Ինչու՞ պինցետով, աքցանո՜վ հանեք․․․

Ինչու՞ պինցետով, աքցանո՜վ հանեք․․․

Հոգեբանական հզոր միջոց է, որով սկզբից ևեթ առաջնորդվել է Նիկոլ Փաշինյանը՝ ատելությունը, չարությունը ձեռն առնել սիրո անվան տակ  որպես գավազան  ու ճանապարհ հարթել։ Կրակի պես բորբոքել մարդկանց ատելությունը և․․․ երբ կրակը բարձրանա․․․ էլ խնդիր չկա։ Կրակի ճարակ կդառնա այն, ինչ ուզում է ինքը։ Այդպես էլ եղավ։ Հիշենք իշխանության գալու և ատելության կրակով բորբոքելու ու դիմակայող յուրաքանչյուրի  այրելով ատելության կրակում, ճանապարհ հարթեց։ Կրակի, այն էլ ատելության կրակի ճարակին ամեն ինչ հեշտ է հանձնվում։

Ու հիմա, երբ ամեն ինչ մոխրացել, ամայացել, փոշիացել է, մոխրակույտի ատելության կայծերից նորից կրակ է ուզում բորբոքել՝ դեռ ճանապարհ կա անցնելու․․․ Ու դա առանց ատելության կրակի չի կարող հարթել։ Այսօր կառավարության նիստում նրա ասած բառերը հենց այնպես չէին․ «Մենք այս քաղաքականությունը տանելու ենք առաջ՝ թույլ չտալով ՀՀ կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության, կամ տանել մտցնել տգիտության փակուղի: Մեր քաղաքականությունը լինելու է սկզբունքային այս առումով: Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակների մասին, այդպիսի ուժեր կան նաև կառավարության մեջ և մենք պետք է հատ-հատ հետևողականորեն արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառավարաման համակարգից, մինչև վերջին մանրուքը՝ ընդհուպ պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա այդ բացիլից»։

Նորից դիմել է հին զենքին՝ նախկինները, կոռուպցիոն համակարգը։ Ատելության կրակը խառնում է նորից։ Ոտքի, ժողովուրդ, ոտքի, որ վերացնենք այն, ինչ դժվար է առանց ատելության կրակի մոխրացնել։ Հինը խանգարում է, բորբոքվեք ու արժեքների վրա գրոհեք։ Հետադիմության, տգիտության փակուղի է մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ, տարեցների կենտրոններ պահելը։ Դրանք պետք է լուծարվեն։ 

Եթե սկսել են վերջից՝ լուծարել մանկատները, գիշերօթիկ դպրոցները, տարեցների կենտրոնները, դա նշանակում է ստամբուլյան հրեշի պոչից են սկսել, որ գլուխը ամբողջությամբ չերևա։ Հետո կլինի այն, ինչպես շատ բաներ եղան, որոնց չէինք սպասում՝ ականջներն էինք միայն տեսնում։ Բազմածալք, ծալաշատ, բյուրածալ  զգեստը  բացում են աստիճանաբար։ Բացում են ատելության կրակը բորբոքելով,   կրկին կուրացնելով ատելության կրակով։ Եթե առաջ կրակի էին մատնում «Մերժիր Սերժին» գրոհով, հիմա գրոհում են բոլորի վրա, ով իրենց հայացքները չի կիսում, ով դեմ է այն բանին, ինչ Փաշինյանն է անում․ «արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառավարաման համակարգից, մինչև վերջին մանրուքը՝ ընդհուպ պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա այդ բացիլից»։ Մոռացե՞լ եք, թե ինչի շուրջ էիք մարդկանց հավաքել ու ինչի համար։

․․․ Ու մեկ էլ՝ ինչու՞ եք պինցետով հանում, բառն անգամ քնքշություն է արտահայտում՝ пинцет < ֆր. pincette] նրբունելի , աքցանով հանեք, աքցանո՜վ․․․ Մեխահան, ատամնահան արեք․․․  Այդպես արմատահան կանեք նաև պետական կառավարման ողջ համակարգը։ Կազատվեք և աչքից և աչքացավից։