Ինչքան օպերատիվ ինֆորմացիա գիտեմ, անկեղծանամ դատարանում, որպեսզի հոգով հավասա՞ր լինենք․ դատախազ

Ինչքան օպերատիվ ինֆորմացիա գիտեմ,  անկեղծանամ դատարանում, որպեսզի հոգով հավասա՞ր լինենք․ դատախազ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ դատական նիստը։

Նախորդ դատական նիստին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր իրենց տրամադրել այս գործով առկա բոլոր նյութերը։ 
Այսօրվա նիստին շարունակվեց միջնորդության քննությունը, այս դեպքում դրա վերաբերյալ առարկություն ներկայացրեց մեղադրանքի կողմը։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն իր խոսքում նշեց․ «Պաշտպանության կողմի փաստարկների այն մասի հետ, որտեղ ներկայացվում է պաշտպանության իրավունքի եւ կողմերի հավասարության կարեւորությունը, ամբողջությամբ կարելի է համաձայնել։ Դրանք կան՝ անկախ նրանից, թե ով է դա ներկայացնում։ Կողմերի հավասարությունը նշանակում է, որ չի կարող նրանցից մեկն ունենալ վարույթում իր դիրքորոշումը ներկայացնելու միջոց, որին չտիրապետի մյուս կողմը, չկարողանա արտահայտել իր դիրքորոշումը։ Հավասարությունը փորձում են տարածել սույն վարույթից դուրս, փորձ է արվում տեղեկություններ ունենալ մի քրգործի վերաբերյալ, որը քննվում է այլ մեղադրյալների նկատմամբ, որի քննութան ուղղությունն առանձնահատուկ է, ունի ապացուցման ինքնուրույն առարկա, եւ սույն գործի հանգուցալուծման վրա չեն ազդում։ Մենք որեւէ փաստարկ չենք ներկայացրել, որը չկա քրեական գործում»։

Մեղադրողը նաեւ նշեց, որ եթե օգտագործեն որեւէ փաստարկ, որը չի լինի մատչելի պաշտպանության կողմի համար, ապա ի սկզբանե ասում է՝ գործ կունենան անհավասար զենքերով կողմերի հետ։ «Մենք մեղադրանքը պաշտպանում ենք այս գործի նյութերով։ Մենք այս ապացույցներով ենք դատարանից ակնկալում կայացնել դատական ակտ, այդ ապացույցները տրված են պաշտպանական կողմին։ Հաջորդիվ պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացնելու, որ ես ինչքան օպերատիվ ինֆորմացիա գիտեմ, անկեղծանամ դատարանում, որպեսզի հոգով հավաս՞ր լինենք։ Ներկայացված միջնորդությունը հիմնավոր չէ եւ ենթակա է մերժման»։

Հիշեցնենք, որ Կարեն Մեժլումյանն իր միջնորդության մեջ նշել էր, որ եթե պաշտպանության կողմին տրամադրվեն նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը, իրենք կգտնեն այն ապացույցները, որոնցով կկարողանան արդարացնել իրենց պաշտպանյալներին: