ՄԻՊ գրասենյակում նոր նշանակումներ են արվել

ՄԻՊ գրասենյակում նոր նշանակումներ են արվել

Քրիստինե Գրիգորյանի կադրերից ազատվելուց հետո նոր ՄԻՊ Անահիտ Մանասյանը նշանակումներ է արել։ Մենք գրել էինք, որ Մանասյանի գալուց հետո աշխատանքից ազատվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, պաշտպանի 3 օգնական, մեկ խորհրդական և դեպարտամենտի մեկ ղեկավար:

Աշխատանքից սեփական դիմումի հիման վրա հեռացած դեպարտամենտի ղեկավարը Զինված ուժերում և քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանն էր: ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ նրա փոխարեն նշանակվել է Արամ Մինասյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վարչության պետի պաշտոնը։ Մանասյանն իր խորհրդական է նշանակել Ժաննա Հակոբյանին, իսկ օգնական՝ Անահիտ Պողոսյանին։ Ժաննա Հակոբյանը 27 տարեկան է, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, աշխատել Արդարադատության ակադեմիայում, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, հավանաբար Անահիտ Մանասյանի ուսանողուհիներից է։ Անահիտ Պողոսյանի մասին որևէ տեղեկություն գտնել մեզ չհաջողվեց, ՄԻՊ աշխատակազմից ասացին,  որ Անահիտ Պողոսյանի ով լինելու մասին կարող են ասել միայն նրա համաձայնության պարագայում։

Սա միանգամայն նոր պրակտիկա է` երբ պաշտոնյայի մասին կենսագրական տեղեկություններն էլ են անձնական տվյալ համարում եւ գաղտնի պահում: Հաջորդ քայլը լինելու է այն, որ պաշտոնյայի անունն էլ չասեն, որ հանրությունը չիմանա, թե ում են նշանակել եւ ինչով է նա զբաղված` հանրային միջոցներից բարձր աշխատավարձի դիմաց: