«Սցենարական» ինտրիգներ՝ քաղաքապետարանի հայտարարած մրցույթում

«Սցենարական» ինտրիգներ՝ քաղաքապետարանի հայտարարած մրցույթում

Ամիսներ առաջ Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց սցենարների դրամաշնորհային բաց մրցույթ: Մրցույթի նպատակը` «ի ցույց դնել Երեւանի մշակութային շերտերն ու հանրահռչակելու քաղաքի դարավոր ժառանգությունը, ներկայացնելու երեւանցիներին բնորոշ մարդկային հատկությունները»: Հաղթող ճանաչված 5 սցենարների հիման վրա պետք է նկարահանվեն ֆիլմեր: Յուրաքանչյուր կարճամետրաժ ֆիլմի համար նախատեսված դրամաշնորհը 20 մլն դրամ է, որից 1 մլն դրամը հատկացվելու է սցենարի հեղինակին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 100 միլիոն դրամ է: 

Մի քանի փուլով իրականացված, 100-ից ավելի հայտեր ստացած մրցույթի շուրջ ինտրիգներ են խմորվել, ինչն էլ տարբեր դժգոհությունների տեղիք է տվել, որովհետեւ գումարը շատ չէ, բայց քիչ էլ չէ՝ այսօրվա համեստ կինոարտադրության պայմաններում: Մրցույթի մասնակիցներից մեկը, ով չցանկացավ, որ անունը հրապարակվի, մրցույթի հետ կապված՝ մի շարք խնդիրներ մատնանշեց: Մասնավորապես, երկիմաստ, ցաքուցրիվ ձեւակերպումներով է եղել հենց մրցույթի հայտարարությունը, որից անհասկանալի է եղել՝ հայտատուն կարող է լինել անհա՞տ, թե՞ արտադրող ընկերություն: Արդյունքում` մեծամասամբ արտադրող ընկերություններ են դիմել, բայց ստացվել է այնպես, որ ընկերության հայտը ներկայացրած սցենարիստի հետ պայմանագիրը կնքել են, սցենարը գնել, գումարը փոխանցել, իսկ արտադրող ընկերությունը, մեղմ ասած, խաղից դուրս վիճակում է հայտնվել: Մինչդեռ շատ դեպքերում` արտադրող ընկերությունը բավականին մեծ գործ է արել: Ավելին` սցենարիստներից շատերը ռեժիսորի հարցում իրենց ընտրությունն են ունեցել, բայց որոշ դեպքերում ռեժիսորին փոխել են: Ինչպես նշում է զրուցակիցս, սցենարի վրա սցենարիստից բացի նաեւ ռեժիսորն է աշխատել, որը հետո պետք է նկարեր այդ ֆիլմը, բայց սցենարիստի ձեռքից վերցրել են սցենարն ու ասել՝ «ցտեսություն, արտադրող ընկերություն»:  

Ողջ գործընթացը համակարգում է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, ով, ինչպես նշում է զրուցակիցս, միանձնյա է որոշումները կայացնում, հիմնականում` ի նպաստ իրեն, իր ռեժիսոր որդուն, իր ուսանող դեբյուտանտներին։ «Ընտրված պրոյեկտներից մեկում իր տղան է ներգրավված՝ որպես պրոդյուսեր: Բյուջեն հաշվողը, վերահսկողն էլ իր կինն է, բայց եթե իր մտերիմները, ուսանողներն այդքան կարող ու պրոֆեսիոնալ էին, թող իրենք էլ իրենց անհատական պրոյեկտներով` հավասար սկզբունքներով դիմեին ու մասնակցեին մրցույթին: Ո՞նց ես որոշել` սա չի նկարում, նա է նկարում, եթե այլ մոտիվ չկա»,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ շատ դեպքերում դրսից ներգրավված ռեժիսորներն իրենց ֆիլմոգրաֆիայով ավելի թույլ են եղել, քան արտադրող ընկերության կողմից առաջարկվածները: 

«Տրամաբանական հարց է առաջանում` ինչո՞ւ են դրսից ներգրավում այդ մարդկանց եւ ինչպե՞ս են որոշում, ի՞նչ չափանիշներով: Ստացվում է` սցենարները կենսագրություն ունեցող արտադրող ընկերությունների ձեռքից վերցրել են, հիմա դեսուդեն ընկած՝ ման են գալիս այլ արտադրող ընկերություններ, որ կարողանան այս կամ այն դեբյուտանտին խցկել, որ կինո նկարի»,- ասում է զրուցակիցս ու նշում, որ կա նաեւ հանձնաժողով, որն այնքան էլ կոմպետենտ չէ, միայն նայում է` սցենարներն ամբողջակա՞ն են, թե՞ ոչ, եւ որքանով է կոմպետենտ ֆիլմարտադրությամբ զբաղվող ընկերությունը, մյուս հարցերում վերջնական խոսքը պատկանում է Բաղդասարյանին:
Բացի այդ, եղել են հայտեր, որտեղ թե՛ սցենարիստը, թե՛ ռեժիսորը մեկ անձ է եղել, բայց ինչ-ինչ պատճառներով Բաղդասարյանը սցենարը հավանել է, ռեժիսորին` ոչ, արդյունքում սցենարիստը նախընտրել է հետ վերցնել իր հայտը, քան թե այն զիջել մեկ այլ ռեժիսորի:

Թե ինչ սկզբունքներով ու չափանիշներով են առաջնորդվել, մեզ հետ զրույցում ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը խորհուրդ է տալիս ուշադիր կարդալ մրցույթի պայմանները, որտեղ չի եղել որեւէ նշում ռեժիսորի մասին, ավելին` սա հենց սցենարների մրցույթ է, ոչ թե ռեժիսորների, բայց, ըստ նրա, ցավալիորեն բոլոր սցենարների տակ նշված է եղել նաեւ ռեժիսորների անունը. «Հայտարարության մեջ որեւէ նշում չկա ռեժիսորի մասին: Եթե ես հայտարարում եմ, որ ինձ պետք է ցնցուղ՝ լոգարանի համար, դուք այդ ցնցուղի հետ չեք կարող բերել նաեւ դրսի դուռ, պատուհան եւ այլն, որովհետեւ դա բերում է թյուրիմացության»:

Բաղդասարյանն ընդգծում է` 100-ից ավելի հայտ են ստացել, որոնք փուլ առ փուլ զտվել են, եւ ընտրված 9 հայտից ընտրվել է 6-ը, որից մեկը վերջին պահին որոշել է չստորագրել պայմանագիրը` սցենարը հետ վերցնել. «Ես այդ 9 հոգուն ասացի` հարգելիներս, եթե կա մարդ, որը չի կարող պատկերացնել, որ իր բերած սցենարը կարող է եւ ինքը չնկարի, հենց հիմա կարող է դուրս գալ, որովհետեւ սա սցենարային մրցույթ է»: 

Ռեժիսորն ասում է` էական չէ հայտ ներկայացնողի ինքնությունը` անհա՞տ է, արտադրող ընկերությո՞ւն, թե՞ հացթուխ։ «Կապ չունի՝ դուք դիպլոմով սցենարիստ եք, թե ով եք, եթե անցնում է` անցնում է: Ո՞ւմ է հետաքրքրում՝ անհա՞տ է ներկայացնում, թե՞ արտադրող ընկերություն... սա ուղղակի ոչ կոմպետենտ հարցադրում է, մենք կոնկրետ չենք ասել, թե ովքեր պետք է բերեն` փրոդաքշննե՞րը, թե՞ անհատները, պետք է ներկայացվեն սցենարներ, հացի փռի Վարսիկն էլ կարող էր ուղարկել, եթե շնորհքով սցենար լիներ»,- ասում է ու նկատում, որ միայն ինքը չի ծանոթացել սցենարներին, այլեւ փոխքաղաքապետի գլխավորությամբ ձեւավորված հանձնաժողովը. «Ի դեպ, քաղաքապետարանն ասաց, որ պետք չէ մեր գովքն անել, եւ առաջինը հանվել են այն սցենարները, որտեղ իրենց գովքն էր, որովհետեւ, ցավոք, պնակալեզությունը մեզ մոտ շատ է տարածված, եւ կային նման անհեթեթ սցենարներ, որոնք առաջինն են դեն նետվել»: 

Բաղդասարյանը չի ընդունում, որ արտադրող ընկերություններից շատերը խաղից դուրս են հայտնվել, քանի որ էական չի համարում, թե սցենարը ներկայացնողն այն գրելիս ում հետ է աշխատել կամ ումից է ոգեշնչվել. «Ի՞նչ էական է` ով ում հետ է աշխատել, ես դա չեմ կարողանում հասկանալ, ես իմ գրած սցենարը որ տանում եմ Կինոկենտրոն, իրենց ասո՞ւմ եմ, թե ումից եմ ոգեշնչվել կամ ինչ եմ մտածել, սցենարը կա՛մ տալիս ես, կա՛մ չես տալիս»: Չի թաքցնում` եղել են դեպքեր, որ իրեն դիմել են սցենարիստներ` ասելով, թե կուզեն, որ այս կամ այն ռեժիսորն իրենց սցենարի հիման վրա ֆիլմ նկարի, բայց կարծում է` սցենարիստը չի կարող նման բան պարտադրել, քանի որ առնվազն պայմանագրով նման կետ չկա:

Որպես այս պրոյեկտի արտ-տնօրեն եւ պրոդյուսեր՝ ինքն աշխատել է բոլոր սցենարների վրա, որովհետեւ բոլորն ունեցել են խնդիրներ. «Հիմա դա կհամարեք կոմպետենտ, թե ոչ, բայց իմ տեսանկյունից ես անցել եմ բոլոր սցենարների վրայով, որովհետեւ դրանց մեջ պիտի լինի զանազանություն, ոճերի տարբերություն»: Սցենարներն ընտրելիս առաջնորդվել են հենց այդ չափանիշներով, որ դրանք լինեն տարբեր ոճերի, տարբեր թեմաներ շոշափեն: Ասում է, թե նաեւ պնդել է, որ Արցախի փախստականների թեման եւս շոշափվի: 

Բաղդասարյանն ասում է` տվել է իր համաձայնությունը մի պայմանով, որ ինքը որեւէ ֆիլմ չի նկարելու, իր բարեկամները` եւս. «Որովհետեւ տղաս էլ է ռեժիսոր, քրոջս աղջիկն էլ Ֆրանսիայում բնակվող ռեժիսոր է»: Ինչպե՞ս է բացատրում իր որդու առնչությունը հաղթող նախագծերից մեկին։ Ասաց, որ նա այդտեղ պրոդյուսեր չէ. «Ես իրեն խնդրել եմ, որ ինքն ուղղակի հետեւի սցենարադրամատուրգիական կառուցվածքին, որովհետեւ էլի թերի էր, որն իրավունք ունի անելու` ինձ օգնելով, առանց իր անունը տիտրերում երեւալու»: Ինչ վերաբերում է իր կնոջ մասնակցությանը. «Իմ կինը լինելուց բացի, նա նաեւ պրոդյուսեր է եւ իմ կազմակերպությունում է աշխատում, որն այս պրոյեկտի ամբողջ ֆինանսական մոնիթորիգն է անում, բյուջետներ է իջեցնում, գտնում է տեղեր, որտեղ անհիմն է բարձրացված գումարը: Իր խնդիրը դա է, որ ստուգի՝ նպատակային ծախսվեն այդ գումարները: Ի դեպ, հիմա բյուջետների կռիվն է գնում, եւ այդ 20 մլն-ից 1 մլն-ն արդեն տրվել է սցենարիստներին, մի մասը հարկվում է, եւ հիմա ստիպված ենք բացատրել եւ տեղավորվել եղածի մեջ»: 

Իսկ ինչպե՞ս է ընտրվել իր կազմակերպությունը` մրցութայի՞ն կարգով։ «Այո, 2 ընկերություն է եղել, ընդ որում՝ մեր առաջարկը եղել է 2 անգամից ավելի քիչ` համեստ: Հետո ես հրաժարվել եմ, որ մրցութային այդ գումարները գան անցնեն մեր ընկերության միջով: Մեր կողմից սցենարի, բյուջեի, սմետաների հաստատումից հետո պետք է պայմանագիր անեն եւ ուղարկեն արտադրողին: Մենք միայն պետք է հետեւենք գեղարվեստական որակին, եւ որ ֆինանսական միջոցները ծառայեն նպատակային ծախսերին»: