Ղազախստանից օպերատիվ խմբեր են եկել Հայաստան

Ղազախստանից օպերատիվ խմբեր են եկել Հայաստան

Ղազախստանից օպերատիվ քննչական  2 խումբ է ուղարկվել  Հայաստան։ Պատճառն  այն է, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի   ունեցած ծեծկռտուքի և դրան հաջորդած  սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը, ըստ Ղազախստանի ՆԳՆ տվյալների,  հատել է Ղազխստանի սահմանը։ 

Այս մասին հայտնել է ՂՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Ժանաթ Սուլեյմենովը:  
«Ներկա պահին 8 անձ գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում: Նախնական օպերատիվ-քննչական միջոցառումների անցկացման արդյունքում հաստատվել է, որ նա հատել է սահմանը: Օպերատիվ-քննչական խումբ է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն, 2 խումբ ուղարկվել է Հայաստան»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Գուրուրյանը հատել է սահմանը հունվարի 1-ին՝ ժամը 22.00-ին, և այժմ հնարավոր է, որ գտնվի Ռուսաստանի Դաշնությունում։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Հրապարակի» հետ զրույցում  նշեց, որ Ղազախստանի ՆԳ նախարարության  աշխատակիցներ են եկել և համագործակցում են ՀՀ ոստիկանության  հետ՝ Գուրուրյանին հայտնաբերելու մասով, այլ մանրամասներ Ահարոնյանը չհայտնեց։  

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գուրուրյանը հանդես էր եկել տեսաուղերձով՝ ասելով, որ ինքը  մարդասպան չէ, պատրաստ է կրել պատասխանատվություն, սակայն ուրիշի մեղքն իր վրա չի վերցնի, և եթե Ղազախստանի իրավապահները ապահովեն իր անվտանգությունը, ապա պատրաստ է հանձնվելու։

Ի պատասխան Գուրուրյանի հայտարարությանը՝ Ղազախստանի ՆԳՆ-ն էլ հայտարարել էր, որ կապահովի նրա անվտանգությունը։ 

Հիշեցնենք նաև, որ դեպքի առթիվ Կարագանդա քաղաքում ցույցեր են ընթանում։