Ալիևը կրկին սպառնում ու ՀՀ-ից միջանցք է պահանջում

Ալիևը կրկին սպառնում ու ՀՀ-ից միջանցք է պահանջում

«Հայաստանը պարտվելու է. Նրանք ուզում են խաչմերուկ դառնալ։ Այո, նրանք այն անվանում են «Խաղաղության խաչմերուկ»։ Բայց որպեսզի դառնան խաղաղության խաչմերուկը, նախ պետք է մեզ հետ պայմանավորվեն»։ 
Իր հերթական բարբաջանքն է արել Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը, գրում են տեղի ԶԼՄ-ները։

«Որովհետև եթե Ադրբեջանը չհամաձայնի դրան, դա կլինի ընդամենը թղթի կտոր կամ հայտարարություն։ Առանց մեզ հետ պայմանավորվածության՝ սա բոլորովին անօգուտ է։ Ցավոք սրտի, նրանք փորձում են դա քննարկել տարածաշրջանից շատ-շա՜տ հեռու գտնվող տարբեր երկրների հետ, բայց երբ բանը հասնում է դրան, նրանք չեն ցանկանում դա քննարկել մեզ հետ։

Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ եռակողմ հռչակագիրը պետք է հարգվի, և Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն ցամաքային մուտքը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով։ Եթե ​​հիմա ինչ-ինչ պատճառներով չեն ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասեն։ Բայց դարձյալ դա հենց իրենք են ստորագրել, և պետք է հարգեն իրենց ստորագրությունը»,- ընդգծել է Ալիևը։

Ի դեպ, այս տարեսկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքում՝ Նախիջևան տանող ճանապարհին: «Կարծում եմ՝ մենք չպետք է ամաչենք 2020-2022 թվականներին ստորագրված եռակողմ հայտարարությունների գնահատման կարևորության հարցում։ Շատ տխուր է, որ Հայաստանի համար շահավետ այնպիսի գործնական բան, ինչպիսին է Սյունիքի մարզով երթուղու բացումը, դեռ մնում է թղթի վրա»,- ասել է Լավրովը։