Սա արդեն 4-րդ նման դեպքն է

Սա արդեն 4-րդ նման դեպքն է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ, հոկտեմբերի 6-ին, նախնական տեղեկություններով, գերեվարվել էր 18-րդ դիվիզիայի (Հադրութ) բուժծառայության պետ, փոխգնդապետ Հրանտ Ռուդոլֆի Պապիկյանը։
Սեպտեմբերի 24-ին գրություն եմ ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տեղեկացնել, թե փոխգնդապետ Պապիկյանի ճակատագրի պարզման վերաբերյալ ինչ աշխատանքներ են տարվել և տարվում։ 

Արդյոք Ադրբեջանը հաստատում է վերջինիս գերության փաստը։ Եթե չի հաստատում, արդյոք ԱԱԾ-ն ունի այլ գործիքակազմ նման դեպքերում զինծառայողների ճակատագիրը ճշտելու և նրանց հայրենադարձումը կազմակերպելու համար։

Օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է, սակայն ԱԱԾ-ն որևէ ձևով չի արձագանքել։
Պետական կառավարման համակարգ գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Սա արդեն 4-րդ նման դեպքն է։ 
Ու այս իշխանությունը ուզում է մեր հանրությանը համոզել, թե ի վիճակի է երկրի առաջ եղած բարդ գործընթացներում մեր շահերը ներկայացնել։

Դուք նույնիսկ պաշտոնական գրություններին չեք կարողանում արձագանքել, էլ ուր մնաց երկրի առաջ եղած մարտահրավերներից գլուխ հանեք։
Պարզ գրություն առանց ինտրիգների, ներքաղաքական կոնտեքստի և շահարկումների՝ հայի ճակատագրի մասին՝ անպատասխան»։