Ռուսամոլների եւ արեւմտամետների արանքում

Ռուսամոլների եւ արեւմտամետների արանքում

Հատկապես վերջին ամիսներին Արցախում կատարվածը, Արցախի ու արցախցիների ողբերգությունը, որի արմատները Հայաստանում են, ՀՀ ներկայիս վարչակազմի ապազգային քաղաքականության եւ ժողովրդի անտարբերության ու լուռ համաձայնության մեջ, լրջորեն հիասթափեցրել ու ապշեցրել են անգամ ռուսամետներին։ Ասում են՝ գոնե նրանք չպիտի այդպես վարվեին Արցախի հետ։ Դրանով ռուսները ոչ թե ՀՀ ղեկավարությանը, այլ արցախցիներին են դավաճանաբար պատժել։ Մի փոքրիկ լեռնաշխարհ, որ բազմաթիվ հերոսներ, մարշալներ ու գեներալներ է տվել Ռուսիային։ Ո՞ւր մնաց նրանց խաղաղապահական առաքելությունը եւ այլն։ Ռուսներն իրենք իրենց մասին հրաշալի խոսք ունեն՝ Умом Россию не понять. Դառը ճշմարտություն կա այս փոքրիկ նախադասության մեջ։ Իրոք, ռուսներին հասկանալն անհնարինի ոլորտից է, եւ դա իրենք եւս չեն թաքցնում։ Քաղաքագետ ընկերս դա այսպես է բացատրում. «Իրականում Ստալինի մահից հետո ռուսական գործողություններում երբեւէ տրամաբանություն չի եղել, սկսած Հունգարիա ներխուժումից, վերջացրած Աֆղանստանով ու Սովետի կործանումով։ Ապա՝ Չեչնիայով ու ներկայում տարվող ներքին ու արտաքին իդիոտիզմով: Շատ հնարավոր է, որ ռուսական կառավարման ներսում դրված է ինքնակործան մի մեխանիզմ, որը դանդաղ մահվան է մղում այդ երկիրը: Ու ոնց առաջին համաշխարհայինում իրենց վարի գնալը մեր մարմնի վրայով էր, հիմա էլ նույնին են գնում: Գուցե իրենց թվում է, թե մեզ վարի տալով, իրենք կփրկվեն: Չգիտեմ, չեմ կարող դա բացատրել»։

Թուրքիայում ատոմակայան կառուցելը, նրանց հզոր զինատեսակներ տրամադրելը շատերին ենթադրել են տալիս, որ Ռուսաստանի ղեկավարությունը դավաճանների ձեռքին է, եւ նրանք թշնամուն վաճառում են ռուսական զենքն ու ռազմականը հենց Ռուսաստանը կործանելու համար: Էլ չենք խոսում հեռուստատեսային թոք-շոուների մասին, որոնք գերազանցապես ղեկավարում ու անցկացնում են հրեական ծագում ունեցողները։ Քաղաքագետ ընկերս կարծում է, որ մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը, ռուսները մտահղացել էին դիվային պատերազմ Հայաստանի տարածքի վրա․ ադրբեջանցիներն առաջ են շարժվում եւ երբ արդեն մտնում են Հայաստանի տարածք ու գրավում Զանգեզուրը, մեջտեղ են գալիս ռուսները, զորք մտցնում Արարատյան դաշտ, սարքում էքսկլավային տարածք ու Հայաստանը վերածում ռազմական հենակետի, որը միջազգայնորեն կձեւակերպվեր բոլորովին այլ սկզբունքներով ու իրավունքներով: Այսօր դժվար է գուշակել՝ իրո՞ք այդպես կլիներ, թե՞...

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր առաջին հերթին գործում է իր ազգային, պետական շահերի հաշվառումով, իսկ Ռուսաստանի պարագայում անհնար է գուշակություններ անել։ Այդ թվում՝ Հայաստանի, Արցախի մասին կարծիք հայտնելիս կամ վերլուծություններ անելիս բոլոր երկրներն առաջնորդվում են իրենց պետական ու ազգային շահերով։ Միայն հայերս ենք, որ թքած ունենք պետական ու ազգային շահի վրա, փոխարենը մեզանում դավաճանությունը, քաղաքական ստահակությունը համարվում են եկամտաբեր մասնագիտություններ։ Սակայն այլ բան եմ ուզում ասել։
Այս երեք տասնամյակում չեմ հանդիպել արեւմտյան որեւէ քաղաքագետի, վերլուծաբանի անաչառ ու ճշմարիտ խոսքի` Հայաստանի, ներառյալ արցախյան խնդրի մասին։ Բայց ահա, չնայած Պուտինն ու նրա խաղաղապահներն Արցախի ու արցախցիների հետ վարվեցին ամենաստոր ձեւով, մեղմ ասած՝ տականքի պես, ռուսաստանյան քաղաքագետների ու վերլուծաբանների մոտ հաճախ եմ հանդիպել մեր մասին ճշմարիտ, ոչ խեղաթյուրված վերլուծությունների, որոնցում չեն խուսափել ներկայացնել Ռուսաստանի մեղքը։ Բարեբախտաբար, վերջիններիս մեջ գոնե մեզ ճանաչողներ եւ անկեղծ բարեկամներ կան։ Սա իմիջիայլոց եմ ասում։ Ամենեւին կապ չունի մեր փրկության հետ։

Ինքներս պիտի մեզ փրկենք, չնայած դրա նշույլներն անգամ այսօր չկան։ Բոլորս անվրդով նստած ենք մի նավում, որն անշեղորեն սլանում է դեպի կործանում։ Գիտեմ, որ այս հոդվածս էլ են փշերով ընդունելու։ Արեւմտամոլներն ինձ մեղադրելու են ռուսամետության մեջ, մոլի ռուսամոլներն ինձ մեղադրելու են իրենց պաշտելի Պուտինին ու Ռուսաստանի գործողությունները քննադատելու համար։ Ու դա ամենեւին զարմանալի չէ ինձ համար։ Ասելիքս եզրափակեմ նորից քաղաքագետ ընկերոջս խոսքով. «Ռուսամոլները սովից, անճարակությունից ու տգիտությունից դրդված են ռուսամոլ, արեւմտամոլներն էլ՝ ատելությունից՝ հանդեպ ռուսը: Ցավն այն է, որ արանքում հայը չկա, հայկական շահի գիտակցումը չկա»։

Վարդգես Օվյան