Ի՞նչ է լինելու Հանրային ռադիոյի հետ, նախ՝ Ջաղինյանը

Ի՞նչ է լինելու Հանրային ռադիոյի հետ, նախ՝ Ջաղինյանը

Դեկտեմբերի 19-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցների կողմից գործադուլ անելու սպառնալիքից հետո  Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հրաժարականից հետո անորոշ վիճակ է, բոլորը սպասում են փետրվարին, երբ  ըստ շրջանառող տեղելությունների՝ կհայտարարվի տնօրենի մրցույթ։

 Սակայն ինչպես տեղեկացանք լավատեղյակ աղբյուրից ՝ օրենքը տնօրենի հրաժարականից հետո մինչև 8 ամսում մրցույթ անցկացնելու հնարավորություն է տալիս, և, հետևաբար, կփորձեն ձգել մինչև որ տեղի ունենա Հանրային  հեռուտառադիոընկերության խորհրդի անդամների ու  նախագահի մրցույթը, նոր կանցնեն ռադիոյին։ Ներսում հիմնական խոսակցությունները, գոնե այն են, որ ճիշտ կլինի սպասել փետրվարին։ 

Հիշեցնենք, որ  Հանրային Խորհրդի նախկին ղեկավար Ալիկ Հարությունյանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո 2013-ի մարտի 1-ին, Սերժ Սարգսյանը  6 տարի ժամկետով նշանակել էր  Ռուբեն  Ջաղինյանին, թեպետ նախքան այդ նույն Սերժ Սարգսյանի  կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 2 դիմումը, որոշում էր  կայացրել հաղթող ճանաչել մրցույթի պահանջները բավարարող 2  դիմումատուի՝ Ջաղինյանին և Աստղիկ Ավետիսյանին։
Եթե Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի մրցույթը  ( անդամների մրցույթից հետո վերջիններս պետք է իրենց միջից ընտրեն նախագահ) անցկացվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի  կողմից, ապա Հանրային ռադիոյի տնօրենի համար մրցույթը պետք է հայտարարի Հանրային ռադիոն։

Մինչ  նոր մրցույթը Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  է  նշանակվել  Հանրային ռադիոյի ֆինանսական  գծով փոխտնօրեն Երվանդ Պողոսյանը։  Բայց քանի որ Հանրային ռադիոն ունի «Ռադիոլուր» լրատվական, որի հետ կապված բովանդակային--խմբագրական խնդիրները  ֆինանսական գծով փոխտնօրենը չի կարող լուծել,դրանց  համակարգումը մինչև նոր տնօրենի մրցույթն ու նշանակումը դրված է Հանրային հեռուստառադիոընկերության ռադիոընկերության խորհրդի 5 անդամներից Ստեփան Զաքարյանի վրա, որն էլ,  համարվում է  Հանրային ռադիոյի տնօրենի հիմնական հավակնորդներից մեկը ։ Ի դեպ, նրա լիազորությունների ավարտը, ինչպես գրվել էր, հիմա չի լրանում, այլ 2021-ին։  Ինչևէ, մեզ հետ զրույցում Ստեփան Զաքարյանն ասաց, որ չի ցանկանում խոսել այդ հարցերի մասին․ խոստացավ անդրադառնալ հետո։  Ամեն դեպքում, տնօրենի մրցույթին մասնակցելու համար Ստեփան Զաքարյանը պետք է հրաժարվի հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի լիազորություններից։

Ինչ վերաբերում է  Հանրային ռադիոյի տնօրենի տեղակալ  Լիկա Թումանյանին, ով համակարգում է «Ռադիոլուր» -ի աշխատանքը, ապա նրա պայմանագիրը , ինչպես և գրվել էր,  ավարտվում է հունվարի 1-ին և չի թարմացվելու։
Ինչու՞ հեռացավ Մարկ Գրիգորյանը, արդյո՞ք այս հրաժարականը ու դրան նախորդող գործադուլի սպառնալիքը, տեղեկատվական արտահոսքերը ուղղորդված են եղել իշխանությունների կողմից․ ինչպես  հավաստիացրեց մեր զրուցակիցը՝ ոչ, և անգամ Մարկ Գրիգորյանի հրաժարականը պահանջող հիմնական դեմքերին այդ մասին հարցվել է և  ասվել է, թե եթե այդքան մեծ էր դժգոհությունը, ինչո՞ւ չէին գալիս, հայտնում այդ ամենի մասին խորհրդին, այլ հրապարակայնացնում։ Հիշեցնենք, որ Հանրային հեռուստառադիոըներության խորհրդի ներկայիս անդամներն են՝ Մերուժան Տեր-Գուլանյանը, Նառա Շլեպչյանը և Լևոն Գալստյանը և, իհարկե,․նախագահ Ռուբեն Ջաղինյանը։ Ամեն դեպքում, քանի որ նախկին տնօրենի վերաբերյալ հիմնական բողոքներից մեկը աշխատավարձերի անհամաչափությունն ու անարդար մոտեցումն էր տարբեր աշխատակիցների ու աշխատակազմերի նկատմամբ,  Հանրային ռադիոյում հակված են ուսումնասիրել Մարկ Գրիգորյանի ֆինանսական գործունեությունը,  չեն բացառում, որ  ֆինանսական աուդիտ անցկացվի։

 Ըստ կանոնադրության, թեպետ հենց խորհուրդն է հաստատում  ռադիոյի ծախսային մասը, բայց միջամտելու որևէ իրավասություն չունի։ Հիշեցնենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին են վերապահված   Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայաստանի հանրային ռադիոյի,  «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության », «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»  ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները։ Ինչ վերաբերում է Մարկ Գրիգորյանի հրաժարականի պահանջներին, ապա, հավաստիացվեց,որ որոշումը նրանն է եղել։ Ասել է, որ ճիշտն իր հրաժարականն է։

Ռուբեն Ջաղինյան 

Ռուբեն Ջաղինյանը, տեսականորեն, կարող է մրցույթի մասնակցել նաև 2 -րդ անգամ՝ կրկին 6 տարի ժամկետով։ Անդրադառնալով նրա վերաբերյալ  հարցին՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի անդամ Լևոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց․«Ես միայնակ կամ մի շարք այլ գործընկերներիս հետ կոչ եմ արել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ 5 հոգուն ամբողջությամբ հրաժարական տալ, մեզ հնարավորություն տալ նոր խորհուրդ ձևավորելու, և եթե համարում են, որ  դեռ անելիքներ ունեն Հանրային հեռուստաընկերության խորհրդի կազմում, կարող են դիմել և մասնակցել։ Ակնհայտորեն Հանրային հեռուստառադիոընկերության ողջ համակարգը անցած տարիների ընթացքում  շատ վատ  է սպասարկել հանրային պահանջը, ավելի շատ եղել է իշխանության խոսափող, Բաղրամյան 26-ի գործակատար,հանրությանը ապատեղեկացնող, քարոզչական,  պրոպագանդայի, ագիտացիոն մեքենա, քան Հանրային հեռուստաընկերություն։

Այս իմաստով շատ կարևոր է, որ Հանրային հեռուստադիոընկերության խորհուրդն իր մեղքը գիտակցի, հայտարարի, որ իրենք  սխալվել են և հրաժարական տան։ Բայց, ինչքան նկատում եմ, իրենք այդ քաղաքական կամքը չունեն և սպասում ենք հիմա ժամանակը լրանալուն։ Անկախ մեղքերը ընդունել-չընդունելու հանգամանքի, տեղի է ունեցած հեղափոխության, և ակնհայտորեն, մարտահրավերների հիմքում էդ խորհուրդն ամբողջությամբ կարող է միանալ պարոն Ջաղինյանին, իր հետ հրաժարական տա, նոր խորհուրդ ձևավորվի » ։ Իսկ ինչ կլինի, եթե Ռուբեն Ջաղինյանը երկրորդ անգամ առաջադրվի։  Լևոն Բարսեղյանն ասաց՝թող փորձի, ինչ է եղել, մրցույթ է լինելու իր իրավունքն է։