Սատանայի հետ էլ է պետք համագործակցել, որ ռազմական բալանսը վերականգնվի

Սատանայի հետ էլ է պետք համագործակցել, որ ռազմական բալանսը վերականգնվի

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ եվրոպացի դիտորդների առկայությունը Հայաստանում կայունության եւ խաղաղության հաստատման ճանապարհին կարեւորագույն ազդեցության գործոն է։
Մենք քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ հարցազրույցում փորձեցինք հասկանալ, թե որքանով է դա այդպես, եւ արդյո՞ք Եվրոպան կամ հավաքական Արեւմուտքն իսկապես կարող են խաղաղության հաստատման գործոն դառնալ մեր տարածաշրջանում։

- Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ եվրոպացի դիտորդները խաղաղություն ու կայունություն են հաստատում այստեղ, բայց արդեն մեկ տարի է, ինչ եվրոպացի դիտորդները Հայաստանում են, եւ այս ընթացքում նորից բախումներ, զոհեր ենք ունեցել։ Իսկապե՞ս այդպես է, թե՞ Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու ճանապարհին հերթական անհիմն ու անբովանդակ հայտարարությունն է սա։

- Եթե զուտ ռացիոնալ հաշվարկի տեսանկյունից նայենք, թե որքանով է դա երաշխավորում կայունություն եւ խաղաղություն, այդտեղ, իհարկե, կարող են տարբեր մեկնաբանություններ անել` որ ես այսպես եմ հասկանում, կայունությունն այնպես եմ հասկանում եւ այլն։ Կարելի է Եվրոպական Միության առաքելության ներկայությունը դիտարկել որպես բաղադրիչներից մեկը, բայց ոչ երաշխիք, ինչու՝ որովհետեւ նրանց՝ այստեղ լինելու ընթացքում եւս եղել են ներխուժումներ Հայաստանի տարածք, եւ եղել են նաեւ միջադեպեր։ Չմոռանանք Սոթքը, չմոռանանք, թե Սյունիքում ինչ տեղի ունեցավ։ Այսինքն՝ իրենց առկայությունը գուցե այլ բաղադրիչների հետ համադրված ինչ-որ դրական էֆեկտ տալիս է, բայց որ որոշիչ լինի, եւ դա անվանենք երաշխիք՝ ոչ, դա երաշխիք չէ։ Դա ինքնին ոչ մի բան է։ Մենք տեսնում ենք, որ ինչ-որ իրավիճակներում Ադրբեջանն անգամ կարող է դիտորդների ներկայությամբ էլ, դիտորդների առկայության պայմաններում էլ դիմել ռազմական գործողությունների։ Գուցե դիտորդների առկայությունը սահմանի տվյալ հատվածում երաշխավորում է, որ սահմանի հենց այդ հատվածում գործողություն չի լինի, բայց որ գործողություններն ընդհանրապես բացառվեն՝ ոչ։

- Այսինքն ստացվում է, որ այս իշխանությունները փորձում են անվտանգային երաշխիք ներկայացնել դիտորդների ֆիզիկական ներկայությունը, այնինչ նրանց ֆունկցիաների մեջ մտնում է միայն մշտադիտարկումը։ Ճի՞շտ եմ հասկանում։

- Շատ ճիշտ է, մշտադիտարկում իրականացնելը նրանց առավելագույն գործառույթն է, որ կարող են իրականացնել` ունեն մանդատ։ Այլ գործողություններ իրականացնելու, կողմերի միջեւ ինչ-որ կանխարգելիչ գործողություններ անելու եւ այլնի իրավասություններ չունեն, հետեւաբար՝ դիտորդական առաքելությունը ներկայացնել կայունության կամ խաղաղության երաշխիք՝ դա հիմնավոր չէ: Առնվազն հիմնավոր չէ, եթե չասենք` չափազանցություն է։ Գուցե սա ծառայում է ինչ-որ քաղաքական խոսույթի, ինչ-որ նարատիվների, բայց իրականության մեջ դա հակառակն է, մենք կարող ենք նկատել, որ դիտորդների՝ այստեղ առկայությունն արտաքին քաղաքական ճակատում ինչ-որ լարվածություններ է մտցրել, բայց թե որքանով է նա իր, այսպես կոչված, կայունություն, խաղաղություն հաստատելու գործառույթին ծառայել՝ դա մի քիչ երաշխիք չէ։ Ի՞նչ կլիներ, եթե դիտորդները չլինեին․ ավելի հաճախակի՞ կլինեին միջադեպեր, թե՞ չէ՝ դա հաստատ չենք կարող ասել։ Ամեն դեպքում, պետք է ընդունել, որ դիտորդների առկայությունն ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակահատված, ինչ-որ կոնկրետ սահմանի հատվածում զսպիչ նշանակություն կամ զգաստացնող նշանակություն ունենում է, բայց որ տոտալ այն բացառի ընդհանրապես որեւիցե գործողություն Ադրբեջանի կողմից՝ ոչ։

- Դիտորդների առկայության դեմ բացահայտ արտահայտվեց նաեւ Իրանի նախագահը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ Ստացվում է, որ դիտորդները մեր տարածաշրջանում նաեւ նոր խնդիրների գեներացման աղբյո՞ւր են դառնում։

- Այո, երբ քիչ առաջ ասում էի, որ արտաքին քաղաքական ոլորտում լարվածություն էր առաջացրել, հենց դա նկատի ունեի։ Տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողների կողմից միանշանակ չի ընդունվում Եվրոպական Միության խաղաղապահ առաքելության առկայությունը, այստեղ հարց է առաջանում՝ ո՞նց ենք մենք պատկերացնում «տարածաշրջանային խաղաղություն», «կայունություն» ասվածը։ Եթե մեր պատկերացմամբ, դա կոնկրետ ժամանակահատվածում, շատ կարճ ժամանակահատվածում ինչ-որ կոնկրետ, մանր գործողություններ են, դա այդպես չէ։ Կայունությունը ենթադրում է երկարաժամկետ կտրվածքով խնդրի դիտարկում, երկարաժամկետ եւ ոչ միայն: Խոսքը վերաբերում է ԵՄ-ի զորքերի առաքելության ժամկետներին՝ դրանք անընդհատ կերկարացվեն, այլ նաեւ՝ ինչ հավելյալ արժեք են դրանք ստեղծում, ապահովո՞ւմ են լիարժեք կայունություն, թե՞ ոչ։ Ավելին, այս պահին ԵՄ-ից ակնկալելը տրամաբանական չէ, բայց, ամեն դեպքում, չափազանցնել նրանց նշանակությունը՝ պետք չէ, չի կարելի, եւ եթե անգամ ընդունում ենք, որ այստեղ նրանք որոշակի դրական նշանակություն ունեն, չպետք է մոռանանք, որ հենց ինքնին առաքելության ներկայությունը լարվածություն է առաջացնում արտաքին քաղաքական հարցերում՝ կապված մեր հարեւան պետությունների հետ։

- Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ իրենք պետք է պաշտպանեն Հայաստանն Ադրբեջանից։ Զինատեսակներ մատակարարելու մասին են խոսում, հետո պարզվեց՝ մատակարարվող զենք-զինամթերքի առաջին չափաբաժինը պարզապես փոքրաթիվ զինուժն արագ տեղափոխելու համար նախատեսված զրահամեքենաներ են։ Այսպես Ադրբեջանին ավելի չե՞ն սադրում։

- Մի քիչ կոպիտ կհնչի, բայց պետք է ասեմ՝ եթե հնարավոր է շնից մազ պոկել, պետք է պոկել, հարցն այն է, թե դրա դիմաց ինչ ես վճարում, եւ դրա արժեքը հետագայում ինչ է լինելու։ Ադրբեջանը, միեւնույն է՝ գրգռվելու է՝ ինչ էլ անես։ Եթե չանես, նորից գրգռվելու է: Ի՞նչ եք կարծում, այն քաղաքականությունը` թշնամուն հանդարտեցնելուն ուղղված քաղաքականությունը, որ վարվում էր վերջին 4 տարում` զիջումներ, զիջումներ, նորից ու նորից գրգռում էր Ադրբեջանի ախորժակը։ Հիմա ինչ էլ անենք, նորից գրգռելու է, ամբողջ հարցն այն է, որ դու չանես գործողություններ, որ իր ախորժակը գրգռես, այսինքն` կանգնես ասես՝ արի, արի, ես այսինչ հարցերում զիջումների եմ գնում՝ դու կարող ես ինձ ճնշել, այլ դրա փոխարեն անես գործողություններ, որոնք գուցե Ադրբեջանի մոտ զայրույթ առաջացնեն, բայց դու պետք է հասկանաս, որ քո վերջնական նպատակը պետք է լինի ռազմական բալանսի վերականգնումը, թեկուզ ասիմետրիկ միջոցներով։ Ես չեմ կարող ասել, թե խմբաքանակը, որ հիմա են բերում կամ հետո կբերեն, որքանով է նպաստելու դրան, դա փակ ինֆորմացիա է, դրա էֆեկտը կամուլյատիվ գնահատելը հնարավոր չէ՝ տվյալներ են անհրաժեշտ ու ռազմական փորձագետներ՝ հաշվարկելու համար։ Եթե սատանայի հետ էլ պետք է համագործակցել, պետք է գնալ այդ քայլին։ Կայունության եւ խաղաղության վերականգնումը թեկուզ ասիմետրիկ կտրվածքով բալանսի վերականգնումն է։ Այստեղ ուրիշ հարցեր են առաջանում՝ ռազմատեխնիկական հարցեր` որքանո՞վ են դրսից բերվող այդ զինատեսակները բավարարում մեր կարիքները՝ զուտ քանակական տեսանկյունից, որքանո՞վ են դրանք մեկը մյուսի հետ համադրելի, ասենք՝ ֆրանսիականները մեր տեղական՝ ռուսականների, հնդկականների հետ։ Եվ նրանց ընդհանուր էֆեկտը որքանո՞վ է ապահովում կարճ ժամանակում այդ բալանսի վերականգնումը։ Թե չէ՝ Ֆրանսիայից ինչ բերեցին՝ կարեւոր չէ, թե որտեղից ես բերում, կարեւորը՝ բերել որակյալ ապրանք, որը կծառայի դրված նպատակներին եւ ոչ թե կլինի ինչ-որ ցուցադրական բան՝ շոու ապահովելու համար։