Փաշինյանը 2019-ից արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում միջնորդների եւ նրանց առաջարկած լուծումների նկատմամբ

Փաշինյանը 2019-ից արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում միջնորդների եւ նրանց առաջարկած լուծումների նկատմամբ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 14-ին լսումներ անցկացրեց՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը․ հայտնում է Սենատի կայքը։ Լսումներին ելույթ են ունենցել ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմը եւ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով խորհրդական Լու Բոնոն։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում բաց լսումներ էին անցկացվել Արցախում տիրող ճգնաժամի վերաբերյալ։ Իր ելույթում ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է 120 հազար էթնիկ հայերին ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի ծրագրերին մեղսակցության մեջ։ Մենք մի քանի հարց ուղղեցինք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին։

- ԱՄՆ Սենատը երեկ լսումներ էր անցկացնում Արցախի վերաբերյալ: Իշխանականներն այս տեղեկությունը փորձում են մեծագույն ձեռքբերում ներկայացնել: Ասել է թե՝ Փաշինյանի շնորհիվ ԱՄՆ-ն պրոհայկական քայլեր է անում: Ի վերջո` ի՞նչ են ենթադրում Սենատի լսումները:

- Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է վճռորոշ դեր ունենալ, ապա նախ պետք է անի երկու բան. դադարեցնել ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ապա պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Կան բազմաթիվ առիթներ` Լաչինի միջանցք, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամ, Հաագայի դատարանի որոշման անտեսում, ու այդպես շարունակ: Եթե հարկադրանքի այս միջոցները չեն կիրառվում, ապա Սենատի քննարկումները միայն բարոյական աջակցության ժեստ կարելի է դիտարկել, որը եւս ողջունելի է, սակայն էական որեւէ ազդեցություն չի կարող ունենալ:

- Ինչո՞ւ արեւմտյան երկրները Ձեր նշած պատժամիջոցներն Ադրբեջանի դեմ չեն կիրառում: Համատեղ շահե՞րն են պատճառը, թե՞ հայկական կողմի անգործությունը: 

- Ես մի տեսակետ էի հայտնել, ինչի առիթով մեր, այսպես կոչված, հաստիքային արեւմտամետները խիստ նեղվել էին: Ասել էի, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով, մեծ հաշվով, կա աշխարհաքաղաքական կոնսենսուս, անկախ բոլոր կողմերի հակադրություններից: Այսինքն` նրանց վեճն այն բանի շուրջ է, թե ով պետք է լինի տարածաշրջանի մոդերատորը, բայց բովանդակային հարցերում մեծ տարաձայնություններ չունեն: Ամենաթարմ օրինակը` Ռուսաստանն Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն հասցրեց Արցախ, Եվրամիությունն էլ իր հերթին այդ փաստը ողջունեց: Սա զուտ լոկալ օրինակ էր, որը պարզապես պետք է արձանագրենք: Այսօր միջազգային համատեքստ է ստեղծվել է, որ Ադրբեջանը թե՛ Արեւմուտքի եւ թե՛ Ռուսաստանի համար շատ ավելի կարեւոր գործընկեր է, քան Հայաստանը: Չեմ կարծում, որ հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով աշխարհի որեւէ երկիր Հայաստանի հետ միասին դուրս կգա ընդդեմ Ադրբեջանի: Ես այդ սցենարը համարում եմ անհնար:

- Նույն Ադրբեջանը Ռուսաստանում տեղի ունեցող տեղական ընտրությունները համարել էր անընդունելի: Խոսքը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի մարզերում տեղի ունեցած ընտրությունների մասին է: Սակայն Ռուսաստանի արձագանքն այնքան էլ կտրուկ չէր: Ինչո՞ւ: Սա ե՞ւս պայմանավորված է նրանով, որ ՌԴ-ն Ադրբեջանին առավել լուրջ դաշնակից է համարում, քան մեզ:

- Կարծում եմ, որ Ռուսաստանը կտրուկ էր արձագանքել: Այժմ դիվանագիտական դեմարշը կտրուկ արձագանքման ձեւ է համարվում, այս պարագայում եկեք արձանագրենք, որ Մարիա Զախարովան բառացի հայտնեց դիվանագիտական դեմարշի մասին: Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կան բազմաթիվ հակասություններ: Հայաստանն այդ հակասություններից կարող էր օգտվել, եթե ունենար հմուտ դիվանագիտություն: Ցավոք, այսօր Հայաստանը ոչ միայն հմուտ դիվանագիտություն չունի, այլեւ հակառակը` ինստիտուցիոնալ ճգնաժամի մակարդակի է հասցրել հայ-ռուսական հարաբերությունները, փոխարենն Արեւմուտքից ձեռք չի բերել որեւէ դաշնակից, հարաբերությունները չի ամրապնդել հարեւան Իրանի հետ:

- Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Քարվաճառն ու Լաչինը ցանկացել է տալ հայերին, սակայն Հայաստանից իր առաջարկը մերժել են:

- Կայսրությունների քաղաքականության մեջ մանիպուլյացիաների տարրեր լինում են, բայց, ընդհանուր առմամբ, Վլադիմիր Պուտինի ասածի մեջ կա օբյեկտիվություն: Իրապես, կարգավորման գործընթացում Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին չեն գործել արդյունավետ: Սա, իհարկե, որեւէ կերպ Բաքվին ագրեսիվ քաղաքականության պատասխանատվությունից չի ազատում, բայց այնպես էլ չէ, որ մեր նախկին եւ ներկա իշխանություններն Արցախի հարցը կարգավորելու մեծ ցանկություն են ունեցել: Պուտինը ճիշտ է ասում, որ վերջին 10-15 տարում Ռուսաստանը վերանայել է տարածաշրջանային քաղաքականությունը: Այդ մասին դեռեւս 2012 թվականին հոդված եմ գրել: Մի շատ կարեւոր բան եւս` ամեն դեպքում, եթե նախկին իշխանությունները գոնե բանակցում էին, ներկաները մի վատ երեւույթ եւս մտցրին դիվանագիտություն. այն է` Նիկոլ Փաշինյանը 2019 թվականից բացահայտ կերպով արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում միջնորդների եւ նրանց առաջարկած լուծումների նկատմամբ: