Ավստրիան «փայլուն» կերպով դուրս է գալիս մեկուսացումից

Ավստրիան «փայլուն» կերպով դուրս է գալիս մեկուսացումից

Ավստրիան կարողացել է խուսափել կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման երկրորդ ալիքից եւ աստիճանաբար դուրս է գալիս սահմանափակումների ռեժիմից։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը։

Վարակման դեպքերի աճը մնում է կայուն եւ կազմում է օրական 0,2 տոկոս այն դեպքում, երբ մարտ ամսվա կեսերին 50 տոկոս էր։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Անցյալ հանգստյան օրերին այստեղ արդեն վերաբացվել են առեւտրի կենտրոնները, մարդկանց էլ թույլատրվել է ազատ դուրս գալ եւ երթեւեկել փողոցներով։ Սահմանափակումներից դուրս գալու առաջին փուլը, ըստ նախարար Անշոբերի, «հիանալի» կերպով է ընթացել։ Քաղաքացիները հետեւում են սանիտարական ցուցումներին։

Անշոբերը նկատել է, որ իրավիճակը չափազանց կայուն եւ դրական է, ու չկա, որեւէ ազդակ, որը կարող էր իրենց համար մտահոգության առիթ դառնալ։ Ավստրիայի ՆԳ նախարար Կարլ Նեամերն էլ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի գրավականը անհատական բարձր պատասխանատվության գիտակցումն է։