը, մանավանդ՝ անծանոթ ունկնդրի, որին միշտ սպասում ես համերգներիդ, որը համերգից հետո կարող է մոտենալ ու ասել․ ախպեր, սատկացրեց գործդ, կամ էլ գրել Ֆեյսբուքում, որ նոր 10 անգամ լսեց ձայնագրությունս։ Ու դու հասկանում ես, որ ունկնդիրդ, մեծ հաշվով, այդ 10 անգամ լսողն է, այլ ոչ կոլեգադ, որն ունի հազար ու մի նախապաշարմունք։        

- Քաղաքական հայացքնե՞ր։ Արդյո՞ք դրանք արտահայտվում են Ձեր երաժշտության մեջ։

- Զուտ քաղաքական ուղղվածության գործեր չունեմ, բայց, ինչպես ամեն ինչ, քաղաքականությունն էլ իր հերթին ամեն ինչում է, նաեւ՝ երաժշտության մեջ։ Մեծ հաշվով, ես աշխատում եմ խուսափել ծրագրայնությունից, միեւնույն ժամանակ ունեմ գործեր, որ ունեն ծրագրային վերնագրեր, որտեղ վերնագիրը պարզապես վերնագիր է։ Սա ինձ բնավ չի ազատում պատասխանատվությունից՝ որպես քաղաքացու եւ սոցիալական էակի՝ տարբեր առիթների ժամանակ արտահայտվել այս կամ այն բանի վերաբերյալ։  

- Առհասարակ, ի՞նչն եք համարում երաժշտություն, ինչի՞ց է այն ծնվում։

- Սա երեւի ամենաբարդ հարցն է, որի պատասխանը չունեմ։ Կարծում եմ՝ երաժշտությունը նախամարդու պես աստիճանաբար փոխակերպված մի երեւույթ է, որն իր «հեղինակի» ներքին ու իր շրջապատող իրականությունը, զգացողություններն արտահայտում է տարբեր բարձրություն ունեցող հնչյունների միջոցով։ Սկզբում այդ մարդն իր ներքինն արտահայտում էր բացականչությունների միջոցով, հետո՝ տարատեսակ ծեսերի միջոցով, ուր կան թե՛ աշխատանքային երգեր, հարսանեկան, կնունքի եւ թե՛ թաղման արարողության երգեր… Բնականաբար, տարբեր մշակույթներում դրանք յուրովի են արտահայտվում ու տարբեր փուլերով անցնում՝ կախված ժամանակներից, քաղաքակրթությունից, կրթությունից ու տարատեսակ սոցիալական ազդեցություններից, հասնում մինչեւ մեր օրերը, որտեղ շատերի համար ժամանակակից ակադեմիական երաժշտությունն առաջին հայացքից երաժշտություն չէ, քանի որ մարդու նախասիրություններն ու ռեֆլեկտորներն էլ են սահմանափակ ու հաճախ կոնսերվատիվ… Իսկ թե որտեղից է այն ծնվում, ես չգիտեմ։ Ասում են, որ ճշմարտությունը ծնվում է բանավեճի ժամանակ, բայց այն չի կարող ծնվել, այն միշտ էլ կա։ Ու գուցե երաժշտությունը նույնկերպ չի ծնվում, եւ այն ուղղակի կա։  

- Ձեր իմպրովիզացիաներում գոյություն ունի՞ հստակ սխեմա, նախապես մտածվա՞ծ են դրանք։

- Իմպրովիզացիաներս, չնայած այն բանին, որ հանպատրաստից են նվագված, ամեն դեպքում ունեն կոմպոզիցիային հարող հատկանիշներ, որոշները կարելի է ուղղակիորեն նոտագրել ու ոչ մի բան չփոխելով՝ դարձնել ավարտուն կոմպոզիցիա։ Պատճառներից մեկը երեւի այն է, որ ունեմ ակադեմիական կրթություն ու կամերային, սիմֆոնիկ, երգչախմբային, դաշնամուրային ու վոկալ ստեղծագործությունների հեղինակ եմ։ Բայց երբ ազատ իմպրովիզացիա եմ անում, ոճն ու ձեւը կարծես այդ պահին են ծնվում, առանց հատուկ ուղղորդման, ու միայն հետո, երբ վերլուծում եմ, պարզվում է, որ դրանք ունեն հստակ ձեւեր։ Իհարկե՝ ոչ բոլորը, կան թե էթնիկ, ֆոլկլորային ուղղվածության ազատ զարգացող իմպրովիզացիաներ եւ կան մեդիտատիվ, մինիմալիստական, նեոդասական, ազատ ջազային եւ ավանգարդ դասական երաժշտությանը հարող իմպրովիզացիաներ։ Բոլորն էլ իմ անցած կրթության ու փորձառությունների հետեւանք են։ Ինչպես հաճախ ասում եմ՝ դրանք իմ ամբողջ կյանքում խմած սուրճի նստվածքն են։ Այս թեմայով բոլորովին վերջերս փայլուն կոմպոզիտոր, դաշնակահար եւ երաժշտագետ Արթուր Ավանեսովը մի հոդված է գրել, ու կարծում եմ՝ այն համապարփակ եւ մանրամասն է ներկայացնում իմպրովիզացիաներս։ Հոդվածը («Պարբերականից անդին») հրատարակվել է «Ակտուալ արվեստ» ամսագրի 2022թ․ 12 (18) համարում։
Իմպրովիզացիաներ դեռ մանկուց եմ անում, 10 տարուց ավելի աշխատել եմ ռեստորանում՝ որպես դաշնակահար, որտեղ կրկին ազատ էի՝ նվագել այն, ինչ ցանկանում եմ, որի համար շնորհակալ եմ «Ակումբ» ռեստորանի տնօրինությանը, որովհետեւ այդ տարիներին նաեւ այնտեղ արված իմպրովիզացիաներս հիմա վերաիմաստավորում, նոտագրում եմ ու վերածում կոմպոզիցիաների։ Նպատակ ունեմ կրկին կատարել դրանք համերգի ձեւաչափով կամ ձայնագրել ստուդիայում, համագործակցել տարբեր երաժիշտների, խմբերի հետ ու օգտագործել դրանք որպես հումք նոր ստեղծագործությունների համար։ Միայն 2014-ից սկսեցի դրանք ձայնագրել ու հիմա, խիստ ընտրությունից հետո, ունեմ մոտ 100 ձայնագրություն, որ արել եմ տարբեր առիթներով, տարբեր վայրերում։ Այն, ինչ արել եմ մինչ 2014 թվականը, բնականաբար, անհետ կորել են, ու որեւէ կերպ չի ֆիքսվել, ինչի համար շատ եմ ափսոսում։         

- Ինչպե՞ս կբնութագրեք ժամանակակից երաժշտությունը, որո՞նք են խնդիրները, եւ ի՞նչ ելքեր եք գտնում դրանց լուծման գործում։

- Ժամանակակից երաժշտությունը շատ լայն հասկացություն է, որի մեջ անսահման քանակությամբ ժանրեր ու տեսակներ կան։ Բավական է Վիքիպեդիայում գրել «ջազի ոճեր», ու կտեսնեք մոտ 30 անվանում, ու բոլորն էլ՝ մեկը մյուսով պայմանավորված, մեկը մյուսից բխող։ Նույնը դասական երաժշտությանն է վերաբերում ու մյուս ոճերին։ Կարճ ասած՝ ժամանակակից երաժշտությունը քանի որ ինքնին շատ բազմազան է, արժե յուրաքանչյուր խնդիր դիտարկել ու վերլուծել առանձին՝ մեկը մյուսից անջատ, իսկ հետո՝ ընդհանուրի մեջ, եթե դա, իհարկե, հնարավոր է։ Սա շատ մեծ թեմա է, ու, ճիշտն ասած, ես չեմ այն մարդը, որ ելքեր պիտի առաջարկեմ, իմ ֆունկցիան ստեղծագործելն է։ Ինչպես Լենըրդ Քոհենն էր ասում՝ իմ երգերի մեծ մասը գեղեցկության իմ տեսլականն է։ 

Հարցազրույցը վարեց երաժշտագետ Էվելինա Մաթեւոսյանը