Ադրբեջանում իշխանությունները որոշել են վերահսկել կրոնական կազմակերպություններում դրամական հանգանակությունների կատարումը

Ադրբեջանում իշխանությունները որոշել են վերահսկել կրոնական կազմակերպություններում դրամական հանգանակությունների կատարումը

Ադրբեջանում իշխանությունները որոշել են վերահսկել պետության տարածքում գործող կրոնական կազմակերպությունների կողմից իրականացվող դրամական հանգանակությունները։ Ըստ նախատեսվող օրենսդրական փոփոխության, կրոնական կազմակերպությունների կողմից դրամական հանգանակությունների կազմակերպումն ու իրականացումը վերահսկվելու է կրոնական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքի պետական կոմիտեի կողմից, որը հանդիսանում է Ադրբեջանի գործադիր իշխանության մաս եւ կարգավորում է երկրում վարվող կրոնական քաղաքականությունը։ Պաշտոնական վարկածի համաձայն, նպատակը թափանցիկության ապահովումն է, սակայն հասկանալի է, որ ադրբեջանական իշխանությունները որոշել են մեղմ ասած մտնել կրոնական կազմակերպությունների «գրպանը»։

Պետք է նկատել, որ սա սպասելի քայլ էր, հատկապես՝ ադրբեջանա-իրանական հարաբերություններում նախորդ տարի տեղի ունեցած վերջին լարումից հետո։ Կարելի է ասել, որ Ալիեւի վարչակազմը փորձում է Ադրբեջանում մեծ ազդեցություն ունեցող իրանցի կրոնավորների եւ Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցչի հանդեպ յուրօրինակ վերահսկողություն սահմանել։

Սա մի հանգամանք է, որը հատկապես ինտրիգային երանգ է ձեռք բերում ադրբեջանա-իրանական հարաբերությունների լարվածության փուլում ադրբեջանական կողմից հնչած այն հայտարարությունների ֆոնին, թե իրանցի կրոնավորները եւ Իրանի հոգեւոր առաջնորդի Ադրբեջանի ներկայացուցիչն էլ Ադրբեջանում կազմակերպում եւ ղեկավարում են իրանամետ «5-րդ շարասյունը»։

Նաեւ նկատենք, որ Ադրբեջանում Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ըստ էության պետության կողմից դրված ձեւական ֆիգուր է եւ չունի ռեալ կրոնական իշխանություն ադրբեջանցի հավատացյալների վրա, որոնց ճնշող մեծամասնությունը շիա մահմեդականներ են եւ հոգեւոր-կրոնական առումով կապված են Իրանի հետ։ Իհարկե փոփոխությունը նաեւ Ադրբեջանում գործող քրիստոնեական եւ մյուս կրոնների համայնքներին է վերաբերում, սակայն այդ երկրի մյուս կրոնական համայնքները, ըստ էության Ալիեւի ռեժիմի համար այնքան «գլխացավանք» չեն հանդիսանում, որքան իրանցի կրոնավորները կամ Իրանի հոգեւոր առաջնորդի՝ Ադրբեջանի ներկայացուցիչները։

Ի դեպ, նկատենք, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների լարման պիկին Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին բացել էր ադրբեջանալեզու սոցկայքային օգտահաշիվ եւ իր «հավատացյալ հոտի» հետ սկսել էր «խոսել» ադրբեջաներենով, ինչը չափազանց լուրջ ազդակ էր, որը կարծես թե հասկացվեց Բաքվի կողմից եւ հիմա փորձ է արվում իրանցի այաթոլլաների եւ իմամների՝ ադրբեջանցի հավատացյալ մահմեդականների վրա ունեցած ազդեցությունը նվազեցնել։

Արձանագրենք, որ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի հարցերով փորձագետները, ինչպես ռուսալեզու այնպես էլ օտարալեզու մամուլում գրում են, որ Ադրբեջանը ամեն բան անում է, որպեսզի իր հասարակությանը կտրի իրանական կրոնական դաշտից։