Ինչպես սխալվեցինք

Ինչպես սխալվեցինք

Շատ քիչ մարդիկ, այդ թվում՝ ես, դեռեւս 2018-ի ամռանը հասկանում էինք, որ մենք ազգովին մի մեծ ավանտյուրա ենք նախաձեռնել, որի հաջողելու հավանականությունը մոտ է զրոյին։ Իհարկե, համընդհանուր էյֆորիայի եւ «Սերժին մերժելու» ֆոնին սթափության կոչերը ոչ միայն չէին լսվում, այլեւ նման կոչեր անողներս դառնում էինք թիրախ ոգեւորված ամբոխի եւ Նիկոլ Փաշինյանի անփորձ թիմին իշխանության բերողների համար։ Բայց մենք չէինք լռում՝ գրում էինք, ահազանգում էինք, զգուշացնում էինք։ Պարզապես՝ մեզնից անգամ ամենահոռետեսները չէին կարող կանխատեսել այն ավերմունքն ու աղետը, որ կարող էր մեր երկրի գլխին բերել երիտասարդ հեղափոխականների թիմը՝ իր առաջնորդի գլխավորությամբ։

Թեեւ, խոստովանեմ՝ 18-ի հեղափոխությունից հետո մի քանի ամիս դեռ ինչ-որ հույսեր, այնուամենայնիվ, փայփայում էինք՝ հուսալով, որ երիտասարդներն ընդունակ կլինեն եւ կլծվեն իրենց կրթության ու փորձի պակասը լրացնելուն։ Աշխատասեր կլինեն եւ օրնիբուն կաշխատեն՝ փորձելով աշխատեցնել իրենց վստահված ոլորտներն ու չձախողել երկրի կառավարումը։ Խելացի ու խոհեմ կլինեն՝ կառավարման գործին ընդգրկելով բոլորին, այդ թվում՝ նախկիններին, որոնք մեծ փորձ ու գիտելիք են կուտակել նախորդ տարիներին եւ գոնե առաջին շրջանում պատրաստ էին ծառայել երկրին ու համագործակցել նոր իշխանությունների հետ։ Նաեւ հավատարիմ կլինեն սիրո եւ համերաշխության կարգախոսներին ու կընթանան համընդհանուր համախմբման, ազգը միավորելու, հանուն պետության կայացման՝ սփյուռք-հայրենիք, հներ-նորեր, տարեցներ-երիտասարդներ անջրպետները քանդելու ճանապարհով։ Սխալվեցինք։ Պարզվեց՝ բոլոր այդ կետերով ճիշտ հակառակն են անելու՝ արագ մեծամտանալու են, ոչինչ չեն սովորելու, հանրությանը պառակտելու են եւ երկիրը տանեն կործանման։