Կատարվածից հետո նա քաղաքական ապագա չունի, բայց թե երբ՝ չեմ կարող ասել

Կատարվածից հետո նա քաղաքական ապագա չունի, բայց թե երբ՝ չեմ կարող ասել

Նիկոլ Փաշինյանը, արդարացնելով իր կնքած համաձայնությունը, քանիցս շեշտել է, որ պատերազմի ողջ ընթացքում բոլոր փաստաթղթերի մեջ առկա էր Շուշին հանձնելու պահանջը։ Նախօրեին ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ «խաղաղ գործընթացի որեւէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»: Սա, փաստորեն, նշանակում է, որ ԱԳՆ-ն հակադրվում է վարչապետին։ Նույն օրը տեղեկացանք, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հանրային շրջանակներում լուրեր կային, որ Շուշիի հարցն Ադրբեջանի պահանջների շարքում ներառվել է մոտավորապես հոկտեմբերի 22-ին, երբ Զոհրաբ Մնացականյանը երկու ժամով մեկնեց Մոսկվա՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ։ Մեզ հետ զրույցում Աննա Նաղդալյանը սա էլ հերքեց՝ ասելով, թե տեղեկություն չունի, որ այդ օրը նման փաստաթուղթ է քննարկվել, եւ րոպեներ անց ինքը զանգահարելով մեզ՝ առավել հստակ մանրամասնեց․ «Մոսկովյան հանդիպմանը որեւէ թուղթ չի քննարկվել»։ Մենք ԱԳՆ խոսնակից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչու այդ իրազեկումը եղավ հենց Զոհրաբ Մնացականյանի հրաժարականի օրը։ Խոսնակն ի պատասխան ասաց․ «Ես պարզաբանել եմ գրություն Շուշիի վերաբերյալ, որ Շուշին որեւէ փաստաթղթում չի եղել։ Իրար հետ պետք չէ կապել։ Լրագրողների կողմից եղել է պահանջ՝ մեկնաբանել Շուշիի հարցը, ես դա մեկնաբանել եմ, ինչն իմ պարտականությունների մեջ է»։ Այսինքն՝ երեկ են հարցրել, երեկ է մեկնաբանել։
Հնարավո՞ր է, որ ԱԳՆ-ն տեղյակ չլիներ հանձնման ենթակա շրջանների թվում Շուշին ներառված լինելու մասին, չէ որ վարչապետը քանիցս պնդել է այդ միտքը։ Աննա Նաղդալյանն ասում է․ «Ես ԱԳՆ խոսնակն եմ, արտահայտում եմ ԱԳՆ դիրքորոշումը, արտգործնախարարի եւ իմ ցանկացած մեկնաբանություն։ Հատկապես նրանք, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտությանը, համաձայնեցվում են նախարարի հետ»։

Հիշեցնենք, որ թե՛ հայկական ռազմական գործիչները, թե՛ ռուսական փորձագիտական շրջանակները Շուշիի հետ կապված բազմաթիվ հարցեր ունեն։ Սեմյոն Բաղդասարյանի եթերում «Wargonzo»-ի թղթակից Սեմյոն Պեգովը, որը վերջին մի քանի օրերին հենց տեղում հետեւել էր «Շուշիի վերջին օրերին», պատասխանելով հարցին, թե ինչպես հաջողվեց վերցնել անառիկ Շուշին, ասաց․ «Ես վստահ եմ, որպես մարդ, որն իր աչքերով ամեն ինչ տեսել է, կարելի էր շարունակել կռվել Շուշիի համար։ Երբ ստորագրվեց հայտնի համաձայնագիրը, քաղաքում շարունակում էին մնալ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներ, որոնք թե՛ մարտեր էին մղում, թե՛ պատրաստ էին քաղաքը մաքրել այն ադրբեջանական խմբավորումներից, որոնք քաղաքում հայտնվել էին Դժոխային կիրճի միջոցով»։ 

Ռուսաստանցի լրագրողը հավելեց, որ քաղաքը հանձնելու ժամանակ ադրբեջանական ու հայկական զինվորականների հարաբերակցությունը մոտավորապես նույնն էր։ Պեգովի համար էլ մեծ հարցական է, թե ինչու ինչ-որ մի պահից սկսած՝ Արցախի բանակը դադարեց «մաղել» ադրբեջանաթուրքա-գրոհայինների խմբավորումներին։
Այնուամենայնիվ, Շուշին եղե՞լ է հանձնվելիք շրջանների ցանկում։ Հարցն ուղղեցինք ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովին։ Նրա խոսքով՝ այդպիսի փաստաթուղթ, գոնե Մոսկվայում, որեւէ մեկը չի տեսել։ «Մենք էլ սպասում էինք ինչ-որ ճշգրտող կետերի Հայաստանի կողմից՝ Փաշինյանի, որը տեղյակ էր, ձեր ԱԳՆ-ի, որը նույնպես պետք է որ տեղեկացված լիներ։ Այս համաձայնագրի կամ գործարքի դետալները մեզ հայտնի չեն։ Այլ հարց է, որ կան ոչ կառավարական շրջանակներ, որոնք շատ ուշադիր հետեւում էին, եւ նրանք պնդում են, որ Շուշին հնարավոր էր պահել»,- ասում է Տարասովը։

Հադրութ, Հադրութի շրջան․ սրանք նախկին ԼՂԻՄ կազմում էին, հնարավո՞ր է, որ բանակցային գործընթացի ժամանակ  վերադարձվեն հայկական կողմին։  Տարասովն ասում է․ «Ոչ, դա գնացել է, հարավը գնացել է, այն գրավվել է, եւ վերջ․ այն, ինչ կա քարտեզին, դա էլ սահմանն է։ Ես որքանով հասկանում եմ՝ մարտական գործողությունները դադարեցվել են շփման ռեալ գծի արդյունքներով։ Այնտեղ, որտեղ կանգնել են նոյեմբերի 10-ի գիշերը, ժամը 1-ին։ Որտեղ կանգնել են, կանգնել են։ Վերջ։ Դրա համար էլ վերջին օրերին այդքան թեժ կռիվներ էին»։

Նշենք, որ ռուսական հեռուստաեթերներից պարբերաբար հնչեցվում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա մինչեւ դեկտեմբերի 1-ը եւ հեռանա դեմոկրատական ճանապարհով։ Ի՞նչ ժամկետ է սա եւ ի՞նչ է նշանակում։ Ըստ ռուս վերլուծաբանի՝ որպեսզի ի կատար ածի բոլոր պարտավորություննե՞րը։ Ստանիսլավ Տարասովն ասում է․ «Այս համաձայնագիրը պատրաստվել է երեք երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների մակարդակով։ Բոլորը հասկանում էին, որ սրանով Փաշինյանն իրեն հարվածի տակ է դնում։ Եթե նրան միանգամից հեռացնեն, սա մի բան է, բայց ոչ ոք, այդ թվում՝ միջազգային հանրությունը, չի ուզում, որ Փաշինյանը դատապարտված լինի։ Որ նրա հետ հաշվեհարդար տեսնեն, որ հեղաշրջում լինի։ Պետք են դեմոկրատական ինստիտուտներ՝ արտահերթ ընտրություններ եւ այլն, որպեսզի այդ գործընթացը քաղաքակիրթ եղանակով ընթանա։ Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ կատարվածից հետո նա որեւէ քաղաքական ապագա չունի։ Բայց թե երբ՝ հունվարի 1-ի՞ն կամ՝ չգիտեմ երբ, սա արդեն այնքան էլ կարեւոր չէ։ Իսկ որ ասում է՝ հրաժարական չեմ տա, ասում է՝ հասկանալով, որ այս պահին իրեն դեռ ԵԱՀԿ ՄԽ երկրներն աջակցում են»։

Այդ «երբ»-ը, ըստ Տարասովի, տեսանելի ապագայում է։