Ընտիր առաջարկներ Փաշինյանին՝ Բաքվից

Ընտիր առաջարկներ Փաշինյանին՝ Բաքվից

Ադրբեջանցի քաղաքագետ, պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի դիտարկումներով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատող պայմանագրի ստորագրումը, եթե ֆորս-մաժոր չլինի, տեղի կունենա 2024 թվականի սկզբին։ Նրա կարծիքով՝ այդ հարցում բոլոր խոչընդոտները հիմնականում վերացվել են։ Ավելի վաղ նման տեսակետ էր հայտնել նաև Ադրբեջանի արտգործնախարարը, ինչը նշանակում է, որ պաշտոնական Բաքվին ստեղծված իրավիճակը՝ Արցախի և ՀՀ սուվերեն տարածքի առանձին հատվածների բռնազավթումը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների՝ անկլավների վերադարձի մասին խոստումները լիովին բավարարում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Կարելի է ասել՝ Նիկոլ Փաշինյանը շատ մոտ է իր մտասևեռումների իրականացմանը, այն է՝ ամեն գնով և նույնիսկ ամենաստորացուցիչ պայմաններով խաղաղության մասին թուղթ ստորագրելուն: Մնում է՝ Փաշինյանը փորձի այդ թուղթն ստորագրել:

Ամանորի գիշերը, մինչ մենք քննարկում էինք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տարեմուտի ուղերձը Հ1-ով հեռարձակել չհեռարձակելու հարցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասցրեց շատ բարձր տոնայնությամբ «խոսել» հայ ժողովրդի հետ՝ հայտարարելով, որ ՀՀ իշխանությունների անխոհեմ պահվածքի դեպքում, իրենք կանեն այն, ինչ կհամարեն ճիշտ: Ի՞նչ նկատի ուներ Ալիևը… Դե իհարկե այն, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են ստորագրել մի չարչրկված փաստաթուղթ, որն ամբողջությամբ ձեռնտու է Ադրբեջանին, հակառակ պարագայում դա կստիպեն անել ուժով: Ասել է, թե՝ ՀՀ իշխանությունները պետք է կզեն ադրբեջանական կողմի պահանջների առաջ, ընդունեն նոր ստատուս-քվոն և փակեն Արցախի պատմության վերջին էջը: Նույնը կրկնեմ նաև Ալիևի համար՝ դու քաջ տղա ես երևում, պարոն նախագահ, բայց քո շտապողականությունն ինձ «սպանում» է: Հասկացիր վերջապես՝ դեռ մնում է, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ փորձի ստորագրել այդ թուղթը: Ես չեմ ասում, որ Փաշինյանը չի ուզում ստորագրել, նա նույնիսկ երազում է այդպիսի մի թուղթ ստորագրել, բայց կստորագրի՞…

Վերը հիշատակված քաղաքագետ Ռահիմ Մուսաբեկովը, կարծես, այս հարցում ավելի շրջահայաց է և ավելի լավ է պատկերացնում Փաշինյանի հնարավորությունները, քան Իլհամ Ալիևն ու իր արտգործնախարարը: Եվ ահա նա մեղմացուցիչ հանգամանքներ է թվարկում, որոնք ըստ իրեն՝ հեշտացնում են Փաշինյանի գործը: Նա գրում է. «Փաշինյանի կառավարության ցանկությունը՝ ներգրավել որևէ երաշխավորի, այնքան էլ անհրաժեշտ չի թվում. Ի վերջո, փաստաթուղթը շրջանակային փաստաթուղթ է, այն արձանագրում է կողմերի պատրաստակամությունը՝ կառուցելու հարաբերություններ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան և չի պարունակում որևէ դրույթ, որը լրացուցիչ երաշխիքներ է պահանջում մեծ տերություններից։ Համաձայնագիրը վավերացման ընթացակարգի ավարտից հետո ներկայացվում է ՄԱԿ և գրանցվում այնտեղ։ Սա բավարար է»։ Չի բացառվում, որ, Նիկոլին դուխ տալու նպատակով, այս «մուղամն» առաջիկա օրերին սկսեն երգել նաև ՀՀ իշխանություններն ու նրանց մերձակա շրջանակները, բայց դա դեռ փաստ չէ, որ Փաշինյանը, ինքնագլուխ կերպով, առանց որևէ գերտերության երաշխիքների, կհամարձակվի գրիչ վերցնել ձեռքը և նման խայտառակ կապիտուլյացիա ստորագրել: Դա կլինի նրա վերջը բոլոր առումներով, և Բաքվում սա պետք է հասկանան, եթե իսկապես բարձր են գնահատում Փաշինյանի դերն իրենց աննախադեպ հաջողությունների մեջ:

