Վարչապետի աթոռից կառչած անձը՝ ընդդեմ ընդդիմադիր Նիկոլի

Վարչապետի աթոռից կառչած անձը՝ ընդդեմ ընդդիմադիր Նիկոլի

Հերթական ասուլիսին եւս ՀՀ վարչապետի աթոռից կառչած Նիկոլը չդավաճանեց ինքն իրեն: Եվ, բնականաբար, երբեք էլ չի դավաճանի, քանի որ դա իր համար պաշտոնի խնդիր կառաջացնի: Որովհետեւ դավաճանելու դեպքում մարդիկ կարող էին հանկարծ գիտակցել, որ «թագավորը մերկ է»: Իսկ չդավաճանելն էլ նշանակում է, ինչպես միշտ, որ ինքն օգտագործելու է խոսքային ձեռնածությունը: Ինչն էլ դրսեւորվեց բազմաթիվ հարցերի պատասխաններում: Երեքուկես ժամ տեւած ասուլիսում դժվար թե գտնվի գեթ մեկ հարց, որի պատասխանը կհամապատասխաներ իրականությանը: Իսկ եթե վերհիշենք ընդդիմադիր խմբագիր կամ քաղաքական գործիչ Նիկոլին, ապա՝ նրա հայացքներին ու ընկալումներին: Ու, զավեշտի կանոնի համաձայն, ինքը ստացավ հենց այնպիսի հարց, որով անմիջականորեն դրսեւորվեց վերը նշված երեւույթը: 

«168 ժամ» թերթի եւ լրատվական կայքի լրագրող Զվարթ Խաչատրյանը սկզբում ներկայացրեց 2009-ին բանտում իր գտնվելու պահին իշխանությունից հրաժարվելու խորհուրդը՝ ուղղված Վրաստանի այն ժամանակվա նախագահ Սահակաշվիլուն: Ի դեպ, այսօր այդ խորհրդի տակ կարող են հանգիստ ստորագրել բոլոր ադեկվատ հայաստանցիները: Եվ ոչ միայն այսօր, այլեւ սրանից երեքուկես տարի առաջ: Իսկ խորհրդի իմաստն էլ հետեւյալն էր. 2008 թվականի օգոստոսի հնգօրյա պատերազմի պարտությունից հետո Սահակաշվիլին հրաժարական չներկայացրեց: Եվ դրանից մեկ տարի անց բանտում գտնվող Փաշինյանը խորհուրդ էր տալիս Սահակաշվիլուն՝ իր վրա վերցնել պարտության մեղքի պատասխանատվությունն ու հրաժարական ներկայացնել: Եվ այն հիմնավորում էր երիցս ճիշտ այն դատողությամբ, որ դրանով վերջինս Վրաստանը կազատեր պատասխանատվությունից՝ նոր ղեկավարին ընձեռելով գործելու ազատություն: 

Սահակաշվիլին, բնականաբար, չհետեւեց բանտում գտնվող Նիկոլի խորհրդին: Հետո, իհարկե, զրկվեց իշխանությունից, իսկ այնուհետեւ՝ նաեւ ազատությունից: Ու այսօր ինքն է բանտից խորհուրդ տալիս Նիկոլին: Բայց ասեմ, որ ավելի լավ է, եթե ինքն իր խորհուրդը պահեր իրեն: Ինչեւէ, կյանքն այնպես դասավորվեց, որ հենց իր տված խորհրդի կարիքը զգաց Նիկոլը 12 տարի անց: Երբ 44-օրյայի խայտառակ պարտությունից հետո՝ 2021-ի մայիսին հրաժարական ներկայացրեց, սակայն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում մեկ ամիս անց մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ինչով էլ խուսափեց, հենց իր նամակի բառերով ասած, պարտության պատասխանատվությունն ու մեղքը միայն իր վրա վերցնելուց: Ու այն կիսեց հանրապետության ու ժողովրդի հետ՝ մեզ գցելով այն վիճակը, որում գտնվում ենք այսօր: 

Ինչ մնում է Զվարթ Խաչատրյանի հարցի պատասխանին, ապա պետք է հնչեր փաշինյանական հերթական մանիպուլյացիան, ու դա տեղի ունեցավ: Այն է՝ ինքն իրականացրել է Սահակաշվիլուն իր գրածի մեծ մասը: Այստեղ է, որ պետք է ասվեր. դուք պետք է անեիք ընդամենը մեկ բան՝ հրաժարվեիք պաշտոնից ու այլեւս չմասնակցեիք արտահերթ ընտրությանը: Դժբախտաբար, ասուլիսի ժամանակ լրագրողը նման իրավունք չունի, եւ դա չհնչեց: Իսկ քանի որ Նիկոլը խոսում էր ոչ թե գրագետ անձանց, այլ կիսագրագետ պողոսների համար, ապա նրանց մոտ նման միտք չէր ծագի: Ու ճիշտ տեղում ներկայացված ուղերձն ու հնչեցված հարցը դժվար թե ազդեցություն ունենան միջին վիճակագրական հայաստանցու մտածողության վրա: