Ինչ կլինի, եթե Թայվանի համար պատերազմ սկսվի

Ինչ կլինի, եթե Թայվանի համար պատերազմ սկսվի

Եթե Թայվանի համար պատերազմ սկսվի, ապա դա մարդկության վրա այնքան թանկ կնստի, եւ մարդկային ու նյութական ռեսուրսների այնպիսի չափերի հասնող կորուստ կլինի, որ նույնիսկ նրանք, ովքեր շատ դժգոհ են Թայվանի խնդրի ներկայիս վիճակից, խիստ կզջան, որ չեն գնահատել այս հարաբերական խաղաղ վիճակը: Եվ այս գիտակցումը թերեւս կստիպի, որ չգնան նման ռիսկի։ Այս մասին գրում է Bloomberg Economics-ը՝ ընդգծելով, որ Թայվանի համար պատերազմի միայն նյութական ծախսերն ու կորուստները կգերազանցեն 10 տրիլիոն դոլարը, որը համարժեք է համաշխարհային ՀՆԱ-ի 10 տոկոսին։ Վերջինիս համեմատ ուկրաինական հակամարտությունը կամ նույնիսկ կորոնավիրուսային համավարակը եւ գլոբալ ֆինանսական ճգնաժամը «մանկական խաղեր» կարող են թվալ։ Ըստ մասնագետների՝ ներկայում աճում է Չինաստանի ռազմական եւ տնտեսական հզորությունը։ Զուգահեռաբար՝ Թայվանում էլ ազգային ինքնության գիտակցությունն է ամրապնդվում։ Եթե սրան գումարենք նաեւ Պեկին-Վաշինգտոն ոչ այնքան պարզ հարաբերությունները, ապա հակամարտության համար բոլոր նախադրյալները կարծես թե ձեւավորվում են։

Թայվանում հունվարի 13-ին տեղի են ունենալու ընտրություններ, եւ սա եւս ազդակ կարող է դառնալ, որ թայվանյան հիմնախնդիրը դառնա «թեժ հակամարտություն»։ Պատահական չէ, նկատում են վերլուծաբանները, որ բոլոր նրանք, ովքեր օգտվում են թայվանյան կիսահաղորդիչներից, ներկայում փորձում են այլընտրանքներ գտնել եւ իրենց ապահովագրել։ Նույնիսկ որոշ սցենարների մասին քննարկումներ են սկսել շրջանառվել, թե ինչպես Չինաստանը կորոշի վերանվաճել Թայվանը՝ ծովային «կարանտին» հայտարարելով կամ թե առանձին փոքր կղզիներ գրավելուց հետո բուն Թայվանի վրա հարձակվելով։ Անկախ այն բանից, թե որ սցենարը կգործարկվի, պարզ է մի բան, որ պատերազմի դեպքում Թայվանի տնտեսությունը պարզապես կոչնչանա։ Դա կբերի թայվանյան ՀՆԱ-ի 40 տոկոսի անկման։ Չինաստանի դեպքում ՀՆԱ անկումը կկազմի 16,7 տոկոս։ ԱՄՆ-ն, որը, բնականաբար, նույնպես ներքաշված է լինելու այդ պատերազմում, կկորցնի իր ՀՆԱ-ի 6,7 տոկոսը։ Համաշխարհային ՀՆԱ-ն կունենա 10,2 տոկոսանոց անկում, եւ հատկապես կտուժեն Ճապոնիան ու Հարավային Կորեան, ինչպես նաեւ՝ Արեւելյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրներ։