Մինչև Նոր տարի նեղանալ չկա. Լրագրային շանսոն

Մինչև Նոր տարի նեղանալ չկա. Լրագրային շանսոն

Քաղաքապետարանում
Մ.թ.ա. 2018թ. նոյեմբերի 23-ին նամակ եմ գրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Խոստացել էին 30 օրից պատասխանել: Տեսնելով, որ նամակս դեռ «ընթացքի մեջ է»,  գնացի մոտը: Քարտուղարուհին ասաց` պարոն Մարությանին բանակ են տարել:
-Յա՛ա՛ա՛,- զարմացա ես:
-Ըհը,- ասաց քարտուղարուհին ու խաչ հանեց երեսին:
-Հավատում եմ, հավատում, աղջիկ ջան, եկել եմ ասեմ` նամակիս «ընթացքը» թուլացրեք կամ դադարեցրեք, մինչև Մարությանը զորացրվի, թե չէ նամակս կընթանա, կընթանա ու մեկ էլ տեսար պատուհանից դուրս թռավ…
-Դուրս չի թռչի, մի անհանգստացեք, դարակումս պինդ պահած ա…

Տոնածառ ջան
Ես զարմանում եմ, որ հայ կոմունիստները չեն ողջունում Երևանի նոր տոնածառը, որ մեկին մեկ Կրեմլի հին տոնածառն է հիշեցնում: Է՛է՛է՛, լենինյանների մեջ էլ նախկին էնտուզիազմը չի մնացել: 

Խոհ
Մի ամբողջ երկիր վերածել ենք կրկեսի և դեռ սպասում ենք Երևանի կրկեսի բացմանը:

Ասոցիացիա
Այնպես են ասում` Նիկոլը գնում է Մոսկվա, ոնց որ ասեն` Ղազարը գնում է պատերազմ:

Արդի կենաց
Մանկուց երազում էի շատ փող ունենալ ու մեկ էլ դարձա պատգամավոր: Եկեք խմենք այն բանի համար, որ մեր ցանկություններն ու դրանց հասնելու տարբերակները իրարից միշտ 5 պակաս լինեն: