Խնդիրը իրականում շատ ավելի ճակատագրական է, քան պարզապես Նիկոլ vs Սերժ, կամ Նիկոլ vs Ռոբերտ, etc քաղաքական դիմակայությունները

Խնդիրը իրականում շատ ավելի ճակատագրական է, քան պարզապես Նիկոլ vs Սերժ, կամ Նիկոլ vs Ռոբերտ, etc քաղաքական դիմակայությունները

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«2018 թվականի իշխանափոխությունից հետո հաճախ է խոսվում հասարակության պառակտման մասին: Իրոք, նման փոթորկալից իրադարձությունները օբյեկտիվորեն չէին կարող իրենց հետքը չթողնել հանրային կյանքի դրսևուրումների և հասարակության սոցիոլոգիական կառուցվածքի վրա:
Հայաստանի ներքին քաղաքական կյանքում իրական քաղաքական բևեռվածություն հաճախ է եղել: Հայ հասարակությունը անոդ vs կատոդ սկզբունքով տարբեր ուժգնությամբ բևեռացված էր և 1996-ին, և 1998-ին, և 2003-ին, և մասամբ՝ 2013-ին: Իսկ 2008 թավականի քաղաքական ցնցումը և առաջացած անջրպետները նախադեպը չունեին մեր նորագույն պատմության մեջ:
Սակայն այն, ինչ 2018 թվականի ապրիլից այս կողմ կատարվում է մեր երկրում լոկ հետցնցումային քաղաքական տարանջատումներ չեն և սրանով են այսօրվա իրողությունները տարբերվում նախորդներից և դառնում առավել վտանգավոր:

Ի՞նչ է կտարվում այսօր: Իմ կարծիքով, բոլոր նախորդ քաղաքական բևեռացումները ունեին բացառապես քաղաքական իմաստ և նշանակությւոն: Լևոնականներն ու վազգենականները, քոչարյանականներն ու դեմիրճյանականները, սարգսյանականներն ու լևոնականները իրենց սոցաիլ-կենցաղային մշակույթում, իրենց մտածելակերպի արքետիպերում հիմնականում ընդհանրական էին, նույնական:

Առկա պոլյարիզացիաները բացառապես քաղաքական էին և չէին առնչվում մտածելակերպային, ազգային, ավանդական և պատրիարքալ հիմքերին: Հայ հասարակությունն իր պետականաշինության վերևի հարկերում բաժանված լինելով ըստ քաղաքական ճաշակի և նախընտրությունների, իր բազիսում, իր հիմնահարկում և ֆունդամենտում ուներ իր անցյալի, իր արժեհամակարգի, իր սոցիալ-կենցաղային մշակույթի համընդհանուր չգրված, սակայն խորը արմատավորված ալգորիթմներ:

Լևոնականներն ու վազգենականները, քոչարյանականներն ու դեմիրճյանականները, սարգսյանականներն ու լևոնականները՝ բոլորը, վերջիվերջո, «միջին վիճակագրական հայեր» էին:
Այն, ինչի ականատեսն ենք այսօր մենք, իր էությամբ ամբողջությամբ այլ երևույթ է և շատ ավելի խորն է, քան պարզապես քաղաքական հիմքով հասարակության շարունակվող տրոհման գործընթաց: Ես հակված եմ կոչել այսօրվա իրավիճակը «քաղաքակրթական պատռվածք»: Հետիշխանափոխական Հայաստանում «բարի-չար», «լավ-վատ», «ճիշտ-սխալ» կոորդինատային առանցքներում առաջացել են ճգնաժամային ճողվածքներ:

Գաղտնիք չէ, որ կայացած հասարակությունները առաջնորդվում են ոչ միայն գրված օրենքներով, այլև հազարամյակների ընթացքում առաջացած, մշակված և հանրային նորմ դարձած բազում չգրված օրենքներով: Ու հենց այդ չգրված օրենքների ավանդական համակարգն է այսօր խորը ճգնաժամի մեջ: Ավանդական հասարակական բարոյագիտության և բարեվարքության համակարգերը հոգեվարքի մեջ են, նախկին «չիկարելիները» իրենց տեղն են զիջել «կուզեմկանեմներին»: Բավական է դուրս գալ փողոց, կամ մեքենա վարել, կամ այցելել հասարականան վայր, կամ պարզապես շփվել երբեմն ծանոթ-ընկեր-բարեկամ ձևաչափով, և նկատելի է դառնում հանրային այդ չարորակ տրանսֆորմացիան:

Հայաստանը կանգնած է «պառակտված քաղաքակրթություն» դառնալու եզրին, որտեղ մոլեգնող կեղծ-ազատականությանը համառ դիմադրություն է ցուցաբերում հասարակական տրադիցիոնալիզմը: Այս երեևույթը մեզանում գոնե տեսանելի մակարդակում, ի տարբերությւոն այլ նմանօրինակ երկրների, դեռևս աշխարհաքաղաքական չէ: Սակայն դրա արտաքին քաղաքականացումը ապագայում չի բացառվում:Եվ սա պարզապես «մակարդակի» դաստիարակության կամ կրթության հարց չէ: Սա լրիվ ուրիշ օպերա է:
Եվ միանշանակ է, որ նման իրավիճակում հայտնված հասարակությունների դիմադրողականությունը համարժեք չի լինում նրան սպառնացող վտանգներին և եթե այսպես շարունակվեց, ապա պետության իմունային համակարգի գլխին կախված ռիսկերը կարող են ավարտվել աղետով:

Խնդիրը իրականում շատ ավելի ճակատագրական է, քան պարզապես Նիկոլ vs Սերժ, կամ Նիկոլ vs Ռոբերտ, etc քաղաքական դիմակայությունները»