Քրեածին «ժողովրդավարություն»

Քրեածին «ժողովրդավարություն»

Եթե ​​պիեսի սկզբում պատից հրացան է կախված, ապա պիեսի ավարտին այն պետք է կրակի:
Հոդվածի բնաբանը վերցված է ռուս գրող Ա. Պ. Չեխովի (1860-1904) նամակներից մեկից:  Դրա բնօրինակը մի փոքր այլ ձևակերպում ունի, սակայն իմաստը պահպանված է: Ի՞նչ կապ ունի 19-րդ դարավերջին Ռուսաստանում արտահայտված միտքը մեր օրերի Հայաստանի հետ: Պատասխանեմ՝ անմիջական: Հիշեցնեմ՝ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո ինչ-որ խմբեր էին անընդհատ այցելում Կոնդի «դաչաներ»: Ենթադրաբար, այնտեղ կազմավորումներ էին ստեղծվում, բնականաբար, անօրինական, և հեռանում էին ծառայություն իրականացնող ոստիկանների աչքի առաջ: Այսօր ես կարող եմ, չէ՞, ենթադրել, որ ապարանցի մարդասպանը (կամ մարդասպանները) դրանցից մեկն է: Եթե Փաշինյան Նիկոլին հայհոյելու համար կարելի է մարդ սպանել, ապա ինչո՞ւ չի կարող սպանողը լինել Կոնդի «դաչաներ» այցելածներից մեկը: 

Իսկ այժմ հիշեցնեմ 2018 թվականի մայիսին վարչապետ կարգվելուց կարճ ժամանակ անց Փաշինյան Նիկոլի ջղային լայվերից մեկը: Նա խոսում էր, այսպես կոչված, «ժողովրդի իշխանության» պայմաններում հանցագործության անթույլատրելիության մասին: Դժվար է ասել, թե այդ պահին ինքը հավատում էր իր ասածին, թե ոչ: Բայց որ դա մարդկանց ոգևորում էր՝ կասկածից դուրս է: Խոսքի ենթատեքստն էլ ավելի քան ակնհայտ էր՝ հանցագործությունը նախկինների իշխանության բնորոշ երևույթ էր, և այն չպետք է տեղ գտնել իր ստեղծած «նոր» Հայաստանում: Որքան հիշում եմ, դրան հետևեց Տավուշում ապօրինի ծառահատման դեպքը, և դրանից ինքը գժվել էր: Չէ որ դա ևս նախկիններին բնորոշ երևույթ էր և չպետք է տեղի ունենար հատկապես իր փոքր հայրենիքում: Դրանով էր պայմանավորված արյան գետեր հոսեցնելու՝ ոստիկանապետին տրված հրահանգը: Սակայն այդ ամենից անցել էր երկու տարի, 2020-ի տարեվերջին իրադրությունը լրիվ այլ էր: Եվ «ժողովրդավարական» իշխանությունը ոչ թե պայքարում էր քրեածին երևույթների դեմ, այլ ինքն էր գեներացնում նման երևույթներ: Եվ, բնականաբար, այսօր էլ շարունակում է գեներացնել: Եվ այդպես կլինի անընդհատ, քանի դեռ Փաշինյան Նիկոլը վարչապետ կլինի: 

Իհարկե, ոմանք կարող են փորձել հերքել իմ ասածը և հիշեցնել, որ շատ վաղուց աչքի չի ընկել «հեղափոխության պահապաններ» կոչված քրեական խումբը: Նույն ձևով կարող են պասիվացված լինել Կոնդի «դաչաների» անօրինական խմբերը: Նման բան լինելը չեմ կարող հերքել, սակայն խմբերի մակարդակով պասիվ լինելը չի նշանակում, թե խմբերի անդամներն առանձին-առանձին չեն կարող դրսևորվել այս կամ այն քրեական «ռազբորկայում», ինչը և տեղի է ունեցել մեկ-երկու օր առաջ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում: Ինչ մնում է հասարակական կարգի պահպանության ծառայելուն կոչված ոստիկանությանը, ապա դրա ղեկավարությունն «անմիջապես միջոցներ է ձեռք առել». դեպքից հետո ընդամենը աշխատանքից ազատել է Ապարանի ոստիկանապետին:  

Ի դեպ, ոստիկանության ղեկավարությունը հերթական անգամ «փայլեց» Նիգավանի դեպքի կապակցությամբ: Սկզբում հայտարարվեց, թե կենցաղային հողի վրա որսորդական հրացանից ընդամենը մեկ կրակոց է եղել: Հաջոդ նախադասությունը («վիրավորվել է վեց (թե՞ յոթ` Վ. Ս.) մարդ») գրողը երևի չէր կարդացել նախորդ նախադասությունը: Կամ էլ հարբած է եղել, այլապես նման բան չէր գրի: Ինչևէ, հերթական անգամ բախվում ենք այն երևույթին, որ այդ ամենը կլիներ շատ խնդալու, եթե չլիներ ողբերգական: Ամեն դեպքում, պետք է ընդունենք, որ նիկոլական, այսպես կոչված, ժողովրդավարության պայմաններում իրավապահ այդ կառույցը շուրունակում է մարդկանց հայտնի կենդանու տեղ դնելու ավանդույթը: Հետո, իհարկե, մեկ կրակոցը փոխարինվել է կրակոցներով, սակայն Նիկոլին հայհոյելու պատճառով մարդ սպանելը մնացել է, ըստ ոստիկանության հաղորդագրության, կենցաղային վիճաբանության տիրույթում: Անկեղծ ասած, ես այդ բնութագրմանը նույնիսկ համաձայն եմ, քանի որ պառակտված հասարակության մեջ Նիկոլ հայհոյելը կամ Նիկոլ պաշտպանելը՝ մարդասպանությամբ ուղեկցված, պետք է դառնա հենց կենցաղային վիճաբանության առարկա: Ինչից ազատվելու համար՝ բացի Նիկոլին պաշտոնից հեռացնելուց, այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: