Վազգեն Մանուկյանն առանձին խա՞ղ է սկսել

Վազգեն Մանուկյանն առանձին խա՞ղ է սկսել

Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 20-ին հանրահավաք է հրավիրել՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով։ Սա առաջին հանրահավաքն է Ամանորից եւ իշխանությունների՝ արտահերթ ընտրությունների գաղափարից հրաժարվելու հայտարարությունից հետո։

Հիշեցնենք․ հայտարարեցին, թե «հանրության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրությունների գնալու պահանջ չկա», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ ընտրություն անցկացնել։ Բացատրեցին նաեւ նրանով, որ ընդդիմությունը չհամաձայնեց արտահերթի առաջարկին։ Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը, այսինքն՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը չհամաձայնեցին արտահերթ ընտրությունների առաջարկին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում։

Նրանք ժամանակավոր կառավարության ժամանակավոր թեկնածու են առաջադրել Վազգեն Մանուկյանին, որը պետք է մեկ տարի կառավարեր երկիրը, կազմակերպեր ընտրություններ եւ հեռանար։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ո՛չ հրաժարական է տալիս, ո՛չ արտահերթի է գնում, եւ ընդդիմությունը շարունակում է պայքարը իշխանափոխության եւ վարչապետի իր թեկնածուին առաջադրելու համար։ Դրա հերթական փուլը փետրվարի 20-ի հանրահավաքն է։

Սակայն երեկ Վազգեն Մանուկյանն անակնկալ մատուցեց մեզ եւ իր ընդդիմադիր գործընկերներին։ Նա իր անունից մի առանձին հայտարարություն տարածեց՝ «Սիրելի՛ ժողովուրդ, քեզ հիպնոզացրել են, արթնացի՛ր» վերտառությամբ․

«Իշխանությունները կայացրել են որոշում, որ այսուհետ Սյունիքի որոշ հատվածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը: Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ կա գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝ ի վնաս Հայաստանի, որոշվում են Սյունիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները: Ի՞նչ այլ գաղտնի եւ անօրինական փաստաթղթեր կան ստորագրված, դեռեւս պարզ չէ: Կանցնի ժամանակ, եւ ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը, մի օր կարթնանանք ու կպարզենք, որ այլեւս չունենք Սյունիք: Հիշե՛ք՝ պատերազմից հետո՝ հոկտեմբերի 8-ին, կառավարությունն ընդունեց որոշում, որով արգելեց իրականությունն ասելու իրավունքը: Արդյունքում 44 օր մեզ խաբեցին, իսկ ճշմարտությունն ասողներին սկսեցին հետապնդել ու քարկոծել: 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը պարզվեց, որ մեր թիկունքում ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ: Դա սարսափելի հարված էր մեր ժողովրդի համար, որին 44 օր խաբում էին, թե հաղթում ենք:

Այժմ մենք չունենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ունենք 5000-ից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, հարյուրավոր գերիներ, հազարավոր անհետ կորածներ: Չունենք նաեւ բանակ, իսկ այն, ինչ մնացել է բանակից, ամեն օր ապացուցում է, որ գոյություն չունի: Հայաստանն ամեն օր փոքրանում է, մեր տարածքները տնօրինում են օտարները: Իրավիճակը փոխելու ճանապարհին մենք համոզվեցինք, որ չունենք ոստիկանություն, քանի որ այն, ծառայելով այսօրվա իշխանությանը, ծառայում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին:

Այն ամենը, ինչ մեր նախնիները հսկայական ջանքերի եւ զոհերի գնով ժառանգել են մեզ, կորցրինք եւ շարունակում ենք կորցնել՝ բութ անտարբերությամբ տարված մեր կյանքի մանրուքներով ու բամբասանքներով:

Սիրելի՛ ժողովուրդ, քեզ հիպնոզացրել են:

Ապագա սերունդներն անիծելու են մեզ: Մենք թողնելու ենք ժողովրդի մի ստրկացած հատված այս տարածքում, որը դեռ կոչվում է Հայաստան, իսկ մնացածը ցրվելու են աշխարհով մեկ՝ դառնալով պանդուխտ: Արթնացի՛ր, ժողովուրդ, համարձակվի՛ր երկրի ապագան վերցնել քո ձեռքը, հակառակ դեպքում այն կվերցնեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ այս իշխանությունների ձեռքով: Մի՛ սպասեք քաղաքական կուսակցությունների քայլերին: Բոլոր ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դո՛ւք եք որոշում երկրի ապագան:

Կո՛չ եմ անում վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում եւ որոշել մեր անելիքը: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը»:

Այս հայտարարությունը տարակուսանքի տեղիք տվեց այն պատճառով, որ փետրվարի 20-ին հանրահավաքն արդեն իսկ նշանակված է, ու շարժման մաս կազմող ուժերը դրան են նախապատրաստվում։ Մեզ ասացին, որ Մանուկյանն իր հայտարարությունը չի համաձայնեցրել մյուս ուժերի հետ, եւ նրանց համար էլ է անսպասելի եղել մարդկանց Ազատության հրապարակ հրավիրելու որոշումը։

Մենք փորձեցինք կապ հաստատել Մանուկյանի հետ՝ ստանալու նրա մեկնաբանությունը, բայց նա մի պահ վերցրեց հեռախոսը՝ ոչինչ չասաց, հետո այլեւս չպատասխանեց զանգերին։ Խոսեցինք Մանուկյանի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանի հետ։ Վերջինս Մանուկյանի որոշումն այսպես բացատրեց․ «Որովհետեւ իրադարձությունները չափից դուրս արագ են զարգանում, անկախ հանրահավաքից՝ ամեն օր պետք է ինչ-որ արձագանք տրվի օպերատիվ արձագանքի նկատառումով։ Օրինակ՝ երեկ պարզ դարձավ, որ կա գաղտնի փաստաթուղթ՝ Սյունիքի հետ կապված, բացի այդ՝ ԶԼՄ-ների հետ կապված սահմանափակումը։ Դրանք են դրդապատճառները, որ հավաքի կոչով դիմեց պարոն Մանուկյանը։ Բայց դա չի փոխում մյուս օրակարգը»։

- Համաձայնեցվա՞ծ է պարոն Մանուկյանի այս հայտարարությունը շարժման մյուս ուժերի հետ, մեր տեղեկությամբ՝ սա որոշակի տարակուսանք է առաջացրել որոշ ուժերի մոտ։

- Սա իր նախաձեռնությունն է, ես չեմ կարղ ասել՝ նախապես տեղյակ եղել են, թե չէ, բայց տեղյակ լինելուց հետո ես վստահ եմ, որ այս հավաքին կմասնակցեն նաեւ մյուս բոլոր ուժերը։

- Տպավորություն է, թե առանձին խաղ է խաղում Վազգեն Մանուկյանը։

- Չէ, նման խնդիր չկա՝ առանձին խաղ խաղալու, ուղղակի մարդը կարող է, չէ՞, ինքնուրույն իր նախաձեռնություններով հանդես գալ։

- Իսկ կմասնակցե՞ն Հայրենիքի փրկության շարժման անդամ ուժերը Մանուկյանի հրավիրած հավաքին։

- Ես համոզված եմ, որ այո։

Խոսեցինք նաեւ Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող ուժերից մեկի՝ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանի հետ։ Վերջինս մեզ ասաց․ «Գնահատականը ճիշտ չի, որ դա առանձին Վազգեն Մանուկյանի հավաքն է, սա Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուի հավաքն է քաղաքացիների հետ, հրատապ հավաք է, որը ինքն արդեն նշել է, թե ինչով է պայմանավորված»։ Իսկ տեղյակ եղե՞լ են դրանից, Բաբայանն ասաց․ «Դե, եթե ասում եմ, որ Հայրենիքի փրկության շարժման թեկնածուինն է, բնականաբար, տեղյակ եղել ենք»։

ՀԳ․ Իրականում՝ տեղյակ չեն եղել, ավելին՝ որոնք տեղյակ են եղել, դեմ են արտահայտվել։ Մեզ ասացին, որ երեկ առավոտյան Վազգեն Մանուկյանին են այցելել Դավիթ Շահնազարյանն ու Հրանտ Բագրատյանը, ենթադրաբար՝ հրատապ հավաքի առաջարկը նրանց գաղափարն է։