Նորից ընտրություն
Մինչեւ 2018 թվականն ատում էինք ընտրությունները, որոնք, առանց բացառության, վերածվում էին փողի, իշխանական լծակների եւ գողականների հաղթարշավի: Եվ մեր վախվորած ժողովուրդը` հույսը կտրած, որ երբեւէ իր քվեն ինչ-որ նշանակություն կարող է ունենալ, հնազանդորեն ենթարկվում էր թաղի գողականին, իր գործատուին ու փողատիրոջը: Առաջնորդվում էր «Մեկ է` ընտրվելու են, գոնե մի 5-10 հազար դրամ աշխատեմ» սկզբունքով, եւ քվեարկում էին ըստ նախապես գծված սցենարի: 2018-ին հույս արթնացավ, որ նույնիսկ եթե ժողովուրդը սխալվում է` ընտրելով վատին, անգամ` վատագույնին, գոնե ընտրական մեխանիզմները կսկսեն մեզանում աշխատել, եւ վաղ թե ուշ մարդիկ կկարողանան լավ թեկնածուին վատից տարբերել, ու ի վերջո կկարողանանք ձեւավորել լավ իշխանություն: Բայց մի բան հաշվի չէինք առել. Ժողովուրդը չի հասցնի տարբերել լավը վատից, իսկ իշխանության եկած մարդիկ կհասցնեն փչանալ եւ, ի վերջո, թույլ չեն տա, որ ընտրական մեխանիզմներն աշխատեն ու ընտրողի տված քվեով իշխանություն ձեւավորվի:
Ակնհայտ է, չէ՞, որ ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունն այս իշխանությունները ծանր են տանում: Այնքան ծանր, որ չեն խուսափում օրենքը խախտելուց, անգամ հանցանքի են գնում, միայն թե տեղերում զավթեն իշխանությունը: Պատկերացրեք` որքան սուր է այդ հարցը դրված լինելու մայրաքաղաքում, իսկ ավելի ուշ` հանրապետական ընտրություններում: Ինչքան ջանք ու եռանդ է դրվելու, ինչ մեթոդներ են գործելու, ինչքան ճնշում եւ լծակ է բանեցվելու, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը մնա ՔՊ-ի տնօրինության տակ: Եթե Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հաղթանակն ավարտվեց բանտով, Երեւանի քաղաքապետի պաշտոնում որեւէ ընդդիմադիրի հաղթանակը կարող է առնվազն քաղաքացիական պատերազմով ավարտվել:
Կարծիքներ