ՀՀ իշխանությունների քննադատությունը ՀԱՊԿ-ի հասցեին անհիմն է․ Զախարովա

ՀՀ իշխանությունների քննադատությունը ՀԱՊԿ-ի հասցեին անհիմն է․ Զախարովա

Մոսկվան «ափսոսում է», որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հրապարակավ քննադատել ՀԱՊԿ-ին։
Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Ոչ միայն քննադատություն... Քննադատել կարելի է և պետք է, բայց առանց պատճառի՞: Խոսքն անհիմն քննադատության մասին է։ Դա այն դեպքում, երբ կազմակերպության քարտուղարությունը հրապարակավ հաստատել է հանրապետության նկատմամբ բոլոր պարտավորությունների պահպանումը ՀԱՊԿ կանոնադրական նպատակներին և սկզբունքներին լիովին համապատասխան», - ասել է Զախարովան՝ նշելով, որ կազմակերպությունը 30 տարի ապացուցել է իր արդյունավետությունը Հարավային Կովկասում։

«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի կարգավորմանը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով։ Համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի և հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «երբեք չի կասկածել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին Եվրամիության առաքելության իրական դրդապատճառներին»։ Զախարովան պնդել է, որ այդ առաքելությունը նախատեսված է տարածաշրջանում լրտեսական գործունեություն ծավալելու համար։

«Ինչ վերաբերում է ԵՄ առաքելության գործունեությանը, մենք երբեք չենք կասկածել դրա իրական էությանը։ Դա լրտեսական գործունեություն իրականացնելու առաջադրանք է։ Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։