Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան Երեւանի սրտում ապօրինի շինարարություն է սկսել

Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան Երեւանի սրտում ապօրինի շինարարություն է սկսել

Երեւանի սրտում՝ Մոսկվոյան 8 հասցեի շենքի տանիքին շինարարություն է տեղի ունենում, որը, ըստ տեղեկությունների, ապօրինի է։ Հինգ հարկանի շենքի մի հատվածում շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Մեր այցելության պահին դրանք շարունակվում էին, աշխատողները տեսնելով, որ նկարահանում ենք, դադարեցրեցին այն եւ հեռացան։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս ապօրինի կառույցը Քննչական կոմիտեի պաշտոնյանեից մեկի համար է։ Դրա դեմը չեն առնում քաղաքապետարանում, քանի որ նպատակը  հետեւյալն է․ դեռեւս մայիսի 11-ին Կենտրոնի թաղապետարանում թաղապետի տեղակալ Արմեն Ազիզյանի կողմից աշխատակիցներից մեկին ծեծելու գործը կոծկել եւ «ջրել»։

Մենք չկարողացանք բարձրանալ վերեւ՝ հասկանալու ինչ նպատակային նշանակություն շինություն է կառուցվում, քանի որ շենքի դուռը փակ էր։ Իսկ բակում եղած մի քանի քաղաքացիներ հայտնեցին, թե իրենք այդ շենքից չեն եւ տեղյակ էլ չեն ինչ է կառուցում, ով է կառուցում։

Այս շինարարության վերաբերյալ մենք գրավոր հարցում ենք ուղարկել Երեւանի քաղաքապետարան, հարցման ընթացքի վերաբերյալ այսօր հայտնեցին, որ հարցումն ուղարկվել է Քաղաքաշինական բլոկ, պատասխան ստանալու դեպքում, կուղարկեն մեզ։