«Պայմանագիրը կարող են ստորագրել նաև արտգործնախարարները, օրինակ՝ Թբիլիսիում։ Ակնհայտ է, որ սա Բաքվի համար նախընտրելի տարբերակ է, որն ամբողջությամբ չի գոհացնում բրյուսելյան հարթակին նախապատվություն տվող Երևանին»,- շարունակում է բզբզալ ադրբեջանցի քաղաքագետը՝ Փաշինյանին հուշելով, որ սեփական հետույքը փրկելու համար կարելի է հարվածի տակ դնել Արարատ Միզոյանի հետույքը: Փաշինյանն, անշուշտ, սիրով կգնար այդ քայլին, եթե վստահ լիներ, որ արտգործնախարարների մակարդակով ստորագրված թղթով կարելի կլինի խաղաղություն հաստատել Ադրբեջանի նման պետության հետ, որ հրաժարվում է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը նույնիսկ ոչ լրիվ 29 հազար 800 քառակուսի կիլոմետի տվրա: Կարծես զգալով, որ Փաինյանը կարող է նաև այդ տարբերակին չհամաձայնել, Մուսաբեկովն անում է իր վերջին, թերևս «ամենագայթակղիչ» առաջարկը՝ համատեղել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրոմն ու հայ-թուրքական երջանկահիշատակ արձանագրությունների վավերացումը. «Առաջարկ կանեմ Երևանի և Անկարայի միջև համաձայնագրի համաժամանակյա ստորագրման հնարավորության մասին, ըստ որի՝ կսկսվի հայտնի Ցյուրիխյան արձանագրությունների կամ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին արձանագրության վավերացման գործընթացը։ Այս դեպքում ԱԳՆ ղեկավարների ստորագրման վայրը կարող է լինել Ստամբուլը։ Տարածաշրջանի երկրների նախագահները կարող էին ներկա գտնվել ինչպես անմիջականորեն, այնպես էլ տեսաֆորմատով։ Ավելին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2024 թվականին Թուրքիա իր այցի մասին։ Ինչո՞ւ չհամատեղել այս ամենը»: Ոչ մի կասկած չկա, որ այս առաջարկով ադրբեջանցի քաղաքագետը փորձում է ստուգել Փաշինյանի փառասիրությունը՝ Նիկոլ ջան, դու կարող ես ծանր տեղդ չթեթևացնել և տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ հեռուստակապով հետևել, թե ինչպես են արտգործնախարարներն Անկարայում «ծաղիկ ա բան ա» ջրում:

Կդիմանա՞ Փաշինյանն այս գայթակղությանը: Մի շտապեք ասել՝ այո: Ի վերջո Փաշինյանը նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է սկսել իր զրոյական կետից ու դեռ չի հասցրել մեզ կարգին ծանուցել այդ մասին: Այնպես որ Անկարայում խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկը, հնարավոր է, որ շատ էլ մոտ լինի նրա սրտին: Բայց այստեղ էլ մեկ այլ խանգարիչ հանգամանք կա: Ժամանակին ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը հակասող է ճանաչել հայ-թուրքական արձանագրությունները՝ նշելով՝ որ դրանք չպետք է կապվեն հայ-ադրբեջանական հակամարտության հետ: Եվ ուրեմն ի՞նչ անի Նիկոլը՝ գնա Սահմանադրությանը լրիվ հակառակ և գնդակահարվի՞ պատի տակ, թե՞ շարունակի փրփուրներից կախված պահել իշխանությունը: Չգիտեմ ինչու, բայց ինձ երկրորդ տարբերակն ավելի հավանական է թվում